«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2003-10-15 | #188, 2003-10-16 | #189, 2003-10-17


ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՂԱՊԱՐ ՉԷ, ԱՅԼ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

Իսկ մենք տառապում ենք մեր իսկ ստեղծած կաղապարներից....

Էթնիկ կաղապարները, որ հետզհետե խորանում են մեր հասարակության մեջ, ամենից առաջ դրսեւորվում են հայրենակցական, սոցիալական կամ այլ խմբերի առաջացմամբ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախագահական ու խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ անձնական շահեր հետապնդողները գործել են առավելապես հայրենակցական կամ մեկ այլ հենքի վրաՙ արհամարհանք ու մինչեւ անգամ ատելություն սերմանելով միմյանց նկատմամբ։ Հասարակության տարանջատումը, կասկածի ու վախի մթնոլորտը, մարդկային ամենապարզ հարաբերություններում հաճախակի նկատվող սառնությունն ու կոշտությունը, բնական է, իրենց բացասական կնիքն են թողնում յուրաքանչյուրիս անհատականության վրա, երբեմն էլ հուսահատության դուռը հասցնում եւ ստիպում խորհել ու գտնել դրանց դեմն առնելու մեթոդները։ Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու նպատակով զրուցեցինք պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, էթնոսոցիոլոգ Ռուբեն Օհանջանյանի հետ։

«Ազգային կաղապարներից ամենատարածվածն այսօր էթնիկ կաղապարն է, որեւէ խմբի սխեմատիկ, ընդհանրացված կերպարը։ Ազգային բնավորություն հասկացությունը հաճախ շփոթում ենք ազգային կաղապար հասկացության հետ։ Ազգային բնավորություն տերմինն, ընդհանուր առմամբ քիչ է գործածվում գիտության մեջ։ Բնավորության որոշ գծերի մասին խոսվում է, եթե դրանք հաստատուն են, բնորոշ ազգի մեծամասնությանը, միայն այդ դեպքում են դրանց անվանում ազգային բնավորության գիծ։ Բայց այդօրինակ հետազոտությունները, կարելի է ասել, բավականին քիչ են։

Մենք հաճախակի ենք լսում «հայերն աշխատասեր են», իսկ «վրացիները ծույլ են» արտահայտությունները։ Իսկ ի՞նչ է, չինացիներն աշխատասեր չե՞ն։ Սրանք պարզագույն սխեմաներ են, որոնց մեջ այնքան շատ է հուզական մոտեցումը։ Բոլոր դիտարկումները ցույց են տվել, որ էթնիկ կաղապարի մեջ հուզական երանգը շատ հզոր է։ Հայ իրականության մեջ բավականին ուսումնասիրված է հայերի վերաբերմունքը ռուսների, ադրբեջանցիների, վրացիների, ինչպես նաեւ հայերի վերաբերմունքը հենց իրենց նկատմամբ։ 80¬ական թվականներին դրանք դիտվում էին իբրեւ ազգային հարաբերությունների չափանիշներ։

Ազգային յուրահատկությունները, ցավոք, շփոթում ենք ազգային բնավորության հետ։ Իսկ ինչի՞ հիման վրա ենք ասում, որ հայերն աշխատասեր են։ Նախ պետք է հետազոտել, թե որչափ է դա մեզ բնորոշ քանակային առումով, հետո համեմատել մեկ այլ ազգի նույն հատկանիշի հետ։ Եթե իրատես լինենք, ապա աշխատասիրությունը բնորոշ է բոլոր ազգերին։ Ուրեմն դա ոչ թե ազգային հատկանիշ է, այլ պարզապես մարդկային։ Նույնը կարելի է ասել այլ հատկանիշների վերաբերյալ։ Ազգային հոգեբանությունն ուսումնասիրելի է ամենից առաջ մշակույթի միջոցով։ Համաշխարհային հետազոտությունները կատարվում են հենց այս ուղղությամբ։ Հիշենք, որ ամերիկացիները ճապոնացիների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու նպատակով առաջնակարգ գիտնականների ուղարկեցին Ճապոնիա, որպեսզի խորությամբ ճանաչեն նրանց հոգեբանությունը եւ ըստ այդմ համապատասխան քայլեր ձեռնարկեն ճապոնացիների անբարյացակամ վերաբերմունքը իրենց հանդեպ փոխելու համար։ Ի պատիվ գիտնականների, դա լիովին հաջողվեց։ Բնավ պատահական չէ, որ Մ. Նահանգների Պետդեպարտամենտում մշտապես աշխատում են հզոր գիտնականներ, որոնք հետազոտություններ են կատարումՙ պետական ճկուն քաղաքականություն մշակելու ուղղությամբ»։

Պրն Օհանջանյանը նկատեց, որ մեր իրականության մեջ սովորական երեւույթ է դարձել ժողովրդի ազգային գիտակցության վրա խաղալը։ Եթե որեւէ քաղաքական ուժ կամ դեմք ցանկանում է շահեկան հարցեր լուծելՙ նրա համար հրաշալի միջոց է դարձել «ազգային» բառը գործածելով հոծ խմբեր տանել իր ետեւից։ Ի դեպ, դա բնորոշ է ոչ միայն մեր իրականությանը, այլեւ շատ երկրների, բացառությամբՙ նորմալ ժողովրդավարական երկրների, որտեղ գործում են հատուկ պատժամիջոցներ։ Անշուշտ, ժողովրդավարական երկրներում էլ են ազգային խնդիրներ առաջանում, սակայն սոսկ կենցաղային մակարդակովՙ կապված վերաբնակվողների սոցիալական հարցերի, մշակութային զարգացման եւ այլ հարցերի հետ։

Ճապոնացիներն իրենց էթնիկ ինքնագիտակցությամբ թերեւս ամենահզորն են աշխարհում, զուր չէ, որ ազգային հոգեբանության ուսումնասիրման հարցերով այնտեղ զբաղվում է մի ամբողջ ինստիտուտ, որը բացահայտում է ազգի թե՛ դրական, թե՛ բացասական հատկանիշները։

«Ամեն մի ժողովուրդ ինքն է պահպանում իր յուրահատկությունները, ազգը մնում է ազգՙ նախ եւ առաջ իր ինքնագիտակցությամբ։ «Ես հայ եմ»ՙ այս գիտակցությունը պետք է շատ ամուր լինի մեր մեջ։ Ազգային հատկանիշներից ամենակարեւորը էթնիկ ինքնագիտակցությունն է կամ ինքնությունը։

Չմոռանանք, սակայն, որ յուրաքանչյուր ժողովրդի վարքը կարգավորվում է քաղաքական էլիտայի վարքի միջոցով։ Մինչդեռ մեր քաղաքական էլիտային հատուկ է խոսքի եւ գործի հակասությունը։ Փոքր երկիր ենք, ամեն ինչ տեսանելի է ժողովրդին։

Մեր առջեւ ծառացած ամենալուրջ խնդիրը ժողովրդավարության խնդիրն է։ Եթե այսօր կարգի չբերենք մեր երկրի մթնոլորտը, ապա առնվազն 15 տարի հետո կկանգնենք ժողովրդավարական աղետի առաջ։ Հիմա էլ մոդայիկ արտահայտություն է դարձել, թե ժողովրդի մտածելակերպն է ամեն ինչում մեղավորը, դա է պետք փոխել։ Ինքնախաբեություն է այդպես մտածելը։

Եթե շատերին թվում է, թե միայն տնտեսական վիճակը բարելավելով կհասնենք ազգային մեծ նպատակների ու կվերացնենք արտագաղթը, սխալվում են, որովհետեւ սոցիալական անարդարության, անօրինականության մթնոլորտի պայմաններում ժողովուրդն էլի կգնա օտար ափերում իր տեղը գտնելու, կգնա, որովհետեւ մեր ժողովուրդը չի սիրում խաբվել։ Մեր ժողովուրդը հանգիստ է տանում դժվարությունները, երբ դրանց հիմքում ընկած են ճշմարտությունն ու արդարությունը», մեր զրույցի ավարտին ասաց պրն Օհանջանյանը։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4