ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նորացված կոմունիստական, Հայաստանի «Կոմունիստների միություն» եւ Հայաստանի կոմունիստական ուղղվածության ինտելեկտուալների կուսակցություններն այսօր գումարած համատեղ համագումարում միավորվեցինՙ ստեղծելով Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը։
Երեք կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչներն իրենց զեկուցումներում կարեւորեցին միավորման այս քայլը սոցիալիստական երկիր կառուցելու ճանապարհինՙ անպատվաբեր համարելով այն հանգամանքը, որ Հայաստանում կոմունիստական գաղափարախոսությունը մի քանի կուսակցությունների կողմից է ներկայացվում։ Նրանց խոսքերով, միավորման գործընթացն այսօր չի ավարտվում, այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ որ մեկ կուսակցության մեջ համախմբվեն բոլոր կոմունիստները։ Ըստ Նորացված կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանի, կուսակցությունների միավորումը ուժերի ցուցադրության ստուգատես չէ, այլՙ քաղաքական քայլ, քաղաքական համոզմունքի, հաստատակամության ներդրումՙ «մոբիլիզացնելու կոմունիստական ուժերին սոցիալիզմի համար տարվող պայքարը թեժացնելու համար»։ «Մենք գալիս ենք ոչ թե անհատների, մի խումբ մարդկանց շահերը պաշտպանելու, այլ մասսաների, զանգվածների խնդիրները լուծելու համար», ասաց նա։
Համագումարն ընտրեց հանձնաժողովՙ ՀՄԿԿ ծրագիրն ու կանոնադրությունը մշակելու համար։ Այն նաեւ առաջարկություններ կներկայացնի կուսակցության կենտկոմի ու վերստուգիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Մինչեւ կուսակցության ղեկավար մարմինների ձեւավորումը, կուսակցության ղեկավարությունը կստանձնի համագումարի նախագահությունը, որի կազմում են նաեւ երեք կուսակցությունների առաջնորդները։
Ինչ վերաբերում է նոր կուսակցության ղեկավար մարմնի ձեւավորմանը, ապա, օրինակ, ՀՆԿԿ քարտուղար Հրանտ Ոսկանյանը կողմ է համանախագահության սկզբունքին։