Իսկ ո՞րն է մանրադրամի սակավության պատճառը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում շրջանառության մեջ կդրվի նորՙ 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամ։ Նրա դիմերեսին պատկերված են Ավետիք Իսահակյանի դիմանկարը եւ Մարտիրոս Սարյանիՙ Արագած լեռան գծանկարից մի դրվագ։ Դարձերեսին պատկերված է հին Գյումրու մի պատկեր։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանը։
Վարչության պետը նշեց, որ նոր թղթադրամի ներդրման նպատակը վճարումներն ավելի հարմարավետ դարձնելն է, ինչը թույլ կտա մեծ չափով թղթադրամների փոխարեն մեկ թղթադրամ գործածելը։ 10 հազար դրամանոցը միջանկյալ արժեք է լինելու 5 հազար եւ 20 հազար դրամանոցների միջեւ, որի ներդրումից հետո 20 հազար դրամանոցի մանրելու խնդիրը կհամարվի լուծված։ Գեւորգ Թումանյանը տեղեկացրեց, որ ներկայումս շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի 20 տոկոսից ավելին 20 հազար դրամանոցներ են, 50 տոկոսից ավելինՙ 5 հազար դրամանոցներ։ Սա ահազանգ է, որ կա հաջորդ դրամական արժեքիՙ 10 հազար դրամանոցի պահանջարկը։ Նշվեց նաեւ, որ այս թղթադրամը տպագրվել է Ավստրիայի դրամահատարանում։ Դիզայնն ընտրվել է մրցույթով որը շահել է Աշոտ Մանուկյանը։
10 հազար դրամանոցն անհրաժեշտ չափով պաշտպանված է կեղծումներից։ Կեղծ դրամներից պաշտպանվելու լավագույն ձեւը ԿԲ ներկայացուցիչը համարեց թղթադրամները, հատկապես խոշոր, նախքան ձեռք բերելը ստուգել։ Դա արդեն կիրառվում է առեւտրի օբյեկտներում, ինչը դժվարացնում է կեղծ թղթադրամ իրացնելը։
Էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետին ուղղված «Ազգի» հարցը, սակայն, առնչվում էր ոչ թե խոշոր թղթադրամներին, այլ մանրադրամի պակաս լինելուն։ Գեւորգ Թումանյանը նշելով, որ չնայած մանրադրամն արագորեն է մտնում շուկա, այդուհանդերձ, ընդունեց դրա անբավարար լինելը։ Ըստ նրա, խնդիրն այն է, որ Կենտրոնական բանկը մանր դրամը տրամադրում է առեւտրային բանկերին եւ չի սպասարկում անհատ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց։ Մինչդեռ առեւտրի փոքր եւ միջին օբյեկտները, մանրադրամի պահանջարկը լրացնելու համար, առեւտրային բանկերին դիմելու փոխարեն դիմում են Կենտրոնական բանկին։ Դա ճիշտ ճանապարհը չէ, եւ Գեւորգ Թումանյանն այդ օբյեկտների սեփականատերերին խորհուրդ տվեց ավելի սերտորեն համագործակցել առեւտրային բանկերի հետ։
Ա. Մ.