«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2003-10-10 | #185, 2003-10-11 | #186, 2003-10-14


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՔԻ՞Չ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆՎՈՒՄ ՄԵՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Երեւանի մամուլի ազգային ակումբը Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հետ հոկտեմբերի 10¬12¬ը Ծաղկաձորում անցկացրեցին սեմինար «2003 թվականի ընտրությունները հարավկովկասյան երկրներում եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի գործընթացների վրա» թեմայով։ Լսվեցին զեկուցումներ եվրոպական կառույցներին ինտեգրման եւ ժողովրդավարության զարգացման գործընթացի վրա ընտրությունների ազդեցության, Ադրբեջանի նախագահական եւ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունների, հայաստանյան մամուլում դրանց արձագանքների, ինչպես նաեւ հարեւան երկրներում մեր երկրի ընտրությունների հնարավոր հետեւանքների եւ առհասարակ զանգվածային լրատվամիջոցների գործունեության վրա ընտրությունների ազդեցության մասին։

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի հանգամանալից զեկուցման մեջ առավելապես անդրադարձ եղավ, թե մեր երկրում անցած ընտրությունների արձագանքները որչափ ազդեցին եվրոպական կառույցներին ինտեգրման գործընթացի վրա։ Ներառելով բոլոր գործոնները, նա հանգեց այն եզրակացության, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման թռիչք տեղի չունեցավ, հետեւաբար նույնը կանխատեսելի է նաեւ Ադրբեջանում ու Վրաստանում։ Գլխավոր թերություններից նա առանձնացրեց ընդդիմության վստահված անձերի թույլ դերակատարումը։

Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների մասին խոսեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական Խաչատուր Բեզիրջյանը։ Նրա դիտարկմամբ, նախագահի թեկնածուներից շատերին չգրանցելու իրողությունը պատճառ դարձավ միջազգային կառույցների դժգոհության արտահայտմանը։ Պատկերն ավելի ծանր է քարոզարշավի ժամանակ, երբ ընդդիմության թեկնածուներին ժողովուրդը դիմավորում է լոլիկների ու ձվերի հարվածներով, հաճախ էլՙ ոստիկանները ժողովրդին ուղղակի արգելում են մասնակցել հանդիպումներին։ Դիտորդական խմբում ընդգրկված են ԱՊՀ 55 դիտորդներՙ Յուրի Յարովի գլխավորությամբ, առանց հայաստանյան դիտորդի։ Սոցիոլոգիական վերջին հարցման ժամանակ Իլհամ Ալիեւը ստացել է ձայների 58 տոկոսը, Իսա Գամբարըՙ 27 տոկոսը, իսկ մյուս 6 թեկնածուներին ձայների չնչին տոկոս է հասել։

Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը Վրաստանի ընտրությունները ներկայացրեց որպես երկրի ներքին կյանքի հայելիՙ մատնանշելով Էդուարդ Շեւարդնաձեի ժամանակաշրջանի ավարտը եւ դրա էական նշանակությունը երկրի արտաքին եւ ներքին հարաբերությունների զարգացումների վրա։ Մյուս կարեւոր հանգամանքը կուսակցություններից պահանջվող ձայների ավելի բարձրՙ 7 տոկոսի հաղթահարումն է, որը մուտք գործեց նախորդ ընտրությունների ժամանակ։ Խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, որոշիչ դեր կխաղան հետագա նախագահական ընտրությունների համար, քանի որ արդեն իսկ որոշակիորեն պարզ կլինի, թե կուսակցական որ թեւը կվերցնի իշխանությունը։ Տկն Բաղդասարյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ Վրաստանի խորհրդարանում էլ գերիշխող դիրք կգրավեն օլիգարխները։

«Մեր մամուլում հարեւան երկրների ընտրությունների վերաբերյալ գրվում են ոչ թե վերլուծական հոդվածներ, այլՙ ընդամենը հակիրճ լրատվություններ», իր զեկուցման մեջ ասաց «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Արիս Ղազինյանը։ Ուսումնասիրելով վերջին մեկ ամսվա հրապարակումները, նա նկատել է, որ ամենից շատ «Իրավունք» թերթն է անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին։ Իսկ Թբիլիսիից «Ազգ» թերթի թղթակից Թաթուլ Հակոբյանի նյութերը չեն լուսաբանում երկրի ներքաղաքական կյանքի վրա ընտրությունների համակողմանի ազդեցությունը։

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանի զեկուցումը, որ վերնագրված էր «Ընտրությունները Հայաստանում եւ դրանց հնարավոր հետեւանքները հարեւան երկրների հետ հարաբերությունների համար», չգոհացրեց ներկաներից շատերին այն պատճառաբանությամբ, որ խորքային չէր եւ ընդգրկում էր ոչ հավաստի տեղեկատվություն։ Նշենք նրա արտահայտած կարծիքներից միայն մեկը, թե Հայաստանը միտումնավոր է ձգձգում ղարաբաղյան հիմնահարցի լուծումըՙ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին։

«Մամուլի ազգային ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը սեմինարի վերջում հանդես եկավ զեկուցումով, որում ամփոփիչ ներկայացրեց ընտրությունների ազդեցությունը լրատվամիջոցների վրա։ Նրա տեսակետով, ընտրություններն ամենից առաջ ժողովրդավարության զարգացման հնարավորություն են տալիս, որն էլ մամուլի ազատության կարեւորագույն նախապայմանն է, ինչպես նաեւ լավագույն պայմաններ են ստեղծում լրատվամիջոցների ֆինանսական վիճակի բարելավման եւ լրագրողների ինքնահաստատման համար։ Օրինակ բերելով ռուսական, վրացական եւ ադրբեջանական մոդելները, նա փաստեց, որ հայկական մոդելում ընտրությունները դառնում են խոսքի ազատության սահմանափակման միջոց, քանի որ լրատվամիջոցները չեն ամրապնդում այդ ընթացքում ընձեռված ազատությունը։ Լրագրողական համերաշխությամբ եւս զիջում ենք հարեւան երկրներին, որտեղ գործում են առավել միասնական եւ նպատակաուղղված։ Նյութական բարելավման առումով ավելի ծանր է մեր տպագիր մամուլի վիճակը, քանի որ որոշ հեռուստաընկերություններ արդեն ձեռք են բերել սեփական տարածքներ։ Պրն Նավասարդյանը դժգոհություն հայտնեց մամուլի օրենսդրական փոփոխություններից, սակայն սեմինարը եզրափակեց ոչ հուսահատական, այլ լավատեսական տրամադրությամբ։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4