ԵՐԵՎԱՆ. 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մովսես Խորենացու փողոցի թիվ 2 շուկայի դիմաց գտնվող մսի խանութներից մեկում հոկտեմբերի 16-ին Երեւանի քաղաքապետարանի «Անասնաբուժական սպասարկման կենտրոն» ՊՓԲ ընկերության մասնագետի փորձաքննությամբ հայտնաբերվել է սիբիրախտով վարակված միս, որը Երեւան է բերել Վարդենիսի շրջանի Լուսակունք գյուղի բնակիչ Պարգեւ Պետրոսյանը։ Դեպքի մասին հայտնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, որի հանրապետական լաբորատորիան եւս հաստատել է սիբիրախտի առկայությունը։ Փաստի մասին տեղեկացվել է նաեւ ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկը։
Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, միջոցառումներ են ձեռնարկվում վարակված կենդանու իրացված կաշին հայտնաբերելու։
Քաղաքապետարանում այսօր կայացած խորհրդակցությունում քաղաքապետ Երվանդ Զախարյանն, առանձնակի կարեւորելով մսի գիշերային առեւտրի վերահսկողությունը, հայտնել է, որ առաջիկայում մայրաքաղաքի առեւտրի եւ սպասարկման հարցն առանձին քննարկման առարկա կդառնա։