«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2003-10-09 | #184, 2003-10-10 | #185, 2003-10-11


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԶԲԱՂՎԱԾ ԷՐ ՍԱԲՈՏԱԺՈՎ

Կամ ինչպես էր ՀՀ կառավարությունը խանգարում «Արմենտելին» ներդրումներ անել

Այս շաբաթ «Արմենտելի» ընդերքից վերջապես սկսեցին լույս աշխարհ գալ հաճելի նորություններ։ Մի քանի թերթերի լրիվ էջը զբաղեցնող հայտարարությունը հայտնում է, որ նոյեմբերի վերջից մինչեւ այս տարվա վերջը նախատեսվում է տրամադրել բջջային կապի 20 հազար քարտ։ Հաջորդ երեք ամիսներումՙ եւս 100 հազար։ Իսկ այնուհետեւ կսկսվի եւս 200 հազար քարտերի տրամադրումը «իրական շուկայական պահանջարկի առկայության դեպքում»։

Աչքերիս հավատա՞նք։ Այն նույն «Արմենտելը», որը Հայաստանում գործելու հինգ տարիների ընթացքում մեր բջջային բաժանորդների թիվն ավելացրեց հազիվ մի խղճուկ 50 հազարով, որոշել է մոտակա հինգ ամիսների ընթացքում տրամադրել 120 հազար նոր համարներ, իսկ հետագայումՙ եւս 200 հազար։ Ի՞նչ հրաշք է։

Ոչ մի հրաշք էլ չկա իհարկե։ Այս հայտարարությունը հետեւեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, որ կառավարությունը մտադիր է ոչ ուշ, քան 40 օր անց «Արմենտելին» զրկել բջջային կապի ոլորտում ունեցած մենաշնորհից։ Ու «Արմենտելը» աճապարում է մինչ շուկայում իր մրցակցի հայտնվելը գրավել այդ շուկայի հնարավորինս մեծ մասը։

«Արմենտելը» անշուշտ կարող է հերքել այս պնդումը, ասելով, թե այս գործողությունները վաղուց ծրագրվածի իրականացումն են։ Իրոք, ընկերության ղեկավարությունըՙ հենց ներկայիս գործող տնօրեն Գեորգիուս Վասիլակիսը հայտարարել է «Մեծ ներդրումներ են կատարվելու բջջային հեռախոսակապի ոլորտում, նպատակ ունենալով մոտակա տարում այդ կապի բաժանորդների թիվը հասցնել 200 հազարիՙ ներկայիս մոտ 50 հազարի փոխարեն»։ Բայց այդ հայտարարությունը եղել է 2002 թվականի փետրվարի 4-ինՙ ավելի քան մեկուկես տարի առաջ։ Այն ժամանակվա «մոտակա տարին» այսՙ 2003 թվականն է, ու արդեն պարզ է, որ այս տարում բաժանորդների խոստացված թիվըՙ 200 հազարը, չի լինի։ Բայց ամենայն հավանականությամբ կլինի եկող տարվա առաջին եռամսյակի վերջում։ Այս անգամ «Արմենտելը» չի խաբի, որովհետեւ սպառնում է եկամուտների իրական կորուստ։ «Արմենտելի» ղեկավարությունը մի քանի անգամ, այդ թվում վերջերս կայացած բաց ժողովում հայտարարել էր, թե ՀՀ կառավարությունը խանգարել է նրան ներդրումներ անել Հայաստանում։ Ահա, այս պնդումը զավեշտական ձեւով հաստատվում է։ Կառավարությունն իրոք խանգարել է եւ խանգարել է նրանով, որ չի զրկել մենաշնորհից։ Հենց խոսք եղավ զրկելու մասին, «Արմենտելը» վազեվազ սկսեց ներդրումներ անել։

Առկա փաստերից կարելի է անել եւս մի քանի եզրահանգումներ։

Առաջին. «Արմենտելը» (նույնն էՙ նրա հիմնական բաժնետեր OTE-ն) հաշտվել է բջջային կապի ոլորտում մենաշնորհի կորստի հետ ու չի դիմի ոչ մի միջազգային դատարան։

Երկրորդՙ կարելի է սպասել, որ մոտակա ամիսներինՙ նոր համարներ տրամադրելուն զուգահեռ, «Արմենտելը» նաեւ կսկսի իջեցնել բջջային կապի ոլորտում իր հաստատած ահռելի բարձր գները, դարձյալ նույն նպատակովՙ հնարավոր մրցակցի կյանքը դժվարացնելու։

Երրորդՙ այն, ինչ անում էր մինչեւ հիմա «Արմենտելը» բջջային կապի ոլորտում, մեկ հստակ բնորոշում ունիՙ սաբոտաժ, ոլորտի զարգացման միտումնավոր խոչընդոտում։ Դա պարզ երեւում է «Արմենտելի» հիշյալ հայտարարություններից։ Կրկնենքՙ նա մտադիր է մինչեւ 2004 թ. ապրիլը բաժանորդների թիվը հասցնել 200 հազարի (ներկա 80 հազարին գումարած 120 հազար նորեր), իսկ այնուհետեւ ավելացնել նոր բաժանորդներ «իրական շուկայական պահանջարկի առկայության դեպքում»։ Այսինքնՙ մեր «Արմենտելը» հրաշալի գիտի, որ Հայաստանում մինչեւ 200 հազար հեռախոսահամարների «իրական շուկայական պահանջարկ» կա (եւ գիտեր այդ մասին դեռ 2002 թ. փետրվարին, տես պ. Վասիլակիսի հայտարարությունը), ու սակայն չէր շտապում այդ պահանջարկը բավարարել։ Բջջային կապի ոլորտում գործողություններն արագ են իրականացվում։ Ամերիկացիների օկուպացրած Բաղդադում բջջային կապի առաջին լիցենզիան տրվեց հոկտեմբերի սկզբին, իսկ կապի գործարկումը սպասվում է արդեն հոկտեմբերի վերջին։ Իսկ պ. Վասիլակիսի հիշյալ հայտարարությունից անցել է, կրկնում եմ, ոչ թե մեկ, այլ արդեն 18 ամիս։

Մնում է մեկ հարց. հասնո՞ւմ է արդյոք այս ընկերությանը որեւէ պատիժ այդ սաբոտաժի, այսինքնՙ մենաշնորհային դիրքի ակնհայտ չարաշահման համար։ Երեւի թե այդ սաբոտաժը «Արմենտելի» կարծիքով իրեն ձեռնտու է եղել, թեեւ, ինչպես արդեն գրել եմ մեկ այլ հոդվածում (տես «Ազգ», 21 մարտի 2002 թ.), դա խիստ կասկածելի է։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4