Չորս տարի առաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ հայ երաժշտական տեղեկատվական կենտրոնը նախաձեռնեցին «XXI-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը, որին մասնակցեցին աշխարհի շատ երկրներից հանրաճանաչ երաժիշտներ։ Այս տարվա փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին եւ ընթանալու է երկու ամիս։ Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում (ՀՊՖՆ ծրագրում Շենդերովաս, Խաչատրյան, Դվորժակ, մենակատարՙ Դավիթ Գերինգասՙ թավջութակ, Գերմանիա, դիրիժորՙ Ռոբերտաս Սերվինիկաս) մեկնարկեց փառատոնը։
Երեկ ժուռնալիստների տանը հրավիրված ասուլիսի ժամանակ կոմպոզիտոր Ստեփան Ռոստամյանը, դիրիժոր Էդ. Թոփչյանը եւ ՀԲԸՄ (փառատոնի գլխ. հովանավոր) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը, ծանոթացրին փառատոնի ծրագրին եւ խոստացան, որ առաջիկա երկու ամիսներին երաժշտասեր հասարակայնությանը կպարգեւեն անմոռանալի երեկոներ։ Փառատոնին մասնակցելու համար հրավիրվել են շատ ճանաչված ու անվանի երաժիշտներՙ Դավիթ Գերինգասը (թավջութակ) Գերմանիայից, Սիբիլլե Չոփփը (ջութակ) Շվեյցարիայից, Սաթենիկ Խորդոյանը (ջութակ) Ֆրանսիայից, Դավիթ Ֆրոյուիրթը (ջութակ) Ավստրիայից, Կարինե Գեւորգյանը (թավջութակ) Մեծ Բրիտանիայից, դիրիժորներՙ Լուկաս Գրոենՙ Նիդեռլանդներից, Նուրհան Արմանըՙ Կանադայից, Ռոբերտաս Սերվինիկասըՙ Լատվիայից եւ այլ երկրներից մենակատարներ։ Հեղինակային համերգով հանդես կգան Բոյաջյանըՙ ԱՄՆ-ից, Յուրի Բաշմետը, «Մոսկվայի մենակատարներ» անսամբլը (ՌԴ) եւ ուրիշներ։ ՀՊՖ նվագախմբի հետ բոլոր համերգների դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, մենակատարըՙ դաշնակահարուհի Ֆրանսուա Ժոել-Տիոշիերին (Ֆրանսիա), Միքայել Բալյանի, Քեթրին Հովսեփյանի նվագակցությամբ։ Փառատոնի ծրագրի հիմքը Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն են լինելու։ Կատարվելու են նաեւ Շուբերտի, Մոցարտի, Բրիտտենի, Չայկովսկու, Ռավելի, Դեբյուսիի, Շոստակովիչի, Մանսուրյանի, Վագների, Շտրաուսի, Դվորժակի, Բրամսի, Սիբելիուսի եւ այլոց ստեղծագործություններ։
Տարին հայտարարված էր խաչատրյանական, սակայն կառավարական հոբելյանական հանձնաժողովի կազմում վերջերս է ընդգրկվել ՀՊՖՆ դիրիժոր Էդ. Թոփչյանը։ Մեկ-երկու անգամ մասնակցելով նիստերին, բոյկոտել է ու որոշել հեռու մնալ... «Այնտեղ այնպիսի մարդիկ են հավաքված, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում։ Նրանց խոսակցության թեման ընդամենն այն է, թե ինչպես Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը բալետ դարձնեն...»։ Նա մեղադրեց հոբելյանական հանձնաժողովին, որը հավուր պատշաճի չի կազմակերպել Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը եւ դրանց անցկացումը։
Այս օրինակը դաս կլինի հաջորդ հանձնաժողովների համար, որ ընդգրկեն պրոֆեսիոնալ անձանց հանձնաժողովներում, որպեսզի հետո ամաչելու եւ ծիծաղելու առիթ չտանք։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ