«Ազգի» ընթերցողներին հիշեցնենք, որ մեր թերթի հունիսի 14-ի թիվ 112-ում «Երիտասարդները վիրավորված են» հրապարակման մեջ նշել էինք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների ըմբոստ եւ հուսախաբ բողոքների մասին, որով իշխանություններից պահանջում էին խոստացված ուշադրությունն իրականացնել (խոսքը նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նրանց մատուցած ծառայություններին էր վերաբերում)։ Դեռ այն ժամանակ նրանց հանդարտեցրել են ու խոստացել մի փոքր սպասել։ Նյութի հրապարակումից հետո եղել էին մի քանի հեռախոսազանգեր, եւ խմբագրին խոստացել էին հերքման տեքստ բերել, որն այդպես էլ չկատարվեց։
Եվ ահա, ըստ «Ազգին» հասած լուրերի, մոտ օրերս ՀՀ նախագահին առընթեր վերահսկողության բաժնի պետի պաշտոնը կզբաղեցնի Վահրամ Բարսեղյանը, որն զբաղեցնում է մշակույթի եւ երիտասարդության նախարարության փոխնախարարի պաշտոնը եւ զբաղվում էր երիտասարդության ու մշակութային հարցերով։ Իսկ մշակույթի եւ երիտասարդության նախարարության փոխնախարարների պորտֆելներից մեկը կտրվի Արթուր Պողոսյանին, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է, նաեւ Համահայկական երիտասարդական հիմնադրամի տնօրեն։
Ահա թե ինչու այն ժամանակ լռեցին երիտասարդները։
Մ. Մ.