«Ջուր եմ ծախում, սառը ջուր, Քարաշամբի համով ջուր», ասում էր փոքրիկ տղան եւ կուժով ջուր բաժանում։ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում երեկ բացվեց Քարաշամբի Նոր թաղամասի խմելու ջրագիծը։ Տարիներ շարունակ այստեղ ջուրը պոմպերի միջոցով են ստացել։
«Քանի որ մարզում օգտագործվող ջրի մոտ 90 տոկոսը պոմպակայանների միջոցով է մղվում բնակչությանը, մեզ մոտ ջուրն ամենից թանկն է հանրապետությունումՙ չնայած մայրաքաղաքի օգտագործվող ջրի 70 տոկոսը մենք ենք մատակարարում», ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը։ Ռուսաստանի հայերի միության ֆինանսավորմամբ իրականացված այս ծրագրի արդյունքում գյուղում ջուրն ինքնահոս կլինի, էլեկտրաէներգիայի անջատման պատճառով ջրամատակարարումը չի ընդհատվի։
Ջրագիծը կառուցվել է 100 միլիմետրանոց խողովակաշարով եւ մատակարարելու է 250-ից ավելի տնտեսության։ 3 կիլոմետրանոց ջրագծի 2 կիլոմետրը նոր է կառուցվել, մնացածը վերանորոգվել է։ Ըստ գյուղապետ Զորիկ Խլղաթյանիՙ աշխատանքներն իրականացրել են համայնքի բնակիչները, իսկ ջրագծի արժեքը 8.000 դոլար է։ Գյուղապետը հավաստիացրեց, որ ջրաչափերի տեղադրման դեպքում գյուղում գրեթե բոլորը շուրջօրյա ջուր կունենան։
«Որպես հայ ամեն անգամ ուրախությամբ եմ լսում, որ կոնկրետ հոգսեր ենք թեթեւացնում», ասաց Ռուսաստանի հայերի միության Հայաստանում եւ Արցախում տնտեսական ու սոցիալական ծրագրերի ղեկավար Սերգեյ Աբրահամյանը։ Սա միության կառուցած առաջին ջրագիծն է։
«2004 թվականից հանրապետության բյուջեով եւ Համաշխարհային բանկի միջոցներով ոռոգման եւ խմելու ջրի համակարգեր ստեղծելու լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու», ասաց Կ. Շահգալդյանը։ Նրա խոսքերով մարզում դեռ շատ համայնքներ կան, որտեղ ոչ միայն հարկավոր է ջրագծեր վերանորոգել, այլ նորերը կառուցել։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ