«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2003-10-17 | #190, 2003-10-18 | #191, 2003-10-21


ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԵՐՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Տիգրան Նաղդալյանի սպանության դատավարությունը երեկ սկսվեց 1 ժամ ուշացումով։ Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Պաշտպանն իր ուշացման կապակցությամբ որեւէ կերպ չէր զգուշացրել դատարանին։

Արմեն Սարգսյանի պաշտպան Ամալյա Ավագյանը տեղեկացրեց, որ Եվրադատարանի հետ կապված քննություններ են հանձնվում, որոնց մասնակցում է նաեւ Զարուհի Փոստանջյանը։ Չնայած այս բացատրությանը, դատավոր Սարո Արամյանն ամեն դեպքում բացակայությունը հարգելի չհամարեց։ Ապա ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանից ճշտելով, թե արդյոք կարո՞ղ են շարունակել դատավարությունն առանց ամբաստանյալի պաշտպանի եւ դրական պատասխան ստանալով, դատավոր Արամյանը շարունակեց աշխատանքը։

Նախ դատարանը բավարարեց ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանին վերականգնելու միջնորդությունը։ Այնուհետեւ Սարգսյանի պաշտպան Ամալյա Ավագյանը հանդես եկավ երկու միջնորդություններով։ Առաջին միջնորդությամբ տկն Ավագյանը միջնորդեց դատարանի դահլիճից հեռացնել ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի (Ապերի) կնոջըՙ վկա Գայանե Մելքոնյանին, քանի որ դատաքննության այս փուլում դատարանը պիտի անցներ Արմեն Սարգսյանի բացակայությամբ դատարանի լսած ցուցմունքների արձանագրությանը։

Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր ամբաստանյալ Արմեն Սարգսյանի մյուս պաշտպանինՙ Հովիկ Արսենյանին։ Դատավոր Արամյանը թույլ չտվեց անգամ հրապարակել միջնորդությունն ամբողջությամբՙ պատճառաբանելով, որ այն վերաբերում է Հովիկ Արսենյանին։

Դատարանը մերժեց երկու միջնորդություններն էլ, որից հետո սկսեցին ամբաստանյալ Արմեն Սարգսյանի համար հրապարակել նրա բացակայությամբ ցուցմունք տված 6 ամբաստանյալների հարցաքննությունների արձանագրությունները։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4