«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2003-10-16 | #189, 2003-10-17 | #190, 2003-10-18


ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍ-ՄԱՐԶԻԿԸ

Ոգու մեծություններ կան, որոնց արժեքներն իմաստավորելու համար բառարաններում դեռ բառեր չկան։

Գ. Նժդեհ

Արցախյան ազատամարտին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաեւ մեր անվանի շատ մարզիկներ։ Նրանցից մեկըՙ բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, նախկին ԽՍՀՄ եւ միջազգային մրցաշարերի մրցանակակիր Գագիկ Ստեփանյանը, որին մարտական ընկերները Հեթանոս Գագո էին անվանում, Օմարի բարձունքի համար մղվող պայքարում զոհվեց հերոսաբար։ Հայրենիքը բարձր գնահատեց նրա սխրանքը։ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության եւ արիության համար Գագիկ Ստեփանյանին հետմահու շնորհվեց հերոսի կոչումՙ պարգեւատրելով «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Մայրաքաղաքի թիվ 135 դպրոցը, որում ժամանակին սովորել է Գագիկ Ստեփանյանը, անվանվեց հերոսի անվամբ։ Վերջերս դպրոցի կոլեկտիվն իր արժանահիշատակ սանով հպարտանալու եւս մեկ առիթ ունեցավ։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ, արձագանքելով հայ մայրերի երախտագիտական դիմում-նամակին, ինչպես նաեւ ԵԿՄ վարչության անդամ Ալբերտ Բազեյանի երաշխավորագրին, Գագիկ Ստեփանյանը պարգեւատրվել է «Մայրական երախտագիտության» պատվավոր մեդալով։

Գագիկ Ստեփանյանի հրամանատարությամբ Օմարի բարձունքի համար մղված կատաղի մարտերին մասնակցած Լեւոն Ալամշարյանն այսօր էլ մեծ հուզմունքով է հիշում իր քաջարի հրամանատարի կյանքի վերջին օրը։ Ադրբեջանցիներն Օմարի լեռնանցքի համար կատաղի մարտեր էին մղում։ Նախորդ օրերին գրոհելով 3-րդ պահակակետը, որը պաշտպանում էին ՆԳՆ ներքին զորքերի «Թայֆուն» ջոկատի մարտիկները Գագիկ Ստեփանյանի հրամանատարությամբ, թշնամին մեծ կորուստներ կրելով, հետ էր քաշվել։ Սակայն մարտի 16-ին օգտվելով թանձր մառախուղից, ադրբեջանցիներն ընդհուպ մոտեցել էին հայկական դիրքերին։ Անհավասար մարտում թշնամուն հաջողվեց շրջապատման մեջ վերցնել պահակակետի 12 պաշտպաններին։ Հրամանատարը վիրավորվեց, սակայն չլքեց դիրքերը։ Նա մտածում էր իր մարտիկներին փրկելու մասին։ Հնարավոր էր ձորակով իջնել, փրկվել։ Նա հրամայեց իր մարտիկներին նահանջել, իսկ ինքը մնաց դիրքերում։ Ադրբեջանցիներն առաջարկեցին նրան հանձնվելՙ խոստանալով պահպանել կյանքը։ Մերժում ստանալով, նրանք փորձեցին գերի վերցնել հրամանատարինՙ նետվելով դեպի խրամատները։ Այդ պահին ոտքից վիրավոր Հեթանոս Գագոն ողջ հասակով կանգնեց թշնամու առջեւ եւ կրակ բացեց նրանց վրա։ Ադրբեջանցիները մի պահ ապշել էին դեպքերի նման շրջադարձից, ապա ուշքի գալով կրակ բացեցին։

Միայն երեք օր հետո, երբ հայկական ստորաբաժանումների օգնությամբ արցախցի 9-ը խիզախ ազատամարտիկներ հրամանատար «Օխոտնիկ Միշայի» գլխավորությամբ կրկին ազատագրեցին բարձունքը, հայտնաբերվեց Հեթանոս Գագոյի դին։ Նրա մի ձեռքում հրազենն էր, մյուսումՙ նռնակի օղակը...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4