Իրինա Սարիշվիլի. «Հայերի ցեղասպանության ճանաչման արծարծումը Վրաստանում համարում եմ սադրանք»
Վրաստանի անվտանգության նախարարությունն իր պաշտոնական վեբսայթում տեղադրել է նյութեր, ըստ որոնց, խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին մեղադրում է ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ։
Բուրջանաձեն, որի վարկանիշն ամենաբարձրն է Վրաստանում, գլխավորում է «Բուրջանաձե-դեմոկրատներ» նախընտրական դաշինքը եւ նոյեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, անգամ համատարած կեղծիքների դեպքում, կարող է հաղթանակ տանել։
Խորհրդարանի նախագահին վարկաբեկող նյութերն անվտանգության նախարարությունն ստացել է Էդ. Շեւարդնաձեի աջակցությունը վայելող «Հանուն նոր Վրաստանի» նախընտրական դաշինքի ղեկավարներից Իրինա Սարիշվիլիից։ Վերջինս մամլո ասուլիսում հայտարարել էր, որ Նինո Բուրջանաձեն եւ խորհրդարանի նախկին նախագահ Զուրաբ Ժվանիան Ռուսաստանի գործակալներ են, ապա մի քանի օր անց իր տրամադրության տակ եղած «գաղտնի նյութերը» հանձնել անվտանգության նախարար Վալերի Խաբուրձանիային։
Խաբուրձանիան, որի գլխավորած նախարարությունից գողերը 10 հազար դոլար էին տարել երկու շաբաթ առաջ, նախքան վարկաբեկիչ նյութերը վեբսայթում տեղադրելը, «Ռուսթավի-2» հեռուստատեսությամբ հայտարարել էր. «Նինո Բուրջանաձեի դեմՙ ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքը, որ առաջ է քաշել Իրինա Սարիշվիլին, շատ լուրջ է»։
Բուրջանաձեն եւ նրա կողմնակիցները նշում են, որ իրենց դեմ երկրի իշխանություններըՙ ի դեմս Էդ. Շեւարդնաձեի, տանում են կեղտոտ PR արշավ, իսկ ռուսական հատուկ ծառայությունների հետ իբր համագործակցության մասին հայտարարությունները «ոչ պրոֆեսիոնալ եւ հիմար» հորինվածքներ են։
Նշենք, որ նախքան Վրաստանի նախագահի հետ քաղաքական մերձեցումը Իրինա Սարիշվիլին մոտ 10 տարի Էդ. Շեւարդնաձեին մեղադրում էր իր ամուսնուՙ հայտնի քաղաքական գործիչ Գեորգի Ճանտուրիայի սպանության մեջ։
Սարիշվիլին մի քանի օր առաջ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է նաեւ, թե «Զուրաբ Ժվանիան Ստրասբուրգում գաղտնի հանդիպում է ունեցել Ռուսաստանի պատվիրակության հետ, որի արդյունքում Հարավային Վրաստանի Ջավախքի շրջանում հայկական ազգայնական «Ջավախք» շարժումն ակտիվացրել է իր գործունեությունը»։
«Ազգի» հետ զրույցում Սարիշվիլին առավել կոնկրետացրեց Ժվանիայի հասցեին մեղադրանքը, նշելով, որ խորհրդարանի նախկին նախագահի ցուցումով են ազգայնական «Ջավախք» շարժման անդամները Վրաստանից պահանջում հայերի Ցեղասպանության ճանաչումը։
Սարիշվիլու ասելով, քանի դեռ միջազգային հանրությունը «հայերի Ցեղասպանությունը չի ճանաչել, այդ հարցի արծարծումը Վրաստանում համարում եմ սադրանք»։
Նկատենք, որ, ինչպես նշում են վրացական մամուլը եւ քաղաքական դիտորդները, Նինո Բուրջանաձեի, Զուրաբ Ժվանիայի եւ Միխայիլ Սահակաշվիլու («Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ) հանդեպ իշխանությունների օգտագործած կոմպրոմատները շատ թույլ են եւ չեն կարող ազդել նրանց վարկանիշի վրա։
Եվ եթե ժողովրդայնություն վայելող այս երեք գործիչներին Էդ. Շեւարդնաձեի համախոհներն ավելի վաղ մեղադրում էին «հայկական ծագման» մեջ, ապա այսօր փոխել են մարտավարությունը. Բուրջանաձեն Ռուսաստանի լրտեսն է, Ժվանիան համագործակցում է ազգայնական «Ջավախք» շարժման հետ, իսկ Սահակաշվիլին ուղղակի ֆաշիստ է ու խելագարի մեկը։
Ասել, թե Վրաստանում պայքար է տարվում ծագումով հայ քաղաքական գործիչների դեմ, ճիշտ չէ։ Սակայն կարող ենք փաստել, որ Վրաստանում քաղաքական գործիչներին վարկաբեկելու համար մատնանշում են նրանց իրական կամ ենթադրյալ հայկական ծագումը։ Ընդ որում, դա անում են առավելապես իշխանությունների մոտ կանգնած մարդիկ։
Ահա մի հայտարարություն, որը վրացական հեռուստաընկերություններով հնչեց Էդ. Շեւարդնաձեին մերձավոր Վախթանգ Ռչեուլիշվիլու կողմից (Ռչեուլիշվիլին ներկա խորհրդարանի փոխնախագահն է). «Եկեք ասենքՙ բավական է նրանց (հայերի) գործունեությունը Վրաստանում։ Մենք նրանցից (հայեր) շատ ունենք։ Անհնարին է դառնում, անհնարին է դառնում Թբիլիսիում ապրելը»։
Մեկ այլ հայտարարություն, որ հնչել է Վրաստանի պետական հեռուստատեսության եթերից. «Ժվանիան չի կարող դառնալ Վրաստանի նախագահ, քանի որ հայ է»։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի