Ճարտարագիտական համալսարանի 70-ամյակի հանդիսությանը նշեց երկրի նախագահը
Երեկ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում (ԵՊՃՀ) հանդիսավոր օր էր։ Նշվում էր այս հաստատության 70-ամյակը։ Մինչ այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր նիստը, առավոտյան տեղի ունեցավ ԵՊՃՀ գիտական խորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի հոբելյանական նիստը, որին հաջորդած մեծարման արարողության ժամանակ համալսարանի կողմից պարգեւի արժանացավ հայտնի գործարար, ԵՊՃՀ շրջանավարտ եւ բարերար «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը։
70-ամյակին նվիրված նիստը բացեց համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը, որը ներկայացրեց բուհի անցյալը, ներկան եւ հեռանկարները։ Այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը կարդաց Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ եպս. Կճոյանը, որին հաջորդեցին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորանքի ելույթները։ Սակայն միջոցառման գլխավոր իրադարձությունը համալսարանի մի շարք աշխատակիցներին պետական բարձր պարգեւների հանձնումն էր։
Տարիների վաստակի եւ գիտական հաջողությունների համար նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան հանձնեց համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանին, «Անանիա Շիրակացի» շքանշաններ ակադեմիկոսներ Վադիմ Ալեքսեեւսկուն, Վանիկ Զաքարյանին, Հարություն Թերզյանին, Կոստան Կուպանյանին, պրոֆեսորներ Սենիկ Մկրտչյանին, Էմմա Սաղաթելյանին, «Մովսես Խորենացի» մեդալՙ պրոֆեսորներ Վլադիմիր Պետրոսյանին, Ռոբերտ Սարինյանին, գիտության վաստակավոր գործչի կոչումներՙ Գեորգի Արեշյանին, Նազարեթ Թովմասյանին, Իոսիֆ Տեր-Լազարովին։
Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը ներկաներին հայտնեց, որ ինքը եւս այս բուհի շրջանավարտ է եղել եւ դասախոսներից սովորածը մինչեւ այժմ տպավորվել է իր մտքում։ Նրա կարծիքով, նման զգացում ունեն դահլիճում ներկա այս բուհի շրջանավարտներից շատերը։ Նախագահը նշեց, որ համալսարանի համար եղել են դժվար տարիներ, քանի որ չաշխատող արդյունաբերությունն ամենամեծ հարվածն է այն բուհի համար, որը մասնագետներ է պատրաստում արդյունաբերության համար։ Ներկայումս, երբ տնտեսությունն աստիճանաբար ոտքի է կանգնում, համալսարանի համար երեք հանգամանքներ են կարեւորվում։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, առաջինը տնտեսության կառուցվածքի փոփոխություններին ժամանակին արձագանքելու կարողությունն է, երկրորդըՙ կապն է մասնավոր հատվածի հետ, որը տալիս է համախառն ներքին արդյունքի 85 տոկոսը, երրորդըՙ կրթական համաշխարհային չափանիշներին ինտեգրվելը։ Ավարտելով ելույթը նախագահը նշեց, որ այսօրվա մեր բուհերից է կախված երկրի վաղվա տնտեսական եւ քաղաքական վարկը։
Երեկվա հանդիսությանը, բնականաբար, մասնակցում էին եւ շնորհավորանքի խոսքեր ասացին նաեւ Հայաստանի եւ արտերկրի բուհերի ղեկավարները, գործարարներ եւ գիտության ներկայացուցիչներ։
Ս. Մ.