«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2003-10-09 | #184, 2003-10-10 | #185, 2003-10-11


ԼՈՌՎԱ ԿԱՐՄԻՐ «ԼԵՆՏԵՐՈՎ» ԱՇՈՒՆԸ

Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցելությունը բարձրաստիճան պատվիրակության հետ գրեթե ամբողջապես նորամուտային բովանդակություն ուներ։ Առաջին կայանատեղը Սպիտակ քաղաքն էր, որի Կենտրոն թաղամասում նորակառույց բնակելիների բացման արարողություն տեղի ունեցավ։ Վարդագույն, դեղնասպիտակ, կարմիր գուներանգների ուրախ ներդաշնակությամբ, ներքին հարդարանքի յուրաքանչյուր մանրամասը բծախնդրորեն մշակված այդ շենքերի նախագծի հեղինակները վերջերս պետական մրցանակի արժանացան։

Երեկ Սպիտակ քաղաքում 248 ընտանիքների համար բնակարանամուտ էր։ Անցած տարվա աշնանը ժամանակավոր տնակներից ու կացարաններից նորակառույցներ տեղափոխվեցին Սպիտակի 276 ընտանիքներ։ Գլխի վերեւ ամուր տանիք չունեցողների թիվը երկրաշարժից 14 տարի անց փոքր չէՙ 604 ընտանիք։ Ըստ քաղաքապետ Վանիկ Ասատրյանի, խիստ դժվար է եղել բնակարանների բաշխումը, քանի որ, ի վերջո, բոլորն էլ տուն ու տեղից զրկվել են նույն ժամանակ եւ նույն փորձանքի պատճառով։ Իրենք ղեկավարվել են կառավարության համապատասխան որոշմամբ, որը 15 կետով արտոնություններ է սահմանում նրանց համար, ովքեր առաջնահերթության իրավունք կարող են ստանալ հաշմանդամության, ընտանիքում 3-ից ավելի անչափահաս երեխաների առկայության եւ այլ չափորոշիչների համապատասխանության դեպքում։

Այժմ Սպիտակում «Ուրբան» ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկել է բնակարանային վկայագրերի (սերտիֆիկատների) ծրագիրը։ Այս ճանապարհով բնակարան ձեռք բերել ցանկացողների թիվը նույնպես փոքր չէՙ 280 ընտանիք ցուցակագրվել է բնակարան ստանալու համար։ Ընդհանրապես, քաղաքում «Լինսի» հիմնադրամի միջոցներով 2002-2003 թթ. ընթացքում կառուցվել է 529 բնակարան։

Հակառակ Սպիտակի, Վանաձորում բնակարանաշինական ծրագիրը հիմնականում ավարտվել է։ Այստեղ արդեն անցել են սպորտային ու մշակութային հաստատությունների կառուցմաննն ու վերակենդանացմանը։ Այստեղ ուրբաթ օրը նորամուտ էին տոնում արդեն Օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի դպրոցը եւ ատլետիկայի մարզադպրոցը։ Երկուսում էլ անվճար է լինելու ուսուցումը, եւ երկուսի առաքելությունն էլ մեծ է լինելուՙ անչափահասների դաստիարակության եւ նրանց փողոցից կտրելու ոչ պակաս կարեւոր հիմնախնդրի լուծումը։ Ըմբշամարտի դպրոցը կառուցվել է USAID-ի «Փրկեք երեխաներին» կազմակերպության, ատլետիկայի մարզադպրոցըՙ սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Պաշտոնական պատվիրակության կազմում էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը։ Անցած տարվա մայիսից USAID/PADCO կազմակերպության աջակցությամբ հիմնովին նորոգվեց նաեւ Վանաձորի «Սոցիալական ծառայությունների ինտեգրացման» կենտրոնը (ընդհանուր ծախսըՙ 61 մլն դրամ)։ Այստեղ իրականացվել է «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձնական ծրագիրը։ Դա նորույթ է ոչ միայն Հայաստանի, այլեւ եվրոպական շատ երկրների համար։ Սոցիալական տարաբնույթ ծառայությունների մեկ հարկի տակ կենտրոնացումը մարդկանց կազատի տարբեր կազմակերպություններից տարաբնույթ տեղեկանքներ ձեռք բերելու քաշքշուկներից, ինֆորմացիայի մուտքն ու հոսքը կվերահսկվի համակարգիչներով, եւ հենց ծառայության աշխատակիցները կազատվեն սոցիալական փաստաթղթերը տրանսպորտով մայրաքաղաք հասցնելու հոգսից։ Կառավարման նոր համակարգով կենտրոնն ապահովվել է տեղեկատվության փոխանակման համար անհրաժեշտ բոլոր ծառայություններով։ USAID-ն արդեն 100 հազար ԱՄՆ դոլար է ծախսել այդ ամենի համար։

Վանաձորի թիվ 24 մանկապարտեզը եւ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը երկրաշարժից մեծապես տուժած կառույցների թվում են, որոնց, այնուամենայնիվ, բախտ վիճակվեց լիովին նորոգվել ու ամրացվել։ Մշակույթի պալատի վերագործարկման համար «Լինսի» հիմնադրամը հատկացրել է 310 մլն դրամ, գնվել է 137,5 մլն դրամի գույք։

Այցելությունները նախագահը եզրափակեց մամլո ասուլիսովՙ փորձելով հանրագումարի բերել մինչ այժմ արվածն ու չարվածը, անելիքն ու անհնարինը։ Նա ընդգծեց, որ Լոռու մարզում դրական իրողություններ են արձանագրվել ոչ միայն շինարարության ասպարեզում։ Նկատելի աշխուժացել է նաեւ փոքր ու միջին բիզնեսը։ Անցած 9 ամիսներին մեկուկես անգամ ավելի շատ նոր հողահատկացումների դիմումներ են ստացվել, քան անցած ողջ տարվա ընթացքում։

Նախագահը նկատեց, որ բուռն շինարարության ընթացքում ակամա հետին պլան մղվեցին գույքագրման խնդիրները, հստակ չէ, ի՞նչն է ամբողջապես արվել, եւ ի՞նչն է դեռ թերի։ «Այնուամենայնիվ, մենք պարզելու ենք, թե ի՞նչ ռեզերվներ ունենք, ի՞նչ չկատարած պարտավորություններ քաղաքացիների հանդեպ, եւ անպայման լրացնելու ենք դրանք», խոստացավ նա։

«Լինսի» ծրագրի շարունակությանՙ երկրորդ փուլի մասին Ռ. Քոչարյանը չուզեց կանխագուշակումներ անելՙ «Այդ ծրագրի հեղինակները մենք չենք, թե ինչ որոշում են կայացնելու, իրենց խնդիրն է։ Բայց գոհ ենք այս տարիների համագործակցությունից, եւ աշխատել ենք այնպես անել, որ ֆինանսավորողներն էլ գոհ մնան»։

Անդրադառնալով մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ճակատագրին, ՀՀ նախագահը չհաջողված խոստում համարեց Վանաձորի քիմկոմբինատի վերագործարկումը, քանի որ դեռ «չի գտնվում այն գործընկերը, որը կարող է աշխատեցնել այդ հսկան»։

Վանաձորցի լրագրողները նախագահի ուշադրությունը սեւեռեցին քաղաքի բնապահպանական խնդիրների վրա։ Նրանց հավաստմամբ, հատկապես վերջին տարում վայրագաբար հատվում են Վանաձորի անտառներըՙ բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով։ Նախարարական իրավասուներին իրենց ահազանգերը մնում են իբրեւ դատարկ արտաբերումներ։ ՀՀ նախագահը պատասխանեց, որ ընդհանրապես անտառահատումների խնդիրն այժմ ակտիվորեն քննարկվում է։ Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ անտառների ե՛ւ կառավարման, ե՛ւ վերահսկման ծառայությունները պատկանում են նույն կառույցին եւ, բնականաբար, վերահսկողական օղակից արդյունավետ աշխատանք դժվար է ակնկալել։ Անտառների կառավարման մեխանիզմը վերանայելու խիստ կարիք կա, հակառակ դեպքում անտառային տարածքների աղետալի կրճատումը կարող է հանգեցնել ոչ պակաս վտանգավոր մեկ այլ աղետիՙ սողքերի արթնացմանը, որոնց առաջն առնել ոչ մի հիմնադրամի օգնությամբ հնարավոր չի լինի։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4