«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2003-10-15 | #188, 2003-10-16 | #189, 2003-10-17


«ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ԼԱՎ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ»

Պնդում է Եվրախորհրդի դիտորդ Մարտինես-Կասանը, մինչ ոստիկանությունը դաժանորեն ծեծում է ցուցարարներին

Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւի հաղթանակը միանգամայն ենթադրելի էր։ Դրանում նույնիսկ չէր կասկածում ադրբեջանական ընդդիմությունը։ Այլ կերպՙ ընտրությունների արդյունքները նախապես կանխորոշված էին, ընդ որում Վաշինգտոնում, որտեղ նախագահ Ջորջ Բուշն ու նրա վարչակարգը դեռ ընտրությունները չկայացած Իլհամին հաղթանակ էին «շնորհել»։

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Իլհամ Ալիեւի Վաշինգտոն եւ Նյու Յորք կատարած երկու այցերին, ԱՄՆ-ի ղեկավարության հետ հանդիպումներին, ինչպես նաեւ նրա օգտին արագորեն շռայլված քաղաքական հայտարարություններին։ Ուրեմն, կրտսեր Ալիեւին նախապես հաջողվել էր ապավինել Բուշի վարչակարգի աջակցությանն այնպես, ինչպես նախագահ ընտրվելիս Ջորջ Բուշն ապավինեց ԱՄՆ-ի հրեական կառույցներինՙ ապահովելու ընտրություններում հաղթանակը։

ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարեւոր է ոչ միայն նախագահ ընտրվելու, ընտրություններում կատարված կեղծիքները ժողովրդավարության միջազգային չափանիշներին հարմարեցնելու, կեղծիքներով ձեռք բերված հաղթանակը այլ պետությունների հավանությանն արժանացնելու եւ հատկապես օտարերկրյա դիտորդական առաքելությունների բարեհաճ վերաբերմունքն ապահովելու առումներով։

ԱՄՆ-ի բարերար ազդեցությունը միջազգային հանրության, առավելապես այդ հանրությունը ներկայացնող դիտորդների վրա ակնհայտ է։ Քանի որ վերջիններիս գործունեության հիմքում ժողովրդավարության միջազգային չափանիշներն են, ուստի դիտորդների հետ ԱՄՆ-ի բարերար ազդեցությունն իրենց վրա են կրում նաեւ այդ չափանիշները։ Հատկանշական է, որ ընտրությունների պարագայում, երբ ապահովված է Վաշինգտոնի աջակցությունը, ամերիկյան ազդեցությունից խուսափելն անխուսափելի է դառնում։ Թերեւս դա էր պատճառը, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում նախապես «Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարի թեկնածությունը պաշտպանող Թուրքիան հանկարծ վերանայեց թեկնածուների նկատմամբ իր դիրքորոշումը եւ սկսեց պաշտպանել Իլհամ Ալիեւին։

Թուրքական թերթերը ժամանակին գրել էին դրա առնչությամբ։ Դրանցից «Զամանն» էլ հոկտեմբերի 16-ի համարում գրում է ընտրությունների նախնական արդյունքների մասին, ըստ որոնց նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 71 տոկոսը, ընտրողների 81 տոկոսը քվեարկել է Ալիեւի, 10,74 տոկոսըՙ Իսա Ղամբարի, 2,93 տոկոսըՙ Լալե Հաջիեւայի, իսկ 2,34 տոկոսըՙ Էթիբար Մամեդովի օգտին։

Ըստ «Զամանի», ընտրությունների ընթացքին հետեւել են շուրջ 42 հազար դիտորդներ, որոնցից 1000-ըՙ միջազգային։ Ինչ վերաբերում է միջազգային դիտորդներին, ապա նրանցից Գուլերմո Մարտինես-Կասանը, որն իսպանացի է եւ ներկայացնում է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը, պատասխանել է Բաքվում «Զամանի» սեփական թղթակից Մեհմեդ Յըլմազի հարցերին։ Նա ասել է, որ «ընտրություններն ընթացան հանգիստ մթնոլորտում եւ վերին աստիճանի կանոնավոր ու լավ էին կազմակերպված»։ Մարտինես-Կասանը նշել է, որ կարեւորն ընտրությունների նշանակությունն է Ադրբեջանի համար, այլ ոչ թե հաղթող թեկնածուի անունը եւ միաժամանակ ընդգծել Իլհամ Ալիեւի ընտրությամբ Ադրբեջանի նոր ժամանակաշրջանի սկզբնավորման փաստը։

Երբ «Զամանի» թղթակիցը խնդրել է համեմատել նախորդ ընտրությունների հետ, Մարտինես-Կասանը նրան ասել է. «Այս ընտրություններն ավելի լավ էին, քան 1998 թ. ընտրություններն են եղել»։ Մինչդեռ ադրբեջանցի ընտրողները Իլհամ Ալիեւի հաղթանակը բողոքարկել են, իսկ միջազգային դիտորդները, որոնցից է Մարտինես-Կասանը, բողոքարարներին ոստիկանության հաշվեհարդարից ազատելու համար կողմերի միջեւ նաեւ միջնորդական առաքելությամբ են հանդես եկել, բայցՙ ապարդյուն։ Չնայած դրան, ոստիկանությունը դիտորդների ներկայությամբ անխնա ծեծել է ցուցարարներին։

Ուրեմն, ԱՄՆ-ի աջակցությամբ ոչ միայն օրինական է դառնում ընտրություններում ամերիկյան թեկնածուի օգտին կատարված կեղծիքը, այլեւ դրա հարմարեցումը ժողովրդավարության միջազգային չափանիշների պահանջներին ապահովելու համար հիպնոսացնում է միջազգային դիտորդներին։ Այսպիսով, դիտորդները զրկվում են իրենց անմիջական ներկայությամբ կատարված հաշվեհարդարը նկատելու կարողությունից։ Սա նշանակում է, որ միջազգային դիտորդների ներկայությունն էլ հաշվեհարդարն է հարմարեցնում ժողովրդավարության միջազգային չափանիշներին։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4