Էլ. փոստով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Արարատ» ֆիլմն օրերս ցուցադրվում է նաեւ Ճապոնիայում։ Ստորեւ այդ առթիվ վերոհիշյալ խորագրի ներքո 12-14 միլիոն տպաքանակ ունեցող ճապոնական ամենահեղինակավոր «Դեյլի Յոմիուրի» թերթում տպագրված Նաոմի Թաջիցուի ընդարձակ հոդվածից հատվածներՙ թարգմանաբար։
Շատ ռեժիսորների մոտ որոշակի հակվածություն կա նկարահանելու պատմական ֆիլմ, գուցե այն պատճառով, որ, հավատացած են, դրանով լուրջ արվեստագետների շարքին կդասվեն, կամ, որ ավելի հետաքրքրական է, դրանով խորամուխ կարող են լինել պատմական իրականության մեջ եւ ներկայացնել փաստերը յուրահատուկ ձեւով։
Ատոմ Էգոյանի վերջին ֆիլմըՙ «Արարատը», չի պատկանում Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» կամ առաջիկայում ներկայացվելիք «Վերջին Սամուրայը» ֆիլմերի կատեգորիային։ Այնտեղ ժամանակակից Տորոնտոյում ֆիլմ են պատրաստում հայազգի նկարիչ Արշիլ Գորկու մասին, որն իրական կյանքում 1915 թ. Հայոց ցեղասպանության օրերին փախել է Նյու Յորք։ Այստեղից ճյուղավորվում են ֆիլմում ներգրավված կերպարների անձնական կյանքըՙ ցույց տալով, թե ինչպես 90 տարի անց նրանք շարունակում են ցնցված մնալ այդ մղձավանջից։ Բայց «Արարատը», անդրադառնալով հանդերձ այդ իրադարձությանը, խուսափում է լոկ դրա կինեմատոգրաֆիական պատմությունը ներկայացնելուցՙ փոխարենն առաջարկելով խորհել դրա ժառանգության, մարդկանց վրա թողած հետքի մասին։
Որպես այդպիսին «Արարատը» քննարկում է իրականության, հիշողության եւ մարդկանց պատկերացումների առանձնահատկությունները։ Եվ չնայած ռեժիսորի գործերում առկա է մշտական մի թեմա («Քաղցր ապագա», «Էկզոտիկա», «Օրացույց» եւ այլն), այնուամենայնիվ, այս մեկը տարբերվում է նրանով, որ այստեղ իրականությունը, ինչքան էլ վիճելի, հիմնված է փաստացի իրադարձության վրա։
Ծնունդով հայ Էգոյանն ասում է, թե տարիներ շարունակ նրան տանջել է այն գաղափարը, որ ֆիլմ նկարահանի Հայոց ցեղասպանության մասին, որի ընթացքում մոտ 1 մլն հայեր կոտորվեցին թուրքերի կողմից Առաջին աշխարհամարտի օրերին։ Բայց նրա նպատակն ինչպես քաղաքական, այնպես էլ արվեստագիտական նկատառումներով չի եղել սոսկ պատմական իրադարձությունը։
«Հայոց ցեղասպանության առանձնահատկությունն այն է, որ հանցագործը ժխտում է իր կատարածը, եւ 90 տարի անց զոհերի թոռներն ու ծոռները դեռեւս փորձում են «հաշտվել» պատմության հետ, փորձում են բանակցել ներկայումս, խոսել թուրք անհատի հետ, որը մեծացել է հավատալով, որ ոչինչ չի պատահել», բացատրում է նա։
Նրա համար դժվարությունը նաեւ այն էր, որ կինեմատոգրաֆիական հենք չունենալով, փաստորեն, ինքն առաջինն է, որ անդրադառնում է այդ թեմային։ Նրան առավել հետաքրքրում է այն, թե ինչ է կատարվում, երբ պատմությունը գիտակցորեն գեղագիտականացվում է։ Այս բոլորը հստակ ոճական մոտեցում է տալիս ֆիլմին, եւ պահանջում, որ կերպարներն անընդհատ որոնումի մեջ լինեն։ Ֆիլմը մի քանի իրական եւ երեւակայական պատմություններ է միահյուսում իրար։ Տարբեր մարդիկ են պատմում դրանք։ Անցյալի հետ նրանց անհաշտ լինելը կամ չկարողանալ հաշտվելն ակնհայտ է, ինչպես երեւում է Անիի կերպարից, որը Գորկու կենսագրությունն է գրում, ներկայացնում եւ հավատարիմ է իր ազատամարտիկ ամուսնուն, եւ Րաֆֆու կերպարից, որը (արեւմտյան) Հայաստան է մեկնում իր հոր եւ ժողովրդի անցյալի հետ անձամբ շփվելու նպատակով։ Ֆիլմում կարծես ամեն մեկը հոգեկան տառապանքի թոթափումՙ կատարսիս է փնտրում։ Ներկայացված հարուստ շերտերը, ճիշտ է, ցեղասպանության դիդակտիկ հաշվետվություն չեն, բայց նկարագրում են այն սարսափը, որ շարունակում է խոր ազդեցություն թողնել վերապրողների վրա։
Պատմությունը վերապատմելու Էգոյանի ընտրած ձեւն «Արարատին» դրել է տարօրինակ իրավիճակի մեջ... Թուրքական կողմը քարոզչություն է համարում այն, հայկական կողմըՙ թերի։ Սա հետաքրքրական է, որովհետեւ Ցեղասպանության փաստացի իրադարձությունները գոյություն ունեն ֆիլմից դուրս։ Էգոյանն օգտագործում է այս ձեւըՙ հարցապնդումներով լի սենտիմենտալություն կորզելու իրական փաստի եւ հիշողության միջեւ ընկած մռայլ տարածությունից։
«Ինձ միշտ հիացրել են հարցապնդումները», բացատրում է ռեժիսորը։
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ