«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2003-10-09 | #184, 2003-10-10 | #185, 2003-10-11


ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հոկտեմբերի 9-10-ը Երեւանում անցկացված ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի ամենամյա երրորդ համաժողովի ավարտից հետո Հայաստանի, Վրաստանի ու Բուլղարիայի տրանսպորտի նախարարների կողմից ստորագրվեց դեռեւս 1998 թ.-ին հայկական կողմի առաջարկած Մուլտիմոդալ բեռնափոխադրումների բազմակողմ համաձայնագիր։

Ինչպես նույն օրվա մամուլի ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, համաձայնագիրը երեք երկրների համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի բեռնափոխադրումների ոլորտում, իսկ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր Իրանի եւ Աֆղանստանի համար։ Նախարարի կարծիքով, կհեշտացվի նաեւ Վրաստանով բեռնափոխադրումների իրականացումը։ Համաձայնագիրը «բաց» է, եւ ցանկացած երկիր կարող է միանալ դրան։

Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ համաժողովը հաստատել է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի առաջիկա տարիների ռազմավարությունը, տասնյակից ավելի փաստաթղթեր եւ դեկլարացիա։

Ա. Մանուկյանը հայտնեց նաեւ, որ ըստ ՏՐԱՍԵԿԱ-ի կանոնակարգի, միջկառավարական հանձնաժողովի նախագահությունը ստանձնած երկիրը, տվյալ դեպքում Հայաստանը, պետք է առաջադրի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի թեկնածությունը։ Սակայն, ադրբեջանական պատվիրակությունը դեմ է արտահայտվել Հայաստանի առաջադրածՙ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետի թեկնածությանը։ ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար է ընտրվել ՏՐԱՍԵԿԱ-ում Բուլղարիայի ազգային քարտուղար Լյուդմիլա Տրենիկովան։

Ի պատասխան Ադրբեջանի այդ քայլի, ըստ Ա. Մանուկյանի, այսուհետեւ ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում Հայաստանը դեմ կլինի Ադրբեջանի այն առաջարկություններին, որոնք կվերաբերեն միայն այդ երկրին։

ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ համաժողովը տեղի կունենա 2004 թ.-ին Բաքվում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4