ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 17-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ.Սարգսյանը, ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքը տարեկան 9 տոկոս, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 20 տոկոս, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 5 տոկոս։
Խորհուրդը որոշեց լրացումներ կատարել «ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնություններ» կանոնակարգ 9-ում։
ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է ֆինանսական շուկայում ԿԲ գործառնությունների տոկոսադրույքների սահմանման վերաբերյալ ԿԲ խորհրդի հոկտեմբերի 3-ի նիստում ընդունված որոշման հիմնավորումը։ «Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակը եւ ֆինանսական շուկայի միտումները հետեւյալն էին.
Մակրոտնտեսական իրավիճակը։ Ըստ ՀՀ ԿԲ դիտարկումների, սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 0.8% ինֆլյացիաՙ նախորդ ժամանակահատվածի 0.4% դեֆլյացիայի պարագայում։
Բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են 1 մլրդ 221 մլն դրամՙ նախորդ ժամանակահատվածի 645 մլն դրամի դիմաց։
Դրամավարկային քաղաքականություն։ Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածի ծրագրավորման համաձայն փողի բազան պետք է աճեր 123 մլն դրամով եւ հոկտեմբերի 2-ի դրությամբ կազմեր 106 մլրդ 414 մլն դրամ։
Փաստացի արդյունքներով գրանցվել են շեղումներ, եւ փողի բազան հոկտեմբերի 2-ի դրությամբ կազմել է 104 մլրդ 631 մլն դրամ։
ԶԱԱ-ի ցուցանիշը շեղվել է ծրագրայինիցՙ 1 մլրդ 346 մլն դրամ նվազման դիմաց աճել է 2 մլրդ 606 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է եղել 3 մլրդ 757 մլն դրամին համարժեք արտարժույթի վաճառքի չիրականացմամբ։
Ծրագրավորման համաձայն նախատեսվել էր ԶՆԱ-ի աճ 1 մլրդ 468 մլն դրամի չափով, սակայն արձանագրվել է 4 մլրդ 266 մլն դրամի նվազում։ Շեղումը պայմանավորված է հետեւյալ բաղադրատարրերի փոփոխությամբՙ կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը նվազել է 3 մլրդ 227 մլն դրամով, իսկ զուտ այլ ակտիվները աճելՙ 173 մլն դրամովՙ նախատեսված համապատասխանաբար 1 մլրդ 904 մլն եւ 54 մլն դրամի աճերի փոխարեն։ Կառավարության պարտավորությունների փոփոխությունն իր հերթին պայմանավորված է եղել Կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի 2 մլրդ 533 մլն դրամի կուտակմամբ, կառավարության դեպոզիտների 694 մլն դրամի աճով։ Բանկերի պարտավորությունները նվազել են 1 մլրդ 212 մլն դրամովՙ ի հաշիվ 390 մլն դրամ ավանդների զուտ ներգրավման եւ 822 մլն դրամի չափով հակադարձ ռեպո գործառնության իրականացման։ Արդյունքումՙ հոկտեմբերի 2-ի դրությամբ բանկերի պարտավորությունները կազմել են 6 մլրդ 678 մլն դրամ։
Օգոստոսի 27-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածը (առանց կուտակված տոկոսների) աճել է 3 մլրդ 958 մլն դրամով եւ կազմել 215 մլրդ 820 մլն դրամ։ Շրջանառության մեջ եղած կանխիկը նվազել է 1 մլրդ 224 մլն դրամով, իսկ ավանդներն աճել են 5 մլրդ 183 մլն դրամով։ Ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 849 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ 4 մլրդ 786 մլն դրամով։ Ժամկետային արտարժութային ավանդները նվազել են 289 մլն դրամով եւ կազմել 46 մլրդ 152 մլն դրամ։ Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածն աճել է 3 մլրդ 399 մլն դրամով եւ սեպտեմբերի 27-ին կազմել 125 մլրդ 909 մլն դրամ։
Ֆինանսական շուկայի միտումները։ Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 18,663 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 12.5 մլրդ դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում ներքին արժութային շուկայում, ՊՊ ՙառաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները։
Ներքին արժութային շուկա։ Վերոհիշյալ ժամանակահատվածում միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 76.4 մլն ԱՄՆ դոլար, որից 36.7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 39.7 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 570.86 եւ 572.93 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.2%-ովՙ 569.70 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 570.57 դրամի։
ՊՊ առաջնային շուկա։ Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի 3 թողարկում։ Առաջին շաբաթում տեղաբաշխվել են 36-ամսյա եւ 48-շաբաթյա պարտատոմսերը 2 մլրդ 100 մլն դրամ ընդհանուր ծավալով։ Վերջիններիս նկատմամբ պահանջարկները կազմել են համապատասխանաբար 3 մլրդ 745 մլն դրամ (250%) ու 1մլրդ 232 մլն դրամ (205%) եւ ձեւավորվել են 13.79% եւ 10.48% եկամտաբերություններ։ Երկրորդ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 51-շաբաթյա ՊՊ 600 մլն դրամ ծավալովՙ 10.43% եկամտաբերությամբ։
ՊՊ երկրորդային շուկա։ Իրականացվել է 2 մլրդ 951 մլն դրամի գործարքՙ 13.01% միջին կշռված եկամտաբերությամբ։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 1 մլրդ 529 մլն դրամի գործարքՙ 14.17 %-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 422 մլն դրամի գործարքՙ 11.77 %-ով։
Միջբանկային ռեպո գործառնություններ։ Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 6 մլրդ 259 մլն դրամՙ 7.22% միջին կշռված փոխարժեքով։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 3 մլրդ 792 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 7.27%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 2 մլրդ 467 մլն դրամ ծավալով գործարքՙ 7.14%-ով։
Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում։ Ս.թ. հոկտեմբերի 3-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ ԶԱԱ-ի ցուցանիշը, ծրագրավորման համաձայն, կնվազի 419 մլն դրամովՙ հիմնականում պայմանավորված 1 մլրդ 725 մլն դրամին համարժեք արտարժույթի վաճառքով եւ 47 մլն դրամի արտաքին պարտքի տոկոսագումարների վճարմամբ։ Այս ժամանակահատվածում ծրագրավորվել է 1 մլրդ 350 մլն դրամի բյուջեի արտարժութային եկամուտների ստացում (Լինսի հիմնադրամ)։
Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը կաճի 3 մլրդ 501 մլն դրամովՙ պայմանավորված Կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվից 501 մլն դրամի ծախսմամբ եւ կառավարության դեպոզիտներից 3 միլիարդ դրամի մարմամբ։
Բանկերի պարտավորությունները կնվազեն 100 մլն դրամովՙ ի հաշիվ ավանդների զուտ ներգրավման։ Արդյունքումՙ այդ ցուցանիշը ժամանակաշրջանի վերջում կկազմի 6 մլրդ 578 մլն դրամ։
Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 3 մլրդ 398 մլն դրամով աճի։
Երկշաբաթվա ընթացքում փողի բազան կաճի 2 մլրդ 979 մլն դրամով եւ կկազմի 107 մլրդ 610 մլն դրամ։
Ելնելով ֆինանսական շուկայում տոկոսադրույքների ձեւավորված միտումներից եւ ծրագրված ժամանակահատվածում ԿԲ-ի կողմից դրամային շուկային չմիջամտելու քաղաքականության ուղղվածությունից, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանել 9%, լոմբարդային վարկերի տոկոսադրույքըՙ 20% եւ բանկերից ներգրաված ավանդների տոկոսադրույքըՙ 5%։
ՀՀ ԿԲ Մամուլի ծառայություն