Աբխազիայից 10 տարի առաջ Գերմանիա փախած մի հայ հոկտեմբերի 3-ին բենզին լցնելով իր վրա հրկիզվել է, հաղորդում է գերմանական Մարբուրգ-Բիդենքոպսի տարածաշրջանի «Օբերհեսիշե պրեսսեն» թերթն իր երեկվա համարում։ Նույն անձի առաջին ինքնասպանության փորձը կանխել է ընտանիքը, սակայն 2-րդ փորձն ունեցել է մահացու հետեւանք։ Հոկտեմբերի 8-ին 48-ամյա հայը մահացել է հիվանդանոցում։ Ընտանիքը գաղթականի կարգավիճակով բազմիցս դիմել է տեղի իշխանություններին նոր կարգավիճակ ստանալու ակնկալությամբ, սակայն միշտ էլ մերժվել է։ Այժմ նրանք անձնագիր չունեն։ Երեւի այդ է պատճառը, որ գերմանական թերթը չի հիշատակում ինքնահրկիզված հայի անունը։ Նրա կնոջ, 19-ամյա եւ 12-ամյա որդիների ճակատագիրը մնում է անհայտ։ Դուստրն ավելի վաղ ամուսնացել էր գերմանացու հետ։ Թերթը հավելում է, որ ինքնահրկիզված հայը տառապում էր դեպրեսիայով։
ԱՆ. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բոնն