«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2003-10-11 | #186, 2003-10-14 | #187, 2003-10-15


ԻՐԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի վերջերս Իրան կատարած այցի ժամանակ ամփոփվել են Արաքս գետի վրա հայկական տարածքումՙ Մեղրու տարածաշրջանում, ՀԷԿ-ի շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքները։ Ինչպես հայտնեցին ՀՀ էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից, Ա. Մովսիսյանը եւ Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբոլահ Բիթարաֆը քննարկել են նաեւ Իրանի տարածքում նույնպես նոր հիդրոէլեկտրակայանի կառուցման հարցը։ Նախատեսվում է, որ այդ կայաններից յուրաքանչյուրը կունենա 80 մգվ հզորությունՙ տարեկան 600 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա արտադրողականությամբ։ Նախարարների հանդիպմանը քննարկվել է ՀԷԿ-երի կառուցման այն տարբերակը, ըստ որի հայկական կողմի կայանը կկառուցվի իրանական միջոցներով, իսկ Հայաստանը հետագայում այդ ծախսերը Իրանին կփոխհատուցի կայանի արտադրած էլեկտրաէներգիայով։ Քննարկվել է նաեւ Իրան-Հայաստան գազատարի կառուցման հարցը։ Հստակեցվել է, որ գազամուղի հայկական հատվածը կառուցելու է Հայաստանը, իսկ իրանականըՙ Իրանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4