«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2003-10-15 | #188, 2003-10-16 | #189, 2003-10-17


ՀԱՅ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏԸ

Հայ մշակույթը եւս մեկ ծանր կորուստ կրեց։ 66 տարեկանում իր մահկանացուն կնքեց ճանաչված կինոգործիչ, օպերատոր, ռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սերգեյ Իսրայելյանը։

Իսրայելյանն իր գործունեությունն սկսել է 60-ական թվականներիցՙ անցնելով կինոարտադրության բոլոր ճանապարհներով։ Եվ պատահական չէ, երբ ավարտելով Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական պետական ինստիտուտըՙ սկսեց օպերատորական առաջին աշխատանքները, արդեն իր գործի գիտակ էր համարվում։ Ու կրկին պատահական չէ, որ 20-րդ դարի մեծագույն ռեժիսորներից մեկըՙ Հենրիկ Մալյանն սկսեց աշխատել հենց Սերգեյ Իսրայելյանի հետ։ Տարիների ընթացքում ստեղծված այս գործընկերության արդյունքում ծնվեցին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Նահապետն» ու «Եռանկյունին», իսկ Յուրի Երզնկյանի հետ նկարահանած «Խաթաբալա» ֆիլմն արժանացավ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի մրցանակին (օպերատորական աշխատանքի համար)։

Սերգեյ Իսրայելյանը մեծ հաջողությամբ ներկայացավ նաեւ որպես կինոռեժիսորՙ նկարահանելով «Գիքոր», «Սպիտակ անուրջներ», «Պատանդներ» ֆիլմերը։

Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց, 1987 թվականից Սերգեյ Իսրայելյանը ղեկավարում էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, իսկ 1996-ից Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անդամ էր։ 1998 եւ 2003 թվականներին Սերգեյ Իսրայելյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորՙ մասնակցելով ՀՀ օրենքների ստեղծմանը։

Արվեստագետ մարդու, հասարակական գործչիՙ Սերգեյ Իսրայելյանի տեսակը մեզանում դեռ իր պակասը զգացնել է տալու։

Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ

***

Հայաստանի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչությունը խորապես ցավակցում է նշանավոր կինոգործիչ, ԱԺ պատգամավոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀԹՄՄ Կենտրոնական վարչության անդամ Սերգեյ Իսրայելյանի մահվան կապակցությամբ։

ՀԹՄՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4