Երեկ կեսօրին մահապարտ մի վարորդ իր ավտոմեքենան պայթեցրեց Բաղդադում Թուրքիայի դեսպանատան առջեւ։ Սպանվեց վարորդը, վիրավորվեցին թուրքական դիվանագիտական 2 պաշտոնյա եւ ուրիշ 6 աշխատակիցներ, ջարդվեցին շենքի ապակիները։ Պայթյունից անմիջապես հետո մի խումբ սադդամականներ բողոքի ցույց կազմակերպեցին դեսպանատան առաջ եւ գոռացինՙ «Սադդամ, մեր արյունն ու կյանքը քո համար»։
Առանց այդ ցույցի էլ հստակ էր, որ պայթյունն իրաքցիների յուրօրինակ պատգամն էր ուղղված Անկարային։ Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանի որոշումըՙ Իրաք 10 հազարանոց զորք ուղարկելու մասին, խիստ սրել է հակաթուրքական տրամադրություններն Իրաքում, որը 14-րդ դարից մինչեւ Առաջին աշխարհամարտը գտնվում էր Օսմանյան տիրապետության տակ։ Այս կապակցությամբ երեկ գիշեր թուրք հայտնի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդը CNN հեռուստատեսությամբ հայտարարեց, որ թուրքական դեսպանատան դեմ կատարված գործողությունը հստակ նախազգուշացնում էր Թուրքիային. «Թուրքեր, մի՛ մտեք մեր երկիր, այլապես պետք է ակնկալեք նման ընդունելություն»։ Ալի Բիրանդի ասելով, թուրքական գեներալիտետի ներկայացուցիչը դեպքից հետո հայտարարել է, որ նման արարքները չեն կարող ստիպել Թուրքիային վերանայելու Իրաք զորք ուղարկելու իր որոշումը։