Այս տարի Վարդենիսի տարածաշրջանում կարտոֆիլի բերքն առատ էր։ Այս փաստը երեկ նշում էին Վանեւան, Ծովակ գյուղերի եւ Վարդենիս քաղաքի բնակիչները, որոնք այս օրերին «Մուլտի գրուպ» կոնցեռնի ցանքատարածքներում բերքահավաքի են մասնակցում։
Տեսարանը տպավորիչ էր, մանավանդ մեր օրերում, երբ գյուղատնտեսության մեջ կոլեկտիվ աշխատանքի չես հանդիպի։ Շուրջ 500 մարդ են աշխատում այստեղ, օրական 2000 դրամ վարձավճար եւ օգնություն «Մուլտի գրուպից»ՙ կարտոֆիլ, ալյուր եւ, իհարկե, «Կոտայք» գարեջուր։
«Շատ գոհ ենք, որ Գագիկ Ծառուկյանն օգնում է մեզ։ Աշխատելու հնարավորություն ունենք, ընտանիքի կարիքներն էլ կարողանում ենք հոգալ։ Երեխաներին շորով, կոշիկով, դասագրքերով կարողանում ենք ապահովել», նշում էին գյուղացիները։
Այս տարի յուրաքանչյուր հեկտարից շուրջ 40-50 տոննա կարտոֆիլի բերք է ստացվել (մշակվել է 120 հեկտար)։ Անցյալ տարի այն կերակրեց մեր բանակի զինվորներին։ Այս տարի եւս «Մուլտի գրուպը» պաշտպանության նախարարության հետ պայմանագիր ունի, սակայն բերքն ավելի է, քան անցյալ տարի, եւ կընդգրկվեն իրացման նոր շուկաներ։
«Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ Գեղարքունիքի մարզ էր մեկնել տեսնելուՙ ինչպես է ընթանում բերքահավաքը, զրուցելու գյուղացիների հետ։ Գագիկ Ծառուկյանի խոսքով, տարեց տարի ընդլայնվում է «Մուլտի գրուպի» գործունեությունն այս տարածաշրջանում։ Առայժմ օգտագործվել է 120 հեկտար հողատարածք, առաջիկայում կմշակվեն ցորենի նոր տարածքներ։ Բնականաբար, սա ենթադրում է աշխատանք եւս տասնյակ հարյուրավոր գյուղացիների համար։
Սովորաբար օգնողին են օգնության խնդրանքով դիմում։ Այս պարագայում էլ, երբ Գագիկ Ծառուկյանին շրջապատողն անապահով խավն էր, տարբեր սոցիալական խնդրանքներն անպակաս էին։ Դրանցից ոչ մեկը չմերժվեց։ Բնականաբար։
Մ. Հ.