«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2003-10-14 | #187, 2003-10-15 | #188, 2003-10-16


ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃՙ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Հանքարդյունաբերությունն այս տարվա 9 ամիսներին տվել է 64,5 մլրդ դրամի արտադրանք, ինչը 13 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին երեկ հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը։ Զգալի աճ արձանագրած ձեռնարկություններն են «Արմենալը», Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Էյ Սի Փին» («Մանես եւ Վալեքս»), Մաքուր երկաթի գործարանը։

Շինանյութերի արտադրությունը կազմել է մոտ 5,4 մլրդ դրամ։ Աճն այստեղ եղել է 7 տոկոս։ Առավել արագընթաց աճ արձանագրել է «Արարատ-ցեմենտը»ՙ 47 տոկոսով։ «Միկա-ցեմենտը» աճ չի ունեցել։

Արտահանման աճը ոլորտում, ըստ վարչության պետի, կազմել է 35 տոկոս։ Սակայն նման ցուցանիշն արձանագրվել է հիմնականում մետաղների միջազգային գների բարձրացման շնորհիվ։ Այսպես, մոլիբդենի 1 տոննայի արժեքն այժմ կազմում է 11 հազ. դոլար, իսկ ոսկու մեկ ունցիայինըՙ 375-380 դոլար։

Առանձին ձեռնարկությունների անդրադառնալով, Արթուր Աշուղյանը հայտնեց, որ ոլորտի առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հասել է իր նախագծային հզորություններին եւ կայուն արտադրություն ունի։ Այս տարի թողարկել է 19 մլրդ դրամի արտադրանք։ Կապանի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտադրանքի աճը կազմել է 74 տոկոս։ Գործարանը ձեռք բերած շվեյցարական «Դենո» ընկերությունը 7-7,5 մլն դոլարի ներդրումներ է կատարել։ Ագարակի կոմբինատի աճը մոտ 30 տոկոս է եղել։ Մեր հարցին, թե որքա՞ն են պաշարներն այս հանքավայրում, վարչության պետը պատասխանեց, որ դրանք մոտ 10-12 տարվա աշխատանքային գործունեության համար բավարար են։ Բացի այդ, Ագարակի շրջակայքում կան նաեւ այլ մետաղական հանքավայրեր։

«Արմենալը» վերազինման ծրագիր ունի, որի համար ձեռնարկության սեփականատեր «Ռուսալ» ընկերությունը միջազգային մրցույթ է հայտարարել։ Նպատակն է ունենալ 7 միկրոն հաստությամբ փայլաթիթեղի արտադրության փակ ցիկլ։ Այս հաստատության փայլաթիթեղը ներկայումս ամենամեծ պահանջարկն ունի միջազգային շուկայում։ Այս ծրագրի արդյունքում ակնկալվում է 32-34 մլն դոլարի ներդրում։ Իսկ լեռնային մետալուրգիայում այս տարվա ընթացքում կատարված ներդրումներն ընդհանրապես, Արթուր Աշուղյանի տվյալներով, կազմում են մոտ 17 մլն դոլար։

Պղնձարդյունաբերության մեկ այլ ձեռնարկությանՙ Ախթալայի ֆաբրիկայի մասին խոսելիս, վարչության պետն այստեղի հիմնական խնդիրը համարեց հանքավայրերի պաշարների ճշտումը։ Սկսած խորհրդային տարիներից Շամլուղի, Ախթալայի հանքավայրի պաշարները ցույց են տրվել ավելի շատ, քան իրականում առկա են։

Հանքաքարերի արդյունահանման ոլորտի մասին Արթուր Աշուղյանը հայտնեց, որ հանքավայրերի շահագործումը տրվում է 12 տարով։ Լիցենզիոն տուրքը տարեկան 1000 դոլար է։ Արդյունահանման ծավալների 50 տոկոսից ցածր նվազման դեպքում լիցենզիայի գործունեությունը դադարեցվում է։ Ներկայումս քարհանքերի շահագործման մոտ 300 լիցենզիա կա տրված։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4