Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի (1-1) խաղաց Բուլղարիայի առաջին թիմի հետ։ Մեր թիմի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը խաղաղ դաշն կնքեցին համապատասխանաբար Անտոանետա Ստեֆանովայի եւ Էմիլիա Ջինգարովայի հետ։ Այդ ոչ-ոքին հնարավորություն տվեց Ռուսաստանի ընտրանուն շրջանցելու մեր հավաքականին եւ գլխավորելու աղյուսակը։ Ռուսները 2-0 հաշվով պարտության մատնեցին անգլուհիներին։ Իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին Սվետլանա Մատվեեւան եւ Ալեքսանդրա Կոստենյուկը։ 5 տուրից հետո Ռուսաստանի հավաքականը 9 միավորով (ընդհանուր միավորների քանակըՙ 8) ստանձնել է առաջատարի դերը։ Մեր ընտրանին 8 միավորով 2-րդ հորիզոնականում է եւ վաստակած ընդհանուր միավորների քանակով (7,5) գերազանցում է միեւնույն արդյունքն ունեցող լեհերին (7 միավոր) եւ Բուլղարիայի առաջին թիմին (6,5)։ 7-ական միավորով հաջորդ տեղերում են Ուկրաինայի եւ Ֆրանսիայի հավաքականները, որոնց միջեւ կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (1-1)։ Լեհաստանի հավաքականը 1,5-0,5 հաշվով հաղթեց վրաց շախմատիստուհիներին, իսկ հունգարուհիներն առավելության հասան լիտվուհիների նկատմամբ (2-0)։
Տղամարդկանց մրցաշարում ուշադրության կենտրոնում Ռուսաստան-Իսրայել մրցախաղն էր։ Ռուսներին այդ մրցամարտում հաղթանակ պարգեւեց Գրիշչուկըՙ պարտության մատնելով Սուտովսկուն։ Մյուս երեք պարտիաներումՙ Սվիդլեր-Գելֆանդ, Բարեեւ-Սմիրին, Մորոզեւիչ-Ավրուխ, գրանցվեցին ոչ-ոքիներ։ Այսպիսով, Ռուսաստանի ընտրանին հարյուր տոկոսանոց արդյունքով (10 միավոր) միանձնյա գլխավորում է աղյուսակը։ 2-րդ տեղում անսպասելիորեն հայտնվեց Ադրբեջանի թիմը, որը 2,5-1,5 հաշվով հաղթեց Սլովենիայի հավաքականին եւ վաստակեց 9 միավոր։ 8-ական միավորով 3-4-րդ տեղերում են ֆրանսիացիներն ու իսրայելցիները։ Ֆրանսիայի շախմատիստները 2,5-1,5 հաշվով հաղթեցին գերմանացիներին։ Բելառուս-Հոլանդիա խաղն ավարտվեց ոչ-ոքի։