«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2003-10-10 | #185, 2003-10-11 | #186, 2003-10-14


«ՖԻԼՄ ԸՆԿԱԼԵԼՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑ ՉԷ»

Ասում է կինոռեժիսորը

Հոկտեմբերի 17-22-ը «Նաիրի» կինոթատրոնում կցուցադրվեն կինոռեժիսոր Դոն Ասկարյանի ֆիլմերը եւ լուսանկարները։ Ֆիլմերից երեքըՙ «Երաժիշտները», «Հին հռոմեական ճանապարհին» եւ «Փարաջանով», որ հիմնականում վերջին տարիների աշխատանքներ են, Հայաստանում առաջին անգամ են ներկայացվում։

Ծնունդով արցախցի այս ռեժիսորն իր կյանքի մեծ մասն անց է կացրել արտասահմանում, բայց հիմնականում ստեղծագործել է ազգին ու ժողովրդին հարազատ թեմաներով։ «Դոն Ասկարյանը ստեղծում է այնպիսի ֆիլմեր, որոնք հետազոտում են իր հարազատ երկրի պատմությունն ու ոգին», 2002-ին գրել է Հարվարդի «Սինեմատիկա»-ն։ Իր իսկ ֆիլմերի մասին պրն Ասկարյանն ասում է. «Իմ այս ֆիլմերը հայկական հիմք, նյութ ունեն, բայց դա ոչինչ չի սահմանափակում։ «Արջը» ֆիլմից բացի բոլորը հայկական թեմաներով են։ Ունեմ հնդկական, ռուսական թեմաներով ֆիլմեր, որոնք այստեղ ներկայացված չեն»։

Իր աշխատանքն արտասահմանցիներին ներկայացնելու եւ նրանց ընկալման մասին կինոռեժիսորն ասում է. «Կարծում եմՙ ֆիլմ ընկալելը ազգային հարց չէ, այն կինոյի հարց է։ Ազգայինը սկզբում է ինչ-որ դեր խաղում, բայց կինո ընկալելու համար մարդ պետք է կինոյից բան հասկանա, կինո պետք է սիրի։ Կինոն աշխատում է կինեմատոգրաֆի տերմիններով, ոչ թե ազգային։ Չկա հատուկ հայկական օպերատորի աշխատանք, այն կամ լավն է, կամ վատը։ Մարդ կարող է շատ լավ հայրենասեր լինել, բայց վատ օպերատոր ունենալ»։

Հաջորդ ֆիլմը, որ կինոռեժիսորը կցանկանար տեսնել էկրանին, «Սուրբ Ղազար»-ն է։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4