«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2003-10-10 | #185, 2003-10-11 | #186, 2003-10-14


ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԴՌՆՓԱԿ ՉԵՆ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դռնփակ նիստը։ Եվ չնայած վերջին երկու դռնփակ նիստերում հրապարակված գաղտնի նյութերը դատավարության որեւէ մասնակից իրավունք չուներ տարածելու, տեղեկատվություն, այնուամենայնիվ, տրվել է։ Մասնավորապես մամուլում եւ «Հայլուր» լրատվական ծրագրով հասարակությանը տեղեկացվել է, թե մինչեւ հոկտեմբերի 27-ը Նաիրի Հունանյանը պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին ասել է զենք վերցնելու եւ իշխանության ղեկավարներին սպանելու մտադրության մասին։

Դռնփակ նիստում հրապարակված այլ տեղեկություններ եւս հայտնվել են մամուլում։ Թե ով է տեղեկություն տրամադրողը, մնում է հարցական։ Թեեւ ինչ վերաբերում է Դալլաքյանին առնչվող դրվագին, ապա, ըստ մեղադրող Գագիկ Ավետիսյանի, այդ տեղեկատվությունն ամենեւին էլ պետական գաղտնիք չէ։ Չնայած, ըստ դատախազի, դատարանը պետք է սահմանված կարգով միջոցներ ձեռնարկի։

Դատավոր Սամվել Ուզունյանը նշելով, որ չի հետեւել լրատվությանը, ուստի եւ տեղյակ չէ, թե խոսքն ինչին է վերաբերում, ավելացրեց, որ տեղեկատվության արտահոսքի մեղավորները կպատժվեն։

Այս կապակցությամբ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը նշեց, որ դռնփակ նիստերի ընթացքում հրապարակված նյութերի մի մասը կա քրեական գործում։ Այսինքնՙ այդ փաստաթղթերից շատերը չեն կարող համարվել պետական գաղտնի նյութեր։ Ուստի, Յունոշեւը միջնորդեց դրանք առանձնացնելու հնարավորություն ընձեռել։ Միջնորդությունը բավարարվեց։

Անդրադառնալով դռնփակ նիստերի ժամանակ հրապարակված նյութերին եւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ամբաստանյալ Արմեն Սարգսյանին, Օլեգ Յունոշեւը նշեց, որ դռնփակ նիստում հրապարակված նյութերը բավարար հիմք են Արմեն Սարգսյանի անմեղությունն ապացուցելու համար։ Յունոշեւը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ նյութերի մասին է խոսքը։

Հայտարարությամբ երեկ դատարանում հանդես եկավ ամբաստանյալ Վռամ Գալստյանը։ Նա նշեց, որ իրեն դեռ գաղտնալսում են, որը նպատակ ունի հոգեբանորեն ճնշել իրեն։ Գալստյանը միջնորդեց դատարանին ձեռնարկել միջոցներՙ գաղտնալսումները դադարեցնելու համար։ Միջնորդությունը չքննարկվեց, քանի որ, ըստ Սամվել Ուզունյանի, դատարանը գաղտնալսումները դադարեցնելու իրավունք չունի։

Դատական նիստը կշարունակվի այսօր։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4