«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2003-10-15 | #188, 2003-10-16 | #189, 2003-10-17


ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցների ընդունմանը։ Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ Դամասկոսի նկատմամբ նման միջոցների ձեռնարկման օգտին արտահայտվել են 398 կոնգրեսականներ, դեմՙ 4-ը։

Կոնգրեսի ստորին պալատի որոշումը մեկնաբանելով, պալատի մերձավորարեւելյան միջազգային հարաբերությունների ենթակոմիտեի նախագահ Այլինա Ռոսլետինենը հայտարարել է. «Սիրիայի իշխանությունների վրա ներգործելու դիվանագիտական միջոցներն ապարդյուն անցան։ Ժամանակն է մեր խոսքերն ամրապնդելու կոնկրետ, շոշափելի պատժամիջոցներով»։

Ներկայացուցիչների պալատի որոշմանը հավանություն են տալիս սենատորներից շատերը։ Դրան դեմ չէ նաեւ Սպիտակ տունը, որն անցյալում ավելորդ եւ «առճակատային» էր համարել առաջարկված հակասիրիական բանաձեւը։ Ընդունված որոշումը հիմնավորվում է ԱՄՆ-ի այն պնդումներով, թե Սիրիան ապաստան է տալիս ահաբեկիչներին եւ գաղտնաբար զանգվածային բնաջնջման զենք է մշակում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4