«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2003-10-14 | #187, 2003-10-15 | #188, 2003-10-16


ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐ ԴԱՐՈՒՓՈՍՈՒՄ

Արի Աբրահամը պիտի Դարուփոս գար, բայց այս անգամ ոչ թե գործարան կամ վանք շինելու, այլ Դարուփոսի գիտնական ու գրող տղերքին լավ աչքով նայելու, նրանց չոր հացին կարագ քսելու համար։ Մինչեւ բարերարի գալն այս լուրը տարածվեց կայծակնային արագությամբ, եւ բոլորն սկսեցին տենդագին նախապատրաստվել։ Գիտնական այրերն ու տիկնայք բոլոր գծագրերը, բոլոր հաշվարկները նախապատրաստեցինՙ բարերարին ներկայացնելու համար։ Երկու-երեք օրում անգամ նոր գյուտեր արեցին, որոնցից արժանահիշատակ է անչափ հետաքրքրական մի հայտնագործությունՙ «Միաբջիջ կանանց մոտ երկվորյակներ ծնելու ֆազատրոնային հողմաղացների ազդեցությունն ալքիմիական ռեակցիաների օգնությամբ» (հեղինակՙ Փոսաթաղի բուժակ Էլթիբար Վաղո)։

Առավել ջանասիրությամբ աշխատում էին գրողները։ Նրանք, պարզվեց, հիմնականում այլախոհ են եղել եւ խորհրդափոսի ժամանակներում անխնա ձաղկել են բռնատիրական կարգերը, այդ իսկ պատճառով երբեք չեն ծաղկել։ Անկեղծ ասած, ոչ մի ժամանակ դարուփոսցի գրողը կուշտ չի եղել։ Բայց վերջին 30-40 տարումՙ առավել եւս։ Բոլորն իրենց ձեռագրերը ձեռքի սայլակներով բերին, լցրին գրողների համքարության շենքը։ Բոլոր սենյակները (թվովՙ 148), բոլոր միջանցքները (13), գրադարանը, նույնիսկ մուտքը լցվեց ձեռագրերով։ Ձեռագրերի ընդհանուր քաշը կազմեց 201 տոննա 472 կիլոգրամ։ Իսկ երբ այլեւս տեղ չկար, Կարպուշ Երկսարենց բանաստեղծն իր ձեռագրերը համքարության շենք մտցրեց պետքարանի պատուհանից եւ այդտեղ էլ լռվեց։ Համքարության բոլոր 5816 գրողները, բանաստեղծները եւ քննադատները (հիշենք, որ Դարուփոսի բնակչության թիվը չի անցնում 5 հազարից) կազմ ու պատրաստ էին Արի Աբրահամին դիմավորելու համար։

Փոքր-ինչ նեղացած էր մշակույթի տան տնօրենուհի Թամիրան։ «Ի՞նչ է, գրականությունը մշակույթ է, մշակույթը մշակույթ չէ՞», ասաց նա եւ ի հեճուկս գրողների ինքն էլ որոշեց ներկա գտնվել Արի Աբրահամի դիմավորմանը։

Եվ ահա, երբ գրողների համքարության մուտքին մոտեցավ բարերարը, գրողներից առաջ անցավ Թամիրան, սեղմեց Արի Աբրահամի ձեռքը եւ ներկայացավ։ Բարերարը փորձեց իմանալ, թե այս անուշիկ տիկինն ինչ կապ ունի գրականության հետ։ «Պրն Աբրահամ, ասաց Թամիրան, ես դեռ աղջիկ տարիներից բեմերից կարդացել եմ Սիամանթոյի «Խջեզարե» պոեմը եւ հիացած եմ Ձեր գործունեությամբՙ հանդեպ հայ գրողներս»։

Արի Աբրահամը կիրթ մարդ էր եւ այս քնքուշ տիկնոջը պատմեց, որ ինքը շատ լավ է հիշում «Սիամանթո եւ Խջեզարե» պոեմի հեղինակ Շիրազի թաղումը Երեւանում, որին ամբողջ ժողովուրդն էր մասնակցում։ «Ես էլ այնտեղ էի», ասաց Թամիրան...

Ինչ որ է, բարերարը մի կերպ անցավ գրողների միջով եւ մտավ Կլոր դահլիճ, որտեղ արդեն 6719 մարդ էր նստած... իրար շալակի, որովհետեւ այս դահլիճն ընդամենը 200 մարդ կարող էր դիմավորել։

Նախ սկսվեց Արի Աբրահամի փառաբանությունը, ապա ներկայացվեցին «ազգափրկիչ» գրքերը։ 468 հազար 316 գիրք եղավ։ Արի Աբրահամը 100 հազար կանաչ նվիրեց գրողներին։ Գրողները նրան պատվո վկայական տվեցին։ Բարերարը տեր կանգնեց եւս մեկ ժուռնալի հրատարակման։ Բարերարին մեդալ նվիրեցին։ Վերջինս (այսինքնՙ ոչ թե մեդալը, այլ բարերարը) եւս մեկ խոստում տվեց։ Դարուփոսի Սադի վերականգնման միության տիկինը փառաբանեց բարերարին եւ հիշեցրեց, որ 5 անգամ դիմել է Արի Աբրահամին, եւ վերջինս ոչ մի անգամ իրեն չի մերժել։ Այս անգամ էլ չմերժեց...

Տղերքն ուրախացան, որոշեցին օղիով թրջել օրը։ Գնացին օղի բերելու, բայց ուշացան, որովհետեւ ճամփին խմեցին...

Այնուամենայնիվ, հանդիպումն անցավ բարձր մակարդակով։ Դարուփոսի գրականությունն այլեւս փրկված է։ Դարուփոսցի ոչ մի սոված գրող այսուհետեւ չի լինի։

Դարուփոսից նամակը ստացավ եւ կարդաց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4