Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ հրապարակեց Երեւանի 3-րդ մետրային եւ 63-րդ դեցիմետրային կապուղիների մրցույթների արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ, «ԱՐ»-ը եւ «Արմնյուզը» պահպանեցին նշված կապուղիներով հեռուստահաղորդումներ հեռարձակելու իրավունքը։ «Նոյյան տապան» եւ «Ա1+» ընկերությունների մրցութային առաջարկները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը համարեց թույլ։ Հերթական անգամ։
Մինչ վարկանիշային քվեարկության անցնելը, հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հրապարակեց մի փաստաթուղթ, համաձայն որի «Շեն» կոնցեռնիՙ «Մելտեքս» ընկերության մրցութային առաջարկով նախատեսված 200 հազար դոլարի ներդրումը համարվեց չեղյալ, քանի որ ներկայացվել էր կարգի խախտումովՙ ոչ թե գլխավոր տնօրենի, այլ նախագահի տեղակալի ստորագրությամբ։ Պրն Ամալյանը վստահեցրեց, որ նշված փաստաթղթի հրապարակումը, կոնկրետ իր քվեարկության վրա, որեւէ կերպ չի ազդել։ Սակայն «Ա1+»-ին առանց եթերի թողնելու որոշումը եւս մրցութային առաջարկի ֆինանսական մասին է վերաբերում։ Գրիգոր Ամալյանը վստահ է, որ շուրջ 700 հազար դոլարի կտրվածքով «Մելտեքս» ընկերությունը կեղծել է իր ներդրումային առաջարկը, մասնավորապես լիցենզավորված ֆիլմեր ցուցադրելու համար «Մելտեքսի» փաստաթղթում նշված շուրջ 300 հազար դոլարն ավելի պակաս է, քանի որ որոշ ֆիլմերի դեպքում պայմանագրերի ժամկետներն արդեն լրացել են, եւ դրանց իրավունքը ձեռք են բերել այլ ընկերություններ։
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ նույն մանրակրկիտությամբ, ինչ «Ա1+»-ի դեպքում, ուսումնասիրվել է նաեւ «Արմնյուզի» մրցութային առաջարկը, սակայն դրա առավելությունների մասին գերադասեց չխոսել, փոխարենը վստահեցրեց, որ հանձնաժողովի կայացրած որոշումը քաղաքական չէ։
Լրագրողները Գրիգոր Ամալյանին ուղղված բոլոր հարցերով, փաստորեն, մեկ միտք էին արտահայտումՙ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կիրառում է երկակի ստանդարտներ եւ հարց տալիսՙ ավելի անկեղծ չի՞ լինի «Մելտեքս» ընկերությանն ուղղակի չթույլատրել մասնակցելու մրցույթներին, քան ամեն անգամ որեւէ պատճառ գտնել հեռուստաընկերությանը եթեր չտրամադրելու համար, քանի որ «Ա1+»-ի մրցութային առաջարկը թույլ համարելու որոշումն արդեն խրոնիկ բնույթ է կրում եւ, ըստ էության, անձնավորված հակամարտության արդյունք է։ Այս մրցույթում եթե «Ար» հեռուստաընկերության առավելությունն ու արժանիքները անառարկելի էին, ապա խիստ կասկածելի էր հանձնաժողովի «անաչառությունը» «Արմնյուզի» պարագայում, առնվազն սեփական արտադրություն մատուցելու տեսակետից։ Բացի այդ, որքանով է արդար մեկ սեփականատիրոջ (Բագրատ Սարգսյան) «զիջել» միանգամից 4 կապուղի («Արմենիա», CNN, TV 5 եւ «Արմնյուզ»), իսկ «Ա1+»-ին զրկել մեկ կապուղուց, հերթական անգամ արհամարհելով հասարակական կարծիքն ու խայտառակելով մեզ օտարների առջեւ։
Հ. Մ.