«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2003-10-10 | #185, 2003-10-11 | #186, 2003-10-14


ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեզ արժանի «դուետ»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մայրաքաղաքը հոկտեմբերի 12-ին տոնեց իր 2785-ամյակը։ Հանրապետության հրապարակում այդ օրը տոնակատարություն էր։ Հրապարակում հավաքված երիտասարդներն ու ոչ այնքան երիտասարդները լավ տրամադրություն ունեին։ Եվ չնայած համերգն ունկնդրողներն ու պարողներն այնքան էլ մեծաթիվ չէին, մեր հանրապետության «փառապանծ» ոստիկանությունը, թվով ավելի, «աչալուրջ» հսկում էր հավաքվածներին։

Համազգեստավոր ոստիկանների մեջ մեկն արտասովոր աչքի էր ընկնում. սեւ վերնազգեստով էր, զգալի ագրեսիվ։ Ի վերջո, համերգի ավարտից 30-40 րոպե առաջ ագրեսիվությունը «դուրս թափվեց»։ Ոստիկանները եւ «սեւազգեստը» բռնել էին մի տղայի, որը, ըստ «սեւազգեստի», «հարբած էր», եւ, ոչ ավել, ոչ պակաս, Հանրապետության հրապարակի գրեթե կենտրոնում ծեծում էին։

Ոստիկանների անամոթությունն այնտեղ էր հասել, որ երիտասարդին ծեծում էին բոլորի ներկայությամբ, առանց որեւէ անհարմարության զգացումի, կարծես այդպես էլ պիտի լիներ։

Այս միջադեպի առումով արտառոցը, թերեւս, «հայրենի ոստիկանների» պահվածքը չէ։ Նման կոպտությունների եւ անբարեկրթության քիչ չենք հանդիպում։ Արտառոցը հասարակության պահվածքն էր, որ ամենայն անտարբերությամբ նայում էր եւ ոչ մի կերպ չէր արձագանքում։

Մի քանի կանայք փորձեցին միջամտել։ Առաջին տպավորությունն այն էր, որ միջամտությունն ազդեց ոստիկանների վրա։ Նրանք տղային քաշ տալով հասցրեցին ոստիկանական մեքենայի մոտ, նստեցրին ու հեռացան։ Հավանաբար ծեծը ոստիկանատանը շարունակելու համար։

Պատճառաբանությունը, թե երիտասարդը հարբած էր, ամեն դեպքում, արտաքուստ չէր համապատասխանում իրականությանը։ Ավելի շուտ, ինքնագոհությամբ «արբած» էին իրենքՙ ոստիկանները։ Մանավանդ որ հաստավիզ, կերած-խմած ոստիկանների ֆոնին «վտանգավոր» երիտասարդն այնքան փոքրամարմին էր երեւում։

Ինչեւէ, սա իրողություն է մեր ուժայինների բռնությունների մասին, որոնց նկատմամբ անգամ, այսպես կոչված, տաքարյուն երիտասարդությունը բացարձակ անտարբերություն դրսեւորեց։ Ցավալի է, որ հղփացած ոստիկանների եւ նրանց նկատմամբ վախի մթնոլորտում անտարբերության ախտով տառապում է ողջ հասարակությունը։

Ավելորդ չեմ համարում ամեն դեպքում հիշեցնել, որ անտարբերությունը վտանգավոր է բոլորիս համար։ Այնպես որ, անտարբեր լինելով մենք, նախ եւ առաջ, թույլ ենք տալիս սպանել մեզ, ապաՙ այն ամենը, որ կա մեր շուրջը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4