Ռուսաստանի մայրաքաղաքում 1989 թվականից գործող «Վերնատուն» հայոց կրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, ՌԴ իշխանությունների համաձայնությամբ Մոսկվայում վերաբացվում է նշանավոր Լազարյան ճեմարանը։ Այն այժմ կկոչվի Մոսկվայի Լազարյան միջազգային հումանիտար համալսարան, որի ապագա 9 ֆակուլտետներում նախատեսվում է ժամանակակից բարձրակարգ բուհական ուսուցում 26 մասնագիտությունների գծով։ Որոշվել է համալսարանի հայաստանյան մասնաճյուղ բացել հանրապետության երկրորդ քաղաքումՙ Գյումրիում, ինչն անգնահատելի նշանակություն կարող է ունենալ այս քաղաքի եւ ողջ տարածաշրջանի զարգացման համար։ Գյումրիում արդեն ստեղծվել է «Վերնատուն» կենտրոնի եւ Լազարյան համալսարանի ներկայացուցչություն, տեղի իշխանությունների հետ համաձայնեցվել եւ որոշվել է տարածքը, որտեղ կկառուցվի ուսումնական համալիրը, սահմանված կարգով հող է հատկացվել։ Պատվիրվել եւ արվում են նաեւ նախագծերը։ Իսկ թե երբ կսկսվեն շինարարական կամ գոնե դրանց նախապատրաստական աշխատանքները, դա արդեն խնդիր է, որի պատասխանն, ըստ ամենայնի, պետք է տան քաղաքային ու մարզային ղեկավար այրերը։
Մասնաճյուղի համար տարածք է հատկացվել քաղաքի կենտրոնում, Ալեք Մանուկյան փողոցում գտնվող նախկին պիոներպալատիՙ երկրաշարժից վթարված եւ քանդման ենթակա շենքի տեղում։ Վերջինիս մոտակայքում կան 4-5 տնակներ, որոնցում անօթեւան ընտանիքներ են ապրում։ Շինարարությունն սկսելու համար պետք է եղած շենքը քանդվի, տարածքն ազատվի, իսկ դրանից առաջՙ տարհանվեն տնակների բնակիչները, եւ տնակները հեռացվեն։ Ընդամենն այսքանն է պահանջվում տեղի իշխանություններից, որոնք ժամանակին խոստացել են, բայց այդպես էլ չեն շտապում խոստումը կատարել։ Այս հիրավի ազգաշահ գործի գլխավոր նախաձեռնողն ու կազմակերպիչըՙ մոսկվաբնակ մեր հայրենակից, պատմական գիտությունների թեկնածու Վարդգես Հայրապետյանը, վերջերս Գյումրի կատարած հերթական այցի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց, թե քաղաքապետը խոստացել էր դեռ հունիսին լուծել բնակիչների եւ տնակների հարցը, իսկ մարզպետարանն ստանձնել էր դրանից հետո 1,5 ամսում պիոներպալատի շենքը քանդելու գործը։ Սակայն ե՛ւ տնակները, ե՛ւ շենքն առ այսօր իրենց տեղում են...
Առայժմ հեռու ենք մնում գնահատականներից ու եզրակացություններիցՙ որոշ ժամանակ անց խնդրին ավելի հանգամանալից անդրադարձի հույսով ու ցանկությամբ։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ