Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակիցներն անցկացրին հերթական տուրի հանդիպումները։ Տուրը սկսվեց «Բանանց»-«Միկա» եւ «Արաքս»-«Լեռնագործ» հանդիպումներով։ Թեեւ մրցող թիմերի խաղամակարդակները զգալիորեն տարբերվում են, սակայն երկու հանդիպումներն էլ ընթացան գրեթե նույն սցենարով։ Հյուրերը հաշվի մեջ առջեւից էին ընթանում եւ դաշտի տերերին մեծ ջանքերի գնով, այն էլ խաղավերջում, հաջողվեց խույս տալ պարտությունից։ «Միկայի» հետ խաղում «Բանանցն» աչքի չընկավ ագրեսիվ խաղով։ Խաղասկզբում բաց թողած գոլն ավելի ընկճեց «Բանանցի» ֆուտբոլիստներին։ Արդեն 6-րդ րոպեին «Միկայի» կազմակերպած գրոհը հաջողություն բերեց թիմին։ Աչքի ընկավ Արտաշես Ադամյանը։ «Բանանցը» շատ ջանք ու եռանդ թափեց պարտությունից խուսափելու համար։ Թիմին փրկեց փորձառու պաշտպան Կարեն Սիմոնյանը, որը 87-րդ րոպեին վերականգնեց հավասարակշռությունը։ Չեմպիոնի կոչման համար պայքարում «Բանանցը» 2 կարեւոր միավոր կորցրեց։
Նախորդ տուրում «Դինամոյի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակը ոգեւորել էր «Արաքսի» ֆուտբոլիստներին, որոնք «Լեռնագործի» հետ խաղում էլ հաղթելու տրամադրությամբ էին խաղադաշտ դուրս եկել։ Բայց այս անգամ դա նրանց չհաջողվեց։ 79-րդ րոպեին «Լեռնագործի» հարձակվող Ալեն Մովսիսյանը բացեց հաշիվը։ «Արաքսը» պարտությունից խուսափեց միայն խաղի ավելացված ժամանակում։ Կարեն Ասատրյանը տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը։
Առաջատարըՙ «Փյունիկը», սեփական հարկի տակ հյուրընկալել էր Գյումրու «Շիրակին»։ Ինչպես եւ թիմերի նախորդ երեք հանդիպումներում, այս անգամ էլ խաղն անցավ համառ մրցապայքարումՙ փյունիկցիների խաղային եւ տարածքային նկատելի առավելությամբ։ «Շիրակը» ողջ խաղը կառուցել էր հակագրոհների վրա։ Թիմը հիմնականում պաշտպանվում էր եւ պետք է նշել, որ բավականին հաջող։ Համենայն դեպս, փյունիկցիները, ունենալով խաղային զգալի առավելություն, երկար ժամանակ չէին կարողանում այն վերածել գոլի։ Իսկ գոլային պահեր դաշտի տերերը բազում անգամ ստեղծեցին։ Շիրակցիների դարպասին վտանգավոր հարվածներ կատարեցին Գալուստ Պետրոսյանը, Մամադու Դիավարան, Խոսե Բիլիբիոն, Ռաֆայել Նազարյանը, Լեւոն Փաչաջյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, սակայն մի շարք դրվագներում հաջող խաղ ցուցադրեց հյուրերի դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանըՙ չեզոքացնելով վտանգը։ «Շիրակի» դարպասապահը թերեւս մեկ անգամ սխալվեց, եւ դա ճակատագրական եղավ թիմի համար։ 68-րդ րոպեին նա Աղվան Մկրտչյանի հարվածից հետո չկարողացավ իր մոտ պահել գնդակը եւ վրա հասած Ռաֆայել Նազարյանը գրավեց դարպասը։ Թվում էր, թե բաց թողած գոլից հետո շիրակցիները կակտիվանան, կձգտեն բեկում մտցնել մրցակցությունում եւ ուղիներ կփնտրեն պարտությունից խուսափելու։ Սակայն դա նրանց չհաջողվեց եւ դրանում հիմնականում մեղավոր էին շիրակցիները, որոնք առջեւի գծում պասսիվ խաղ ցուցադրեցին։ Բավական է նշել, որ ողջ խաղի ընթացքում նրանց այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ «Փյունիկի» դարպասին։ Միակ հիշարժան վտանգավոր պահը ստեղծվեց խաղի 35-րդ րոպեին, երբ հարվածային դիրքում հայտնվեց Վարդան Բիչախչյանը, սակայն նրա հարվածը բարձր ստացվեց։ Իհարկե, նման խաղով շիրակցիներին դժվար էր առաջատարի հետ մրցավեճում հաջողության հասնել։
«Էրեբունի» մարզադաշտում «Կոտայքի» եւ «Դինամոյի» մրցավեճում դարպասները մնացին անառիկ։ Այսպիսով, հերթական տուրն աչքի ընկավ ոչ-ոքիների առատությամբ։ 4 խաղերից 3-ում մրցակիցները բաժանվեցին խաղաղությամբ։