«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2003-10-17 | #190, 2003-10-18 | #191, 2003-10-21


ՅՈՒՆՈՇԵՎՅԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՙ ՈՒԶՈՒՆՅԱՆԱԿԱՆ ՄԵՐԺՈՒՄՆԵՐ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում եւ կարծես թե եզրափակմանն է մոտենում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը։ Մասնավորապես երեկ գրեթե ողջ դատական նիստի ընթացքում իր միջնորդություններով հեղեղեց Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը։

Նիստը սկսվեց տուժողի ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանի միջնորդությամբ ներկայացուցիչներ Արամազդ Զաքարյանին եւ Սուրեն Սուրենյանցին դատարան մտնելու թույլտվության մասին։ Դատավոր Ուզունյանը նշեց, որ Արամազդ Զաքարյանը եւ Սուրեն Սուրենյանցը թեեւ չեն կարող դատարանի դահլիճում շարունակել ներկայացնել իրենց վստահորդների շահերը, սակայն նրանք մնում են տուժողի ներկայացուցիչներ։ Որպեսզի տուժողները ներկայացված լինեն նաեւ դատարանում, պետք է ընտրվեն ուրիշ ներկայացուցիչներ։

Օլեգ Յունոշեւն իր միջնորդությունների շարքը սկսեց հետեւյալից։ Նախ նա նշեց, որ, համաձայն պտտվող խոսակցությունների, ներկայումս կրճատվել է քրեական գործն այն քննիչների վերաբերյալ, որոնց Նաիրի Հունանյանը եւ մյուս ամբաստանյալները մեղադրում էին իրենց նկատմամբ ֆիզիկական եւ բարոյական ճնշումներ գործադրելու մեջ։ Եթե քր. գործը կարճված է, ապա Յունոշեւը միջնորդեց դատարանին պահանջել գործի կարճման որոշումը։ Իսկ եթե կարճում չի եղել, ապա, ըստ միջնորդության, դատարան պիտի կանչվեն նշված քննիչները։

Մեղադրող Գագիկ Ավետիսյանը հայտնեց, որ օրենքն արգելում է հարցաքննել քննիչին կամ դատախազին։ Այս կապակցությամբ ամբաստանյալ Նաիրի Հունանյանն ավելացրեց, որ ասվածը չի վերաբերում այն դեպքերին, երբ կան չարաշահումներ եւ սխալներ։

Գագիկ Ավետիսյանը անդրադառնալով Յունոշեւի միջնորդությանը, կարծիք հայտնեց, թե Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչը որոշակի նպատակ է հետապնդում որոշակի միջնորդություն կատարելով։ Ավետիսյանն ավելացրեց նաեւ, որ նշված գործը կարճելու միտում գոյություն չունի։

Յունոշեւը, պատճառաբանելով իր միջնորդությունն ու նպատակը, ասաց, թե ցանկանում է պարզելՙ արդյոք ճշմարտացի՞ են նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները, թե ահաբեկչությանը մասնակցություն են ունեցել նաեւ Ալեքսան Հարությունյանը, Մուշեղ Մովսիսյանը եւ Նաիրի Բադալյանը։ Եթե առկա է եղել քննիչների ճնշում, ապա ենթադրվում է, որ նշված մարդկանց մասին ցուցմունքները ստիպողաբար կորզվել են ամբաստանյալներից։

Այս միջնորդության մերժումը լսելուց հետո Օլեգ Յունոշեւը ոտքի կանգնելով արեց հաջորդը։ Նա ներկայացրեց ՌԴ ՆԳՆ «Վիտյաս» հատուկ բանակի պահեստի սպաների ընկերակցության անդամ Վիկտոր Կուզովնիկովի փորձագիտական եզրակացությունը։ Կուզովնիկովը դիտել է տեսաերիզները եւ դրանց հիման վրա արել եզրակացություն։ Ըստ ռուսաստանցի փորձագետի, ահաբեկիչների գործողությունները եղել են կազմակերպված, ռազմական մասնագիտական բարձր պատրաստվածությամբ։ Ի դեպ, եզրակացության համաձայն, «կենդանի վահանի» մարտավարությունը կիրառվում է Իսրայելում եւ արաբական երկրներում։

Այս կապակցությամբ ամբաստանյալներն արձագանքեցին, թե որեւէ տեղ վերապատրաստում չեն անցել։ Իսկ ընդհանուր առմամբ եզրակացությանն անդրադառնալով, Յունոշեւը նշեց, թե եզրակացությունն ուղղակի ապացուցում է, որ Հունանյանի խումբը ղեկավարվել է դրսից։ Ընդ որում, դրսից ասելը նկատի ունի Ազգային ժողովի շենքից դուրս։ Միջնորդությունը մերժվեց, այսինքնՙ ռուս փորձագետի եզրակացությունը չդարձավ իրեղեն ապացույց։ Մերժումը դատավոր Սամվել Ուզունյանը պատճառաբանեց, որ եզրակացության մեջ նկարագրված են փաստերը, իսկ մնացածը ենթադրություններ են։

Յունոշեւի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր վերջին դռնփակ նիստի ժամանակ Նաիրի Հունանյանի տված ցուցմունքները հրապարակելուն։ Այս միջնորդությունն անգամ չքննարկվեց։

Թերեւս Յունոշեւից հետ չմնալու համար Լյովա Եղիազարյանը միջնորդեց դատարան հրավիրել Մանվել Բադեյանին եւ Գուրգեն Եղիազարյանինՙ Արմենակ Արմենակյանի սպանության դրվագով Խաչիկ Հովհաննիսյանի ցուցմունքների հետ հակասությունների կապակցությամբ։ Լսելով մերժումըՙ Եղիազարյանն արեց եւս մեկ միջնորդությունՙ քրեական գործում հիշատակվող ԱԱՆ աշխատակից ոմն Սերոբի ինքնությունը եւ ահաբեկչության հարցում դերակատարումը պարզելու վերաբերյալ։ Հետաքրքրական է, որ Լյովա Եղիազարյանը խոստովանեց, որ թերեւս իրավաբանորեն իր ձեւակերպումը ճիշտ չէ։ Նաիրի Հունանյանն էլ նշեց, որ Սերոբի մասին ժամանակին բացատրություններ տվել է։ Ինչեւէ, այս միջնորդությունը եւս մերժվեց։

Յունոշեւն, ի թիվս այլ միջնորդությունների, չմոռացավ միջնորդել նաեւ Ալեքսան Հարությունյանիՙ ահաբեկչությունից 1-2 օր անց պաշտպանության նախարարությունում ասածների ձայնագրության կապակցությամբ հարցաքննել Մանվել Գրիգորյանին եւ Աստվածատուր Պետրոսյանին։ Միջնորդությունը չդրվեց քննարկման։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4