«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2003-10-17 | #190, 2003-10-18 | #191, 2003-10-21


ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎՙ 17 ԶԱՎԱԿ

Ամուսիններ Մամիկոն եւ Անթառամ Կիրակոսյանները նվիրել են հայրենիքին 17 երեխա։ Իսկ նրանց կյանքի պատմությունն այսպիսին է. դպրոցն ավարտելուց հետո Անթառամը (տանըՙ Զվարթ) աշխատում էր մանկապարտեզում որպես դաստիարակչուհի եւ շատ էր սիրում երեխաներին։ Շուտով նա ամուսնացավ։ Ամուսինները ցանկանում էին երեխա ունենալ, բայց...

Ամուսնու ծնողները հավատացյալ էինՙ Աստվածաշնչի հետեւողական, ամենօրյա ընթերցողներ։ Երբ նրանք գնում էին աշխատանքի, Անթառամը մտնում էր նրանց սենյակ, Աստվածաշունչ կարդում, աղոթում Աստծուն իր առաջնեկի համար։ Մի անգամ էլ Աստծո հետ ուխտ կապեցՙ խոստանալով, որ եթե ծնվի իրենց առաջնեկը, հետո որքան Տերը կամենա, այնքան էլ զավակ կունենա։ Նա հավատարիմ մնաց այդ ուխտին։

20 տարում ամուսինները 17 երեխա ունեցանՙ 8 որդի, 9 դուստր։ Ես միայն աղջիկներից մի քանիսին եմ տեսել։ Կարելի է վստահորեն ասել, որ Աստծո միջամտությունն անհերքելի է։ Աղջիկները նման են Տիրամորը։ Դուստրերից 5-ը եւ մի տղան ամուսնացել են։ Տղաներից մի քանիսն արդեն ծառայել են բանակում։ Նրանք հասունացել են եւ այս ընտանիքին պետության աջակցությունն է հարկավոր։

Խորհրդային ժամանակաշրջանում այս բազմազավակ ընտանիքը պետությունից օգնություն էր ստանում։ Չունեին բնակվարձի խնդիր, ազատ էին բոլոր հարկերից եւ վճարումներից։ Իսկ այժմ տարբեր պարտատերեր են թակում նրանց դուռըՙ ոչ մի բացառություն, ոչ մի արտոնություն։ Լույսի եւ հեռախոսի վարձի չմուծման դեպքում անջատում են, ինչպես բոլորինը, չեն զիջում ոչ մի հարցում։ Պետության վերաբերմունքը նույնն է, ինչպես, ասենք, հինգ երեխա ունեցողների նկատմամբ է։ Որպես ընտանեկան նպաստ ստանում են ընդամենը 17 հազար դրամ, այն էլՙ ամեն մի երեխայի չափահաս դառնալու հետ մի 2-3 ամսով դադարեցնում են։ Ստացվում է, որ ընտանիքն ընդամենը 6 ամիս է նպաստ ստանում։ Իսկ տանը խաղաղություն, կարգուկանոն է տիրում։ Շատերը, ովքեր առաջին անգամ են այցելում այս տուն, զարմանում ենՙ այս աստիճանի խաղաղ մթնոլորտում հայտնվելով։ Երեխաներին ամուսինները դաստիարակում են Աստծո պատվիրաններով։ «Իհարկե, երեխաները մոմից սարքած չեն, ասում է մայրը, երբեմն նրանք էլ են վիճում գրենական պիտույքների պակասի պատճառով, բայց, որպես կանոն, խաղաղությունն արագորեն վերականգնվում է»։ Հատուկ հարգանք են տածում երեխաները ընտանիքի հոր եւ ավագների նկատմամբ։ Հումորի մեծ զգացումն է պահպանում ընտանիքի առողջ ոգին։

Աստծո շնորհը զգացվում է երեխաների մեջ։ Մանկուց նրանցից 10-ը նկարում են։ Բայց աղջիկներից Մարիամին հնարավոր չէր այլեւս կասեցնել։ Ամբողջ բնակարանը լցված է նրա նկարներով։ Նա ընդունվեց Թերլեմեզյանի անվան ուսումնարան։ Ուսման վարձի հետ կապված դժվարություններ էին առաջացել։ Միայն մեկ տարի թաղապետարանն ուսման վարձը վճարեց։ Մյուս տարիների վարձը պետք է հոգան ծնողները։ Տղաներից մեկը ցանկանում է գեղարվեստի ակադեմիա ընդունվել։ Մյուս որդին երգում է եկեղեցում։

Իմ այն հարցին, թե իրենց բազմազավակ ընտանիքում աննախադեպ դեպքեր տեղի ունեցե՞լ են, տկն Անթառամը պատասխանեցՙ որքան ասես։ Միայն մի օրինակ։

Մի անգամ աղջիկները խնդրեցին հորը, որ մի ամառային օր բոլորը միասին անցկացնեն Սեւանում։ Սկզբում հայրը դեմ էր դրան, թեՙ իրենց ընտանիքին վայել չէ գտնվել կիսամերկ մարդկանց շրջապատում։ Բայց հետո աղջիկներին հաջողվեց համոզել նրան։ Հետդարձի ճանապարհին հայրը անհանգստացավ, որ չի լսվում ամենափոքր, այն ժամանակ 13-րդ երեխայիՙ Հռիփսիմեի ձայնը։ Պարզվեց, որ նրան մոռացել են Սեւանի ափին։ Վերադարձան լճափ։ Արդեն երեկո էր, ափըՙ ամայի, լիճըՙ խաղաղ։ Վերեւում, վրանների մոտ ծնողներն օտար մարդկանց մոտ գտան իրենց փոքրիկին։

Արդեն տանը հայրը խստորեն արգելեց պատմել այս պատմությունը որեւէ մեկին։ Միամտորեն մայրը պատմել էր դուստրերից մեկի դասղեկին։ Եվ մի քանի օր հետո հոդված լույս տեսավ մամուլում այդ մասին։

Եվ այսպես, ապրում է մեր մայրաքաղաքում խաղաղ, քրիստոնեական ավանդույթներով այս առողջ ընտանիքը, որին մեր պետությունը պետք է արժանի հարգանքի եւ ուշադրության արժանացնի։ Չէ՞ որ վաղվա օրը ինչ-որ չափով կախված է նաեւ նրանց ժառանգներից։

ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4