«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2003-10-16 | #189, 2003-10-17 | #190, 2003-10-18


ՍՈՒՄԳԱՅԻԹ, ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ԱՅՍ ԱՆԳԱՄՙ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ

Ադրբեջանական «ժողովրդավարությունը» չդիմացավ Ալիեւների բռնապետությանը։ Բաքվում բռնությունները որակում են պետական հեղաշրջման փորձ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի

Նախկին խորհրդային տարածքում դինաստիայի հաստատմանՙ իշխանությունը հորից որդուն փոխանցելու առաջին փորձը հաջող քննություն բռնեց. Ադրբեջանում մոտ երեք տասնամյակ իշխած Հեյդար Ալիեւն իշխանությունը փոխանցեց նախիջեւանյան կլանի երեւելի դեմքերից իր որդունՙ խաղամոլի եւ կնամոլի համբավ վայելող Իլհամ Ալիեւին։

«Իլհամ Ալիեւն Ադրբեջանի նախագահական ընտրություններում ժողովրդի սիրելի թեկնածուն է», ընտրությունների օրը հայտարարել էր արդեն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, հավելելով, որ «երեկոյան Ալիեւների ընտանիքը նշելու է Իլհամի հաղթանակը, ինչի մասին տեղեկացվելու է Հեյդար Ալիեւին»։

«Հեյդար Ալիեւը Քլիվլենդում ինտերնետով եւ ադրբեջանական հեռուստատեսությամբ հետեւում է Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին», ասել է արդեն Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիեւը։

Ադրբեջանական պետական հեռուստատեսությունը ցուցադրում է Բաքվում տեղի ունեցած բռնությունների այն կադրերը, որտեղ նախագահական ընտրություններում պարտված Իսա Ղամբարի կողմնակիցները (ջարդարարները ներկայացվում են որպես մուսավաթականներ) ջարդուփշուր են անում խանութների ցուցափեղկերը, ավտոմեքենաները, ոտքերի տակ սպանում ոստիկաններին։ Հստակ նկատելի է, որ Ադրբեջանում փորձ է արվում ձեւավորել հասարակական կարծիք եւ ժողովրդին համոզել, որ մուսավաթականները փորձում են տապալել մոտ 80 տոկոս քվեներ ստացած Իլհամ Ալիեւին։

Երեկ երեկոյան վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հաղորդեց, որ Իսա Ղամբարը տնային կալանքի տակ է, իսկ նրա թիկնապահները ձերբակալված են։ Ամենայն հավանականությամբ, արդեն այսօր առավոտյան Ղամբարը կկալանավորվի։

«Ազգը» կապվեց Ղամբարի մամլո խոսնակ Մեհման Ջավադօղլուի հետՙ պարզելու, թե ինչքան են հավանական «Մուսավաթ» կուսակցությունն արգելելու, մուսավաթականներին ճաղավանդակների հետեւում տեղադրելու մասին տարածվող խոսակցությունները։

«Նրանք չեն կարող կուսակցութունն արգելել։ Ժողովուրդը դուրս էր եկել փողոցՙ պահանջելու արդարություն, եւ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը», ասաց Ջավադօղլուն։

Ջավադօղլուն չհաստատեց Ղամբարիՙ տնային կալանքի տակ առնելու մասին տարածված լուրը, հավելելով, որ Բաքվում արդեն ամեն ինչ խաղաղ է։

Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը ուրբաթ կեսօրին ադրբեջանական հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Բաքվի բռնությունների կազմակերպմանն անմիջական մասնակից են Իսա Ղամբարը, նրա տեղակալ Ալիֆ Գաջիեւը, խորհրդարանական Իղբալ Աղազադեն, այլ մուսավաթականներ։

«Նրանք փորձում են պետական հեղաշրջման ճանապարհով Ադրբեջանում զավթել իշխանությունը, բայց դա չի հաջողվի», ասաց Ուսուբովը։

Երեկ Ադրբեջանի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Ղամբարի կողմնակիցներից Իղբալ Աղազադեին («Ումիդ» կուսակցության առաջնորդ), ինչը նշանակում է, որ նրա համար խուց Գոբուստանի բանտում ապահովված է։

Վրացական հեռուստաընկերությունները երեկ շարունակ ցուցադրում էին Բաքվի արյունահեղությունը։ Ցուցադրվող կադրերը հիշեցնում էին մոտ 15 տարի առաջ Բաքվի, Սումգայիթի հայկական ջարդերը։ Եվ ինչպես այն ժամանակ խոշոր պետությունները չդատապարտեցին տեղի ունեցածը, այս անգամ էլ սցենարը նույնն էր։ Եվ երբ հոկտեմբերի 16-ին Բաքվում արյուն էր թափվում, նախագահներ Վլ. Պուտինը, Էդ. Շեւարդնաձեն, Լ. Կուչման, Ա. Սեզերը շնորհավորական ուղերձներ էին հղում Իլհամ Ալիեւին։

Վաղօրոք պարզ էր, որ խոշոր տերությունները համաձայն են Ադրբեջանում Հ. Ալիեւի փոխարեն նախագահի պաշտոնում տեսնելու Իլհամին, անկախ նրանից, թե ինչ գնով կհաջողվի իշխանությունը փոխանցել որդուն։ Ի. Ալիեւի ընտրությանը հավանություն են տվել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան։ Ինչ վերաբերում է Վրաստանին եւ այդ երկրի նախագահ Էդ. Շեւարդնաձեին, ապա այս դեպքում դեր խաղաց միշտ առաջինը լինելու սովորությունը։

Դեռեւս պարզ չէՙ հայր Ալիեւը ո՞ղջ է, թե՞ ոչ։ Սակայն սա չի խանգարել, որ պաշտոնական Վրաստանը երկու անգամ ցավակցություն հայտնի եւ ողբա Ալիեւի մահը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4