«Վրաստանի հայերի միության» փոխնախագահ, «Վրաստան» հայալեզու շաբաթաթերթի խմբագիր եւ խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանը, արձագանքելով «Ազգի» նախորդ համարի «Վան Բայբուրթյանը պատժվեց» հրապարակմանը, ասաց, որ ինքը շարունակում է մնալ նախագահ Էդ. Շեւարդնաձեի համախոհը եւ նեղացած չէ կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» կուսակցությունից։
Վիրահայության ամենաակտիվ ներկայացուցիչ Բայբուրթյանը չի ընդգրկվել «Հանուն նոր Վրաստանի» նախընտրական դաշինքի ընտրացուցակում եւ, ըստ էության, կորցնում է իր տեղը Վրաստանի նոր խորհրդարանում։
Բայբուրթյանը չցանկացավ պատասխանել, թե ինչո՞ւ չի ընդգրկվել կառավարամետ նախընտրական դաշինքի ընտրացուցակում։
«Կարեւոր եմ համարում նոյեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հանուն նոր Վրաստանի» դաշինքի հաղթանակը, որպեսզի նախագահ Էդ. Շեւարդնաձեն մինչեւ 2005 թ.ՙ նախագահի լիազորությունների ավարտը, նոր խորհրդարանում ունենա հենարան։ Հակառակ դեպքում Վրաստանում քաղաքական իրավիճակը կլինի պայթյունավտանգ. խորհրդարանը կարող է ոչ մի օրենք չընդունել, ինչը շատ ուժեղ հարված կլինի պետությանը», ասաց Բայբուրթյանը։
«Եթե ընտրություններում կառավարամետ դաշինքը չստանա ակնկալվող քվեները, ապա դա վտանգավոր կլինի ոչ միայն Վրաստանի ներքին կայունության, այլեւ հարեւան պետությունների հետ հարաբերությունների համար», ասաց նա։ Բայբուրթյանն ասաց, որ Ծալկայի շրջանից նախաձեռնող խումբն իրեն առաջադրել է մեծամասնական թեկնածու։ 65-70 տոկոսով հայ բնակչությամբ Ծալկայից պատգամավորության թեկնածու են գրանցվել եւս չորս հայեր, ինչպես նաեւ երկու վրացի եւ մեկ հույն։ Հաղթողի ամենահավանական հավակնորդը Հայկ Մելտոնյանն է, ով չի վայելում Էդ. Շեւարդնաձեւի «Հանուն նոր Վրաստանի» դաշինքի աջակցությունը։
«Այդ ընտրատարածքում առաջինը ես կհանեմ իմ թեկնածությունը, հակառակ դեպքումՙ անգամ երկու հայ թեկնածուի մրցակցության դեպքում կարող ենք զրկվել այդ շրջանից հայ պատգամավոր ունենալու հնարավորությունից», ասաց Բայբուրթյանը։
Վրաստանի նոր խորհրդարանում հայերը կունենան 2-ից (վատագույն դեպքում) 8 (լավագույն դեպքում) պատգամավոր։ Անկասկած, մեծամասնական կարգով հայերը պատգամավորներ կունենան Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջաններից։
Համամասնական ընտրակարգով խորհրդարանի պատգամավոր ընտրվելու հնարավորություն ունեն Մելիք Ռաիսյանը եւ Հենրիխ Մուրադյանը «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքից, Առնոլդ Ստեփանյանը եւ Գիվի Շուգարովըՙ «Հանուն նոր Վրաստան»-ից եւ Արմեն Գեւորգյանըՙ Ասլան Աբաշիձեի գլխավորած «Աղորձինեբայից»։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի