«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2003-10-14 | #187, 2003-10-15 | #188, 2003-10-16


ՄՈՍԿՎԱՆՙ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Ռուսական մամուլի արձագանքներ

Ռուսաստանի հեռուստատեսությունը հանգամանորեն ներկայացրեց Համաշխարհային հայկական կազմակերպության համագումարի աշխատանքը, եւ նախնյաց երկրում հնարավորություն ունեցան տեսնելու ու համոզվելու, որ անցավ բարձրագույն մակարդակով։ Նույնքան հետաքրքրական էր նաեւ ծանոթանալ տեղի մամուլի մեկնաբանություններին, քանզի թերթերը հաճախ պատմում են այնպիսի «մասնավորությունների», որոնք երբեք տեղ չեն գտնում եթերում։ Համոզված էի, որ շատ նյութեր համեմված կլինեն հումորով, ինչին մեծապես նպաստեցին նախագահ Պուտինի բավականին հաջողված հայամետ սրամտությունները։ Եվ չսխալվեցի։ Վերցնենք հենց վերնագրերըՙ «Վլադիմիր Պուտինի» տպաքանակը շեշտակիորեն մեծացավ», «Մոսկվան դարձավ հայկական մայրաքաղաք։ Ճիշտ է, միայն երկու օրով», «Յուրայինՙ հայերի մեջ» եւ այլն։

Ըստ էության, բացահայտ չար նյութեր չհանդիպեցին։ Որոշ թերթեր, որոնք վերջին շրջանում ավելի շատ գրում են մեր դեմ, քան թե կողմ, նույն մարտավարությունն էին ընտրել. արձանագրել էին փաստը, բայց ելնելով Ռուսիո նախագահի ընդհանուր քաղաքական հայտարարություններից, կենտրոնացել էին Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումների, հակամարտությունների կարգավորման նկատմամբ նրա մոտեցումների եւ նմանօրինակ այլ «լուրջ» հարցերի վրա։ Թեեւ դա չէր խանգարել այդ կարգի թերթերից մեկին «նկատելու», որ պատվիրակները «Պուտինի ելույթից առաջ եւ հետո այնպիսի օվացիա սարքեցին, որ հիշեցրեց «Եդինայա Ռոսիայի» համագումարը։ Վերջին ամիսներին Պուտինը ներկա է եղել սոսկ երկու համագումարի, եւ երեկվա համաժողովի մասնակիցները դա պիտի գնահատեին։ Ըստ էության ստացվում է, որ կուսակցականներից նախագահի սրտին բոլորից շատ մոտ են «արջերը» (կուսակցության խորհրդանշանը- Ռ. Հ.), իսկ հասարակական ներկայացուցիչներիցՙ հայերը»։ «Իսկ ինչո՞ւ Պուտինը, լինելով Ռուսաստանի նախագահ, չեկավ «Ռուս» կուսակցության համագումարին», ասես «իմիջիայլոց» հարցնում է մի ուրիշ թերթ։

Թերթերը փորձել էին բացահայտել, թե ինչու հայության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրվում է ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում։ Դա անհրաժեշտ էր անել, որովհետեւ հակակովկասյան տրամադրությունների առկայության պայմաններում ռուսը չի հասկանա այս պարադոքսը։ Նշվում էր մեզ համար բնավ էլ ոչ հաճելի այն փաստը, որ հայության մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս, իսկ սփյուռքի ամենամեծ հատվածը («լիդերը») այսօր համարվում է ռուսահայությունը։ Եվ նա իր շուրջը համախմբելով մյուս գաղթօջախներին, կարող է մեծ օգնություն ցույց տալ հայրենիքին։ Այս ընդհանուր ձեւակերպման ֆոնի վրա տրված են նաեւ մասնավոր դիտարկումներ։ Հայկական կազմակերպության ու նրա առաջնորդի, գործարար հայերի միջոցով Ռուսաստանը տնտեսապես ինտեգրացվում է Հայաստանի հետ, գրում է թերթերից մեկը։ «Հարցի նման դրվածքը խիստ հարազատ է Կրեմլին։ Բայց ահա, Երեւանը խնդրում է Հայաստանի էկոնոմիկայի մեջ ներդնել արտասահմանում աշխատած միլիոնները, իսկ Ռուսաստանն ուզում է վերադարձնել դուրս բերված կապիտալը»։ Զգո՞ւմ եք տարբերությունը։ Մեկնաբանի կարծիքով, նույնիսկ այնպիսի սուր քաղաքական հարցի լուծումը, ինչպիսին Ղարաբաղի կարգավորումն է, Քոչարյանի համար տնտեսական հիմք ունի։ Եթե Պուտինը հանգամանորեն խոսում է Անդրկովկասի հակամարտությունների «փոխընդունելի» կարգավորման մասին, ապա հազիվ թե «հպարտ հայերը հասկանան իրենց նախագահին, եթե նա էլ սկսեր խոսել մասնավորապես Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասինՙ հաշվի առնելով ադրբեջանցիների շահերը»։ Առավել եւս, որ Քոչարյանին այժմ Ղարաբաղն ակնհայտորեն ավելի քիչ է անհանգստացնում, քան իր երկրի էկոնոմիկան։

Թերթերից մեկը, որ միշտ պղտորում է ռուս-հայկական հարաբերությունները, մի կողմից նշելով, որ Արա Աբրահամյանը «տաղանդավոր կազմակերպիչ է եւ Ռուսաստանի ու Հայաստանի իսկական հայրենասեր», միաժամանակ փորձել է սեպ խրել Քոչարյանի ու նրա միջեւՙ վերջինիս վերագրելով հավակնություններ, որոնց մասին նա երբեք չի հայտարարել։ «Եվ ընդհանրապես, Կրեմլն ըստ երեւույթին (զգո՞ւմ եք խուսանավումները- Ռ. Հ.) համոզված է, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին Արա Աբրահամյանն է, վստահելի կլինի եւ որոշ ժամանակ անց (շատ էլ չի մնացել) կդառնա իր երկրի լավ նախագահ»։ «Ինքնատիպ» հետեւություններից մեկի յուրացումն էլ թողնենք «Ազգի» ընթերցողներին. «Օրվա ողջ տեղի ունեցածից պարզ էր դառնում, որ եթե Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի հետ է, ապա աշխարհի մնացած հայերն Արա Աբրահամյանի հետ են»։

Մի խոսքով, համագումարը նկատվեց, արժեքավորվեց, հեռանկարային երաշխիքներ ստացավ։ Ըստ էության, այս իրադարձությունը հայության համար շատ ավելի խորն է, բազմապլան ու բազմիմաստ, քան ռուսական մամուլի գնահատականները։ Էլ չենք ասումՙ Վլադիմիր Ժիրինովսկու «խորաթափանցության» մասին հայության լուսավոր ապագայի նկատմամբ. «15 տարի հետո Արարատի վրա կփողփողա հայկական դրոշը»։ Կփողփողա, թե ոչՙ ոչ ոք չգիտի, բայց որ Վլադիմիր Պուտինը շահեց իր երկրի մոտ երեք միլիոն քաղաքացիների մեծ համակրանքըՙ անտարակուսելի է։ Առջեւում նախագահական ընտրություններն են։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4