Միգուցե մյուսնե՞րն էլ հետեւեն «առյուծին»
Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեն իր գլխավորած «Աղորձինեբա» («Վերածնունդ») կուսակցության համամասնական ցուցակում չի ընդգրկել պատգամավոր Սանդրո Բրեգաձեին, որը տարիներ շարունակ եղել է «առյուծի» հավատարիմ համախոհը։
Բրեգաձեն վերջին շրջանում արել էր ընդգծված հակահայկական երեք հայտարարություն, ինչի պատճառով Աբաշիձեն նրան պատժեց եւ զրկեց պատգամավորության աթոռից։ Բրեգաձեն նախ խորհրդարանում հայտարարել էր, թե օրենսդիր մարմինը չի կարող արդյունավետ աշխատել, քանի դեռ այնտեղ ներկայացված է ոչ վրացի տարրը, ապա «Ջորջիան թայմս» թերթին տված հարցազրույցում պնդել, որ հայկական լոբբին օժանդակում է արմատներով հայեր Զուրաբ Ժվանիային եւ Միխայիլ Սահակաշվիլուն։
Վերջերս Բրեգաձեն «Մզե» («Արեւ») հեռուստաընկերությամբ հայտարարեց, թե Ամերիկայի հայկական համագումար լոբբիիստական կազմակերպությունը փորձում է հեղաշրջում կատարել Վրաստանում, հավելելով, թե Վրաստանի հայերին չպետք է ընտրելու հնարավորություն տալ։
Թ. Հ.