«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2003-10-10 | #185, 2003-10-11 | #186, 2003-10-14


ԲԵԼԱՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Բելառուսի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատների համագործակցությունն սկսվել է 2002 թ. հոկտեմբերին, երբ Հայաստանի ԱԱՊ-ի ներկայացուցիչներն այցելել էին Մինսկ։ Երեկ արդեն Բելառուսի գործարարներն էին ժամանել Երեւանՙ մասնակցելու հայ-բելառուսական գործարար հանդիպմանը։

Հանդիպման ժամանակ ելույթներ ունեցան Բելառուսի ԱԱՊ նախագահ Վլադիմիր Բոբրովը, Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը։ Հայաստանի ԱԱՊ փոխնախագահ Արամ Վարդանյանն էլ ներկաներին հիշեցրեց, որ երկու երկրների սերտ համագործակցությունը դեռեւս խորհրդային տարիներից է։ Հայաստանը Բելառուսից ստանում էր տրակտորներ եւ հեռուստացույցներ։ Ներկայումս ներկրվում են սառնարաններ, դեղորայք, լուցկի, տրիկոտաժ եւ այլն։ Հայաստանից Բելառուս արտահանվում են հյութեր, կոնյակ, գինի, ծխախոտ, էլեկտրական սարքավորումներ եւ լարեր, ոսկերչական իրեր։ Այդուհանդերձ, երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալները շարունակում են փոքր մնալ։ Հայաստանի արտաքին առեւտրի միայն 0,4 տոկոսն է բաժին ընկնում Բելառուսի հետ ապրանքաշրջանառությանը։

Հայկական կողմից գործարար հանդիպմանը մասնակցում էին Երեւանի գարեջրի գործարանի, «Էքսպերտիզա» ընկերության եւ մի շարք այլ ձեռնարկությունների ղեկավարներ։ Բելառուսը ներկայացնում էին Մինսկի տրակտորների, Կոբրինսկի «Ռուչայկա» մանվածքային, Մինսկի ավտոմոբիլային, Բարանովիչի «Ատլանտ» հաստոցաշինական գործարանների պատասխանատուները։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4