Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Գլխավոր պարգեւների համար մրցավեճի են բռնվել տղամարդկանց 36 եւ կանանց 31 թիմեր։ Այս անգամ մրցաշարի չի մեկնել տղամարդկանց ՀՀ հավաքականը, որը մշտապես չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդների թվում է եղել։ Մասնակցում են միայն կանայք։ Եվ առայժմ կանանց ՀՀ հավաքականը հաջող մրցելույթներ է ունենում։ Անցկացված 3 տուրից հետո հայ շախմատիստուհիները վաստակել են 5 միավոր եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ Առաջին տուրում մեր ընտրանին 2-0 հաշվով հաղթեց իսպանուհիներին։ Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Մոնիկա Գալզետային, իսկ Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ Լիանեզա Վեգայի նկատմամբ։ Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիները ոչ-ոքի խաղացին Սերբիայի եւ Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Լիլիթն ու Էլինան խաղաղ դաշն կնքեցին համապատասխանաբար Նատաշա Բոյկովիչի եւ Ալիսա Մարիչի հետ։ Հաջորդ տուրում մեր թիմի մրցակիցը Իսրայելի հավաքականն էր։ Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Մաշա Կլինովային։ Իսկ Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաց Իրինա Բոտվիննիկի հետ։
Առաջատարի դերը ստանձնել են Ռուսաստանի եւ Բուլղարիայի հավաքականները։ Ռուսները հերթականությամբ պարտության են մատնել Մոլդովայի (1,5-0,5), Ռումինիայի (1,5-0,5) եւ Թուրքիայի (2-0) ընտրանիներին։ Բուլղարացի շախմատիստուհիները հաղթել են Սլովենիայի (1,5-0,5), Վրաստանի (1,5-0,5) եւ Ֆրանսիայի (1,5-0,5) հավաքականներին։
Տղամարդկանց մրցաշարում 3 տուրից հետո առաջատարի դերը ստանձնել են Ռուսաստանի եւ Իսրայելի հավաքականները։ Ռուսների կազմում հանդես են գալիս Պյոտր Սվիդլերը, Եվգենի Բարեեւը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչն ու Ալեքսանդր Խալիֆմանը։ Իսրայելի հավաքականի կազմում մրցավեճին մասնակցում են Բորիս Գելֆանդը, Իլյա Սմիրինը, Էմիլ Սուտովսկին, Բորիս Ավրուխը եւ Միխայիլ Ռոյզը։ Մեկնարկում ՌԴ հավաքականը հաղթեց Բուլղարիայի առաջին թիմին (2,5-1,5)։ Իրենց թիմին հաղթական միավորներ պարգեւեցին Պյոտր Սվիդլերն ու Ալեքսանդր Մորոզեւիչը։ Ալեքսանդր Գրիշչուկը զիջեց մրցակցին, իսկ Ալեքսանդր Խալիֆմանը խաղաղ դաշն կնքեց։ Իսրայելցիները 3-1 հաշվով հաղթեցին հույներին։ Երկրորդ տուրում էլ ռուս շախմատիստները հաջող հանդես եկանՙ պարտության մատնելով իսպանացիներին (2,5-1,5)։ Նույն հաշվով Իսրայելի ընտրանին հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։ Հաջորդ մրցախաղը Սլովենիայի ընտրանու հետ ռուսները շահեցին (2,5-1,5)։ Նույնպիսի հաշվով իսրայելցիները հաղթեցին գերմանացիներին։
Այսպիսով, 3 տուրից հետո 6-ական միավորով առջեւից են ընթանում Ռուսաստանի եւ Իսրայելի հավաքականները։