Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Պլովդիվից
Հայաստանի շախմատիստուհիների փառահեղ հաղթանակով ավարտվեց Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունը։ Երկուշաբթի երեկոյան այստեղ, միջազգային ցուցահանդեսների պալատում Հայաստանի Հանրապետության հիմնի հնչյունների ներքո վեր խոյացավ մեր երկրի պետական դրոշը։ Հայաստանի հավաքականը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, եւ թիմի անդամներըՙ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, միջազգային վարպետ Նելլի Աղինյանը եւ մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն արժանացան ոսկե մեդալների։
Մեր հրաշալի աղջիկներն ամբողջ մրցաշարն անցկացրին բացառիկ ուժեղ։ Հայաստանի թիմը միակն էր առաջնությունում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հավաքականներից, որ ոչ մի պարտություն չկրեց ոչ միայն բոլոր 9 մրցախաղերում, այլեւ որեւէ առանձին պարտիայում։ Մեր պատվիրակները շահեցին 5 հանդիպում, 4-ն ավարտեցին հաշտությամբ, վերստին շեշտենքՙ չպարտվեցին ոչ մի մրցախաղում, եւ 18 հնարավորից վաստակեցին 14 միավոր։ Նույնը վաստակեցին հունգարուհիները, բայց պարտիաների ավանդական հաշվարկում հայուհիներն առավելություն ունեին (13ՙ 12,5-ի դիմաց)։
Պարզապես հոյակապ էր գործում մեր «ծանր հրետանին»ՙ Հայաստանի չեմպիոնուհի Էլինա Դանիելյանը։ Ինը հնարավորից վաստակելով 7 միավոր, նա ոչ միայն առաջին տեղը գրավեց առաջին խաղատախտակի վրա, այլեւ ընդհանրապես լավագույն արդյունքը ցույց տվեց Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցների մեջ, մեկ անգամ էլ հաճույքով կրկնեմՙ ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց հաշվարկում։ Սա, անկասկած, Էլինայի լավագույն ելույթն էր նրա մարզական կենսագրության մեջ, եւ պերճախոս ապացույցն այն բանի, որ Դանիելյանը կարող է համարձակ հավակնել ամենամեծ նվաճումների նաեւ աշխարհի կանանց առաջնությունում։
Գերազանց խաղաց նաեւ Լիլիթ Մկրտչյանը (8 հնարավորից 5,5 միավոր)։ Երիտասարդ գրոսմայստերը ելույթ էր ունենում պատասխանատվության մեծ զգացումով, եւ հանուն թիմային հաստատուն հաջողության երբեմն նույնիսկ նպաստավոր դիրքերում խուսափում էր անգամ փոքրիկ ռիսկից։ Բնավորությամբ լինելով միանգամայն տարբեր, Էլինան ու Լիլիթը թիմում հիանալի լրացնում են մեկ-մեկու։
Պահեստային Նելլի Աղինյանին վիճակվեց միայն մեկ պարտիա խաղալ։ Բայց նա ոչ միայն պատվով դուրս եկավ այդ մենամարտից, այլեւ բարոյապես զգալիորեն աջակցում էր իր ընկերուհիներին։
Վերջապես, անուրանալի են մեր լավագույն մարզիչներից մեկիՙ Արսեն Եղիազարյանի ծառայությունները։ Ոչ միայն շախմատային խոր վերլուծություններով, այլեւ մարդկային ու մանկավարժական նուրբ մոտեցմամբ Եղիազարյանը թեւ ու թիկունք էր իր սանուհիներին։
Երկու խոսք վերջին օրերի մրցախաղերի մասին։ 7-րդ տուրում մեր շախմատիստուհիները 1-1 խաղացին ամենաահեղ մրցակցիՙ Ռուսաստանի հավաքականի հետ։ Ապա հետեւեց փայլուն հաղթանակը (2-0) Անգլիայի հզոր թիմի նկատմամբ։ Վերջին տուրից առաջ չորս հավաքականներՙ Հայաստան, Ռուսաստան, Հունգարիա, Լեհաստան, հավասար միավորներով գլխավորում էին աղյուսակը։ Հայ շախմատիստուհիները 1,5-0,5 հաշվով կարեւորագույն հաղթանակ տարան լեհուհիների նկատմամբ։ Հերոսուհին կրկին Դանիելյանն էր, որը հաղթեց ուժեղագույն գրոսմայստեր Ռաձիեւիչին։ Ռուսաստանցիները մեկ կարեւոր միավոր կորցրին Լիտվայի թիմի հետ մենամարտում։ Իսկ հունգարուհիներին չօգնեց անգամ այն, որ նրանց անսպասելիորեն չոր հաշվովՙ 0-2, պարտվեցին վրացուհիները...
Ինչպես հայտնի է, Հայաստանը Եվրոպայի այս առաջնությունում ներկայացված էր միայն կանանց թիմով։ Բայց մեր աղջիկներն ուղղակի տղամարդկանց մակարդակի խաղ ցուցադրեցին։
Հայկական շախմատի պատմության մեջ գրանցվեց նոր փայլուն էջ։