«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2003-10-09 | #184, 2003-10-10 | #185, 2003-10-11


«27»-Ի ԳՈՐԾՈՎ ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունը։ Շարունակություն ասվածը խիստ պայմանական է, քանի որ արդեն 2-րդ նիստն, ըստ էության, անցնում է դռնփակ։

Նիստի հենց սկզբում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը միջնորդեց շարունակելու երկու օր առաջ սկսված դռնփակ նիստը, պատճառաբանելով, որ նախորդ նիստում հրապարակված նյութերի վերաբերյալ ասելիքներ, անգամ, հնարավոր է, ցուցմունք ունի տալու։

Թող տարօրինակ չթվա, սակայն Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը դատարանին տեղեկացրեց, որ նմանապես պատրաստվում էր դռնփակ դատական նիստը շարունակելու միջնորդություն անել։ Յունոշեւը, սակայն, նշեց, որ հրապարակված նյութերի կապակցությամբ միջնորդություններ ունի անելու։

Հունանյանի պաշտպան Սամվել Մարտիրոսյանը միացավ միջնորդությանը, անելով եւս մեկը։ Սամվել Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց երեկվա դատական նիստն անցկացնել կես աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի պաշտպանները հնարավորություն ունենան հանդիպելու իրենց պաշտպանյալների հետ։ Ըստ Մարտիրոսյանի, առավոտյան 10-15 րոպեանոց հանդիպումները բացարձակապես բավարար չեն պաշտպանությունն իրականացնելու համար։

Դատավոր Սամվել Ուզունյանը որոշեց դռնփակ նիստը շարունակել, սակայն մերժեց Սամվել Մարտիրոսյանի միջնորդությունըՙ կես աշխատանքային օր աշխատելու մասին, նշելով, որ ուրբաթ օրերը նիստը տեւում է մինչեւ ժամը 17.00-ը։

Թե իսկապես գաղտնիության ինչ աստիճան եւ ինչպիսի կարեւորություն ունեն դատական նիստում հրապարակվող նյութերը, պարզ չէ։ Բայց հասկանալի է, որ դրանց վերաբերյալ Հունանյանի ասելիք ունենալը թերեւս վկայում է այդ նյութերի ոչ այնքան գաղտնի լինելու մասին։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4