Երեկ Հայաստանի թատերական գործիչների միությունն «Արտավազդ» մրցանակ հանձնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մոհսեն Աբութալիբիին։ Այս մրցանակին նա արժանացավ պաշտոնավարության 4 տարիների ընթացքում հայ-իրանական մշակութային կյանքում մեծ ավանդի, երկրների միջեւ բարեկամության, կապերի ամրապնդման համար։
Այս ընթացքում մշակույթի խորհրդականի շնորհիվ Հայաստանի 6 թատերախումբ հյուրախաղերով բազմիցս եղել է Իրանում։ Թատերական գործիչների գնահատմամբ քիչ դեսպանություններ են այդքան գործ արել։
Ամենամյա այս մրցանակին արժանանում են տարվա լավագույն կնոջ, լավագույն տղամարդու դերակատարման, լավագույն բեմադրության, մշակութային կյանքում մեծ վաստակի համար։ Մինչ այժմ այդ մրցանակին արժանացել են Վարդուհի Վարդերեսյանը, Մարգո Մուրադյանը, Սոս Սարգսյանը։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանն օրը ուրախ եւ տխուր համարեց. «Մենք հանդիպում ենք մեզ համար շատ հարազատ մարդկանց, բայց նաեւ հրաժեշտ ենք տալիս նրանց», ասաց նա։ Նա հույս հայտնեց, որ մշակութային գործիչների եւ երկրների միջեւ բարեկամական կապերը հավերժ կլինեն։
Աբութալիբիին շնորհավորելու եւ շնորհակալություն հայտնելու էին եկել թատերական գործիչներ, դերասաններ։ «Դուք մեզ համար ճանապարհ բացեցիք դեպի իրանական մշակույթ», ասաց Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը եւ հույս հայտնեց, որ իրենց համագործակցությունը կշարունակվի։
Ներկաները շնորհակալություն էին հայտնում խորհրդականինՙ երկրների հարեւանությունը բարեկամության վերածելու, կամուրջներ կառուցելու համար։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ