«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2003-10-17 | #190, 2003-10-18 | #191, 2003-10-21


ՈՐ ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԻ ԴԵՄՔԵՐԻՆ ՄԻՇՏ ԺՊԻՏ ԼԻՆԻ

Ավանդույթի ուժով, նախորդ կիրակիՙ սեպտեմբերի 19-ին աբովյանցիները, քաղաքի հյուրերը նշում էին Աբովյանի անվանակոչության 40-ամյա հոբելյանը։ Արդեն մի քանի տարի այդ օրը տոնակատարություններ են կազմակերպվում ողջ քաղաքում։ Սակայն հիմնական միջոցառումը, ինչպես միշտ, այս տարի էլ տեղի էր ունենում քաղաքի մարզադաշտում։ Նախաձեռնողն ու հովանավորը «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանն էր։ Հնաոճ մեքենաների շքերթ, համերգ, երգ ու պարՙ հայկական էստրադայի երգիչների մասնակցությամբ, թանկարժեք իրերի խաղարկություն։ Աբովյանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքի կառուցման եւ զարգացման գործում իրենց ավանդը բերած 40 աբովյանցիների քաղաքապետը հանձնեց դիպլոմներ, իսկ Գագիկ Ծառուկյանի կողմից նրանց տրվեցին բանկարժեք նվերներ։ Աբովյանցիներն էլ «հետ չմնացին» գործարարից եւ նրան պարգեւատրեցին հուշամեդալովՙ քաղաքի կառուցման, տնտեսության, մշակույթի եւ կրթության բնագավառներում ունեցած լուրջ ներդրումների համար։

Խոսելով Աբովյանի մասին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենց քաղաքի առանձնահատկությունը միասնականությունն է (ինչի հարցում դժվար է գերագնահատել հենց իրՙ Գագիկ Ծառուկյանի դերը-Հ. Մ.)։ «Ընտրությունների ընթացքում ժողովուրդն ինձ վստահության քվե տվեց, որն ինձ պարտավորեցնում է ավելին անել, քան մինչ այժմ արել եմ։ Իսկ նպատակն այն է, որ Աբովյանը նմանվի եվրոպական քաղաքի, մարդիկ աշխատանք ունենան, ժպիտ լինի նրանց դեմքերին», նշում է գործարարը։

Անձրեւը որեւէ կերպ չանդրադարձավ տոնական տրամադրության վրա։

Հ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4