«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2003-10-17 | #190, 2003-10-18 | #191, 2003-10-21


«ԱԶԳԱՆՈՒՆՍ ՉԵՄ ՓՈԽԻ ԵՐԲԵՔ, ՉԵՄ ՀԵՌԱՆԱ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԵՎ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՊՐԵՄ ՈՐՊԵՍ ՀԱՅ»

Առնոլդ Ստեփանյանըՙ «Հանուն նոր Վրաստանի»

«Ես կարծում եմ, որ իշխանությունները թույլ չեն տա ազգամիջյան խառնաշփոթ, որովհետեւ դա կնշանակի Վրաստանի պետության մահը, իմ պետության մահը», ասում է «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար, Թբիլիսիի հայ համայնքի նախագահ Առնոլդ Ստեփանյանը։

Երեւանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների եւ Վրաստանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտ, 29-ամյա Ստեփանյանը պատրաստվում է նոյեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ ընդգրկված է կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակում։ Այդ ցուցակում ընդգրկված երեք հայերից Ստեփանյանն ունի խորհրդարան մտնելու ամենամեծ հնարավորությունը։

«Վրաստանում յուրաքանչյուր ընտրությունից առաջ սկսվում է ազգամիջյան խառնաշփոթ, ինչը նկատելի է նաեւ այսօր, պարզապես այս անգամ դա դրսեւորվում է առավել սուր ձեւերով», ասում է Ստեփանյանը։

Նա համաձայն է, որ Վրաստանի ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ որոշ կառավարամետ քաղաքական շրջանակներից հնչում են հակահայ հայտարարություններ։

«Ինձ համար նշանակություն չունի, թե ով է Վրաստանում հակահայ տրամադրություններ բորբոքումՙ լինի ընդդիմության, թե կառավարամետ դաշինքի շրջանակներից։ Միշտ պայքարելու եմ նման մարդկանց դեմ։ Ցավոք, Հայաստանի ԶԼՄ-ները օժանդակում են կրքերի բորբոքմանը, յուղ լցնում կրակին», ասում է Ստեփանյանը։

Որքան վրացական մամուլն է լցված Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ անբարյացակամ հրապարակումներով, նույնչափ հայկական մամուլն է անբարյացակամ Վրաստանի հանդեպ հրապարակումներով։ Հայաստանում մի քանի հարյուր վրացիներ են ապրում, Վրաստանումՙ 250 հազար հայեր, ովքեր ստեղծված ներքաղաքական պայմաններում իրենց վստահ չեն զգում։ Կարող ենք փաստել, որ Վրաստանը աշխարհի քիչ երկրներից մեկն է, որտեղ հայերի մի հատված, տարբեր նկատառումներով, թաքցնում է իր հայկական ծագումը։

«Այդ առումով մեկ բան կարող եմ ասել. մեր հասարակությունը լուրջ հիվանդ է։ Ընդ որում, դա մի հիվանդություն է, որը, ցավոք, մոտ ապագայում անբուժելի է։ Անշուշտ, հայ¬վրացական հարաբերություններում ամեն ինչ կարգին չէ, ես նկատի չունեմ միջպետականը, թեեւ այնտեղ էլ ամեն ինչ հարթ չէ, ես նկատի ունեմ հայ եւ վրացի հասարակությանը։ Եվ եթե մեր հասարակությունը չընդունի ուժեղ ազդեցության անտիբիոտիկներ, ապա կարելի է կանխատեսել, որ հայ-վրացական ազգամիջյան հարաբերությունների լուսացույցի վրա կվառվի դեղին լույսը», ասում է Ստեփանյանը։

«Ազգը» վերջին շրջանում մի քանի հրապարակումներով անդրադարձել է Վրաստանում տիրող հակահայկական հիստերիային, թե ինչպես են միմյանց վիրավորելու նպատակով օգտագործում «նա հայ է» արտահայտությունը։

Մի քանի օր առաջ ազգությամբ ադրբեջանցի, ոմն Մուրադխանով, վրացական հեռուստատեսությամբ ասաց. «Ինչպե՞ս կարելի է այնպիսի արժանավոր վրացու, ինչպիսին Միխայիլ Սահակաշվիլին է, անվանել հայ»։

«Ցավալի է, որ վրաց մտավորականությունը ձայն չի բարձրացնում, չնայած ունենք հրաշալի մտավորականություն, ով առաջինը պիտի խոսեր առկա խնդիրների մասին։ Մի քանի օր առաջ վրացական մի թերթում «Իմ Վրաստան» վերնագրով հոդված տպագրվեց. դա մի մտավորականի ոգու ճիչ էր, որի համար այս ամենը, որ կատարվում է Վրաստանում, ցավալի է», ասում է Ստեփանյանը։

Վրաստանում, որն ավանդաբար համարվել է Հայաստանի հարեւան եւ բարեկամ պետություն, հայությունն սկսել է ազգանվան «յանը» փոխել «շվիլի»-ով կամ «ձե»-ով (լինում են դեպքեր, երբ, օրինակ, Առաքելյանը դառնում է ոչ թե Առաքելաշվիլի, այլՙ Գեորգաձե¬խմբ.) դեռ խորհրդային տարիներինՙ սկսած 50-ական թթ.։ Հայերի ձուլումը շարունակվում է նաեւ մեր օրերում։ Որոշ հայեր ասում են, որ Վրաստանում «մեր երգը երգված է», ու մնում է երկընտրանք. փոխել ազգանունը, մոռանալ լեզուն եւ դառնալ վրացի կամ հեռանալ այս երկրից։

«Ես երրորդ խմբի մեջ եմ մտնում։ Ո՛չ ազգանունս եմ փոխում, ո՛չ կփոխեմ երբեւէ, ո՛չ էլ կհեռանամ Վրաստանից։ Ես կապրեմ այս երկրում եւ կապրեմ որպես հայ։ Ինձ նման մտածող մարդիկ շատ-շատ են։ Ճիշտ է, շատ հայեր հեռացել են, հատկապես 10-12 տարի առաջ, շատ հայեր փոխում են ազգանունը, եւ դա ցավալի իրականություն է», ասում է Ստեփանյանը։

Զրուցակիցս ասում է, որ ինքը շատ քիչ թբիլիսցիների գիտի, որոնց տատը կամ պապը այլ ազգությանՙ հայ, օս, աբխազ, հույն, հրեա, ներկայացուցիչ չէ։

«Այնպես որ, ում երակներով ինչ արյուն է հոսումՙ հարց է։ Ժամանակին թբիլիսցիները հպարտանում էին վրացի, հայ, հույն, օս ու այլ ազգության ներկայացուցիչ լինելու փաստով։ Բայց այսօր այդ հարցն այնպես է դրվում, որ մարդիկ փորձում են այդ մասին չխոսել։ Վրացի շատ քաղաքական գործիչների նախնիները կամ իրենք փոխել են ազգանունը եւ այսօր ոչ միայն փորձում են դա թաքցնել, այլեւ ներկայանալ որպես իսկական վրացի», ասում է Ստեփանյանը։

Արդեն չորրոդ տարին Ստեփանյանն զբաղվում է Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրներովՙ ղեկավարելով երկրում գործող ամենաակտիվ հասարակական կազմակերպություններից մեկըՙ «Բազմազգ Վրաստանը»։ Նա ասում է, որ հետխորհրդային հանրապետություններում ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը պատշաճ մակարդակի վրա չէ, եւ այդ առումով Վրաստանը բացառություն չէ։ Նրա կարծիքով, Վրաստանի ազգային փոքրամասնություններից հայերի, ադրբեջանցիների, ռուսների մի ստվար հատված չի տիրապետում պետական լեզվինՙ վրացերենին, ինչի պատճառով նրանք կարող են տեսականորեն մեկուսացվել երկրի պետական շինարարությունից։

Առնոլդ Ստեփանյանը տիրապետում է վրացերենին, հայերենին, ադրբեջաներենին, անգլերենին եւ ռուսերենին։ «Իմ ազգությամբ հայ եւ Վրաստանի քաղաքացի լինելու համակեցությունը կարող է օգուտ բերել Վրաստանին, վիրահայությանը եւ հայ ժողովրդին ընդհանրապես», ասում է նա։

Վրաստանի գործող խորհրդարանում հայերը ներկայացված են վեց պատգամավորներով, որոնցից չորսը չգիտեն վրացերեն (այսինքնՙ չեն հասկանում, թե ինչ օրենքներ են քննարկվում, ընդունվում), հինգերորդը հայերեն լավ չի խոսում, եւ միայն Վան Բայբուրթյանը գիտի ե՛ւ հայերեն, ե՛ւ վրացերեն։

Առնոլդ Ստեփանյանը «Ազգի» ամենօրյա ընթերցողներից է եւ մյուս ընթերցողներին խորհուրդ է տալիս չհավատալ տարբեր աղբյուրներով Վրաստանից դուրս եկող բոլոր հրապարակումներին, քանի որ դրանց մի մասը պարզապես չի համապատասխանում իրականությանը։

«Կցանկանայի, որ սփյուռքահայությունը, Հայաստանն առավել մեծ հետաքրքրություն դրսեւորեն Վրաստանի, վիրահայության նկատմամբ։ Վիրահայությունն ուշադրության կարիք ունի», ասում է Ստեփանյանը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4