«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2003-10-10 | #185, 2003-10-11 | #186, 2003-10-14


ԱՆԴՐԱԴԱՐՁ ՎՈ ԿԱՆՏՈՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ

Թուրքերի շտապողականությունը նպաստավոր էր մեզ համար

Սեպտեմբերի 23-ին Շվեյցարիայի Դաշնային Հանրապետության Վո կանտոնը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հայեցակարգը։

Հաշվի առնելով նախագծի զուսպ շարադրանքը (այնտեղ ո՛չ թուրքերի, ո՛չ էլ թուրքական հանրապետության մասին էր նշվում) եւ այն չնչին ազդեցությունը, որ այդ կանտոնի որոշումը կարող էր ունենալ համաշխարհային քաղաքականության վրա, շատ քչերն էին իրազեկ դառնալու այդ որոշմանը, եթե թուրքերն իրենց բերանները փակ պահեին։

Թուրքիայի արտգործնախարարությունը փութաջանորեն հակահարված տալով իրականում նպաստեց, որ շվեյցարական այդ փոքրիկ կանտոնի որոշումը տարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Վրեժխնդիր լինելով Անկարան ջնջեց Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Կալմի-Ռեյի Թուրքիա այցելությունը եւ դրանով ոչ միայն վիրավորեց շվեյցարացիներին, այլեւ այդ երկրի կառավարությանը, որը քանիցս պաշտպանել էր Թուրքիայինՙ խոչընդոտելով Հայոց ցեղասպանության ճանաչումը Շվեյցարիայի խորհրդարանի կողմից։

Անկարայում Շվեյցարիայի դեսպան Քուրտ Ուիսը նշել է, որ Շվեյցարիան Թուրքիայի այդ քայլը «չափազանցված եւ անհամաչափ» է որակել։ Ինքըՙ դեսպանը, իր «հուսախաբությունն» է արտահայտել այդ առթիվՙ ավելացնելով, որ դա «բարդացնելու» է երկու երկրների հարաբերությունները։ Շվեյցարիայի խորհրդարանական Հանս Ռուդոլֆ Մերցն իր հերթին կարծիք է հայտնել, որ թուրքերը մեծ սխալ են գործել, եւ որ Եվրամիությանն անդամակցելու համար նրանք պետք է բարեկամական հարաբերություններ պահպանեին արեւմտյան երկրների հետ։ Լարված հարաբերությունների հավելյալ փաստ կարող է ծառայել այն, որ շվեյցարական սենատի արտաքին գործերի հանձնաժողովը ջնջեց առաջիկա ամսում իր վեց անդամների կատարելիք այցը Թուրքիաՙ ասելով, որ Անկարայի հետ բանակցություններ վարելու ժամանակը հարմար չէ։ Ո՞վ կարող էր մտածել, որ այս երկու երկրների հարաբերությունները կարող էին վատանալ Հայոց ցեղասպանության պատճառով։

Սա հայերիս համար մեծ հաղթանակ է։ Եթե թուրքերը նման «խիզախ» քայլերի դիմեն նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրների հանդեպ, եւ դրանով մեկուսացնեն իրենց աշխարհի քաղաքակիրթ հատվածից, ապա հայերս կարող ենք գուցե բավարարված զգալ, որ ի վերջո նրանք վճարում են իրենց ժխտողական դիրքորոշման դիմաց։

Բայց հայերիս հաղթանակը միայն երկու երկրների հարաբերությունների սրումով չի պայմանավորված։ Շվեյցարիայի արտգործնախարարի այցելության ջնջումը լուսաբանեցին շվեյցարական, թուրքական, հայկական եւ հունական տասնյակ թերթեր ու միջազգային լրատվական միջոցներ, որոնք այդ առթիվ առավել կամ նվազ չափով անդրադարձան նաեւ Հայոց ցեղասպանությանը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։ Այնպես որ, Թուրքիան անգիտակցաբար նպաստեց այդ փաստերի տարածմանն ամբողջ աշխարհով մեկ։ Դա կարող է խթանել ուրիշ երկրներին կամ կանտոններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

Թուրքիան պետք է գիտակցի, որ ինքն ավելի շատ կարիք ունի արեւմտյան երկրների, քան վերջիններըՙ իր։ Հիշենք Ֆրանսիայի պարագան։ Ֆրանսիայից իրենց դեսպանի հետկանչից քիչ անց թուրքերը Փարիզ ուղարկեցին նրանՙ Եվրամիության հարցում իրենց պաշտպանելու խնդրանքով։ Չպետք է զարմանանք, եթե մի քանի շաբաթից Անկարան Շվեյցարիայի արտգործնախարարին եւ Սենատի անդամներին Թուրքիա հրավիրի։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4