«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2003-10-17 | #190, 2003-10-18 | #191, 2003-10-21


ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Թմրամոլությունը գլոբալ երեւույթ է։ Դրա ազդեցությունն առկա է ամենուր, թեպետ յուրաքանչյուր տարածաշրջանում թմրամոլության տարածվածության աստիճանն ու բնութագիրը տարբեր են։ Թմրամոլության աճի միտումներ են նկատվում ողջ աշխարհում, իսկ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հատկապես սկսել է տարածվել երիտասարդության շրջանում։

1998 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանի ժամանակ անդամ երկրներն ընդունեցին այն փաստը, որ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում թմրամիջոցների պահանջարկի նվազեցումը կարեւոր հենասյուն է։ Երկրները, հիմնվելով հռչակագրի վրա, պարտավորվեցին մինչեւ 2008 թ. զգալիորեն նվազեցնել թմրամիջոցների առաջարկն ու պահանջարկը։

Ինչպես նշված է թմրամիջոցների վերաբերյալ տեղեկատվության ազգային մոնիտորինգի կենտրոնի վերջին տեղեկագրում, ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական կենտրոնի տրամադրած տեղեկությունների համաձայն, 1995-2002 թթ. ընկած ժամանակահատվածում գրանցված թմրամոլների թիվը մշտապես նվազել է։ Սակայն 2002 թ.-ից ի վեր նկատվել է թեթեւակի աճ։

Հայաստանում թմրամոլների բուժում ստանալու ակտիվ պահանջ չի նկատվում, ու նրանց թիվը կտրուկ նվազել է։ Մեր փորձագետների կարծիքով, բուժվող անձանց փոքր թիվը բացատրվում է այն փաստով, որ թմրամոլները հիմնականում անտեղյակ են օրենքից եւ իրենց իրավունքներից, ուստի ձերբակալվելու մտավախություն ունեն եւ խուսափում են բուժման դիմելուց։ Հայաստանում չկան թմրամոլների ամբուլատոր բուժման ծառայություններ, բժիշկների կողմից առաջարկվող պրակտիկ բուժումներ, իսկ բանտերում չկան թմրամոլության դեմ նախատեսված բուժբաժիններ։ 2003 թ. 6 ամսվա ընթացքում պաշտոնապես գրանցվել է 197 թմրամոլ, որոնցից բուժված է 6-ը։ Գրանցվածների մեծամասնությունըՙ 261-ը, որ կանխարգելիչ դիտարկման է ենթարկվում, օգտագործում է հաշիշ տեսակի թմրամիջոց, այնուհետեւ ափիոնի խումբՙ 20, էֆեդրոնՙ 7 եւ այլն։

2003 թ. 6 ամսվա ընթացքում Հայաստանում ապօրինի շրջանառությունից հանվել են հետեւյալ թմրամիջոցները. մարիխուանաՙ 1727,46 (քանակը գրամով) (2002-ինՙ 3331,15), հաշիշՙ 44,42 (նախորդ տարվա 6 ամսվաՙ 41,7), կակաչի ծղոտՙ 27 (2002-ինՙ 3,4), ափիոնՙ 29,555 (2002-ինՙ 15,7), հերոինՙ 138,51 (2002-ինՙ 4,75), օմնոպոնՙ 0,18, էֆեդրոնՙ 0,368, ացետիլացված ափիոնՙ 0,45 եւ այլն։

Վերջին տարիների ընթացքում ապօրինի օգտագործման համար դատապարտված անձանց թիվը նվազել է։ Հանցագործության այս տեսակի մեջ կանանց ներգրավվածությունը 0 է, 14-17 տարեկաններ չեն գրանցվել, 18-24 տարեկանՙ 10, 25-29 տարեկանՙ 9, թիրախային հիմնական խումբը 30-49 տարեկան անձինք ենՙ 54։

ՀՀ-ում կառավարության կամ գիտահետազոտական որեւէ հաստատություն չի իրականացրել թմրամիջոցների տարածվածության հատուկ ուսումնասիրություն։ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնն անցկացրել է ՁԻԱՀ-ի տարածվածության երկու ուսումնասիրություն։ Երեւանում անցկացրած իրավիճակի գնահատմանը մասնակցել են 140 ներերակային թմրամոլներ, եւ պարզվել է, որ նրանց 14 տոկոսը ՁԻԱՀ վարակակիր է։ Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի եւ Վրաստանի վարակիչ հիվանդությունների, ՁԻԱՀ-ի կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի տրամադրած տեղեկությունների համաձայն, 2003 թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել են ՁԻԱՀ-ի հայտնաբերման դեպքեր. Հայաստանումՙ 14, Վրաստանումՙ 65, նրանցից ներերակային թմրամիջոց օգտագործողներ. Հայաստանումՙ 8, Վրաստանումՙ 42, կանայք. Հայաստանումՙ 0, Վրաստանումՙ 14, տղամարդիկ. Հայաստանՙ 14, Վրաստանՙ 49, բացահայտված դեպքեր. Երեւանումՙ 9, Թբիլիսիումՙ 23։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է 440 ՁԻԱՀ-ի դեպք։ Ենթադրվում է, որ իրականում 2000 դեպք է։

Ներկայումս Վրաստանում պաշտոնապես գրանցված է 18 հազար թմրամոլ եւ թմրամիջոց օգտագործող, սակայն մասնագետների հաշվարկով այս թիմը 8-10 անգամ ավելի կարող է լինել։ Համաձայն գնահատականների, Վրաստանում կան 150-180 հազար թմրամոլ եւ թմրամիջոց օգտագործող, որոնցից ներերակային ճանապարհով թմրամիջոց գործածողների թիվը մոտ 50-55 հազար է։ Պաշտոնապես գրանցված թմրամոլների մեծ մասն օգտագործում է ափիոն խմբի թմրամիջոց, 60-70 տոկոսըՙ հերոին եւ այլն։ Դեռահասների, ներառյալ աղջիկների շրջանում նկատվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի օգտագործման դեպքերի կտրուկ աճ, որն էլ պայմանավորված է այն փաստով, որ Վրաստանի կլիմայական պայմանները բարենպաստ են մարիխուանայի աճեցման համար, իսկ գյուղատնտեսական աշխատանքները թանկ չեն։

2003 թ. առաջին կիսամյակի ընթացքում Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը բացահայտել է թմրամոլության, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության 1243 հանցագործության դեպք 2002 թ. նույն ժամանակահատվածի 1335 հանցագործության դեպքի դիմաց։ Այդ ժամանակահատվածում ոչնչացվել է 61 տոննա 414 կգ ապօրինի աճեցված թմրամիջոցների կանաչ զանգված։ Առգրավվել է 41 կգ 465 գ տարբեր տեսակի թմրամիջոցՙ 2002 թ. առաջին կիսամյակի 32 կգ 253 դրամի դիմաց, մարիխուանաՙ 36,455,5, հաշիշՙ 804,98, ափիոնՙ 2984,8 գ, հերոինՙ 1218,3 գ եւ այլն։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված 889 անձանցից 4-ը մինչեւ 18 տարեկան են, 18-30 տարեկանՙ 229,30-ից բարձրՙ 656 մարդ։ Ըստ ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների, Ադրբեջանում քրեական պատասխանատվության ենթարկվածներից 889 անձանցից 258-ըՙ նախկինում դատվածներ, 20-ըՙ նախկինում թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ կատարելու համար գրանցված անձինք, իսկ 22-ն այլ երկրի քաղաքացի են։

Աշխարհում ամենատարածված թմրամիջոցներից մեկը կանեփն է։ Աշխարհի երկրների երեք քառորդում գերակշռում է հերոինի չարաշահումը, իսկ երկու երրորդումՙ կոկաինի չարաշահումը։ Թմրամիջոցների հետ կապված խնդիրներն առաջ են բերում հանցագործությունների եւ բռնությունների աճ, ՁԻԱՀ-ի եւ հեպատիտի ընկալունակություն եւ, հետեւաբար, բուժման անհրաժեշտություն։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4