«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2003-10-18 | #191, 2003-10-21 | #192, 2003-10-22


«ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՄՔ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»

Ասում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը

Երեկ ԱԳՆ մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտեի համատեղ ասուլիսը։

Ասուլիսի սկզբում ՀՀ արտգործնախարարը նշեց, որ սա պրն Տալվիտեի երրորդ այցելությունն է տարածաշրջան։ Այցելությունը տեղի է ունենում Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի շրջանակներում, դա հայկական կողմին տալիս է Բրյուսելում սկզբնավորված երկխոսությունը շարունակելու հնարավորություն։

ԵՄ-Հայաստան հարաբերություններում նախարար Օսկանյանն ընդգծեց հետեւյալ երեք հարցերի կարեւորությունը. 1. Հայաստանի, հատկապես Հարավային Կովկասի տեղն ու դերը Եվրամիությունում, 2. Ղարաբաղյան հակամարտությունը, 3. Հայաստանի հարաբերությունների կարգավորումը հարեւան երկրներիՙ առավելապես Թուրքիայի հետ։

Վերջում պրն Օսկանյանն ավելացրեց. «Այս հարցերը քննարկվել են պրն Հեյկի Տալվիտեի հետ հանդիպումներում։ Արդյունքներից գոհ ենք եւ հանդիպումները գնահատում ենք դրական»։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հատուկ գոհունակությամբ արձանագրեց Հայաստանում մահապատժի վերացումը եւ օրենսդրական այն փոփոխությունները, որոնք ՀՀ Ազգային ժողովի օրակարգում են։

Այնուհետեւ նա անդրադարձավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներին։ Ըստ նրա, վերջիններս օրենքների կատարելագործման պատրաստակամություն են հայտնել, որոնցից պրն Տալվիտեն առանձնացրեց հեռարձակման օրենքըՙ ընդգծելով կառավարության գործունեությունը վերահսկելու կարեւորությունը։

«Իմ ընդհանուր գնահատականն այն է, ասաց նա, որ Հայաստանում օրենքների կատարելագործման եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում դրական տեղաշարժեր են կատարվում»։

Ի պատասխան հայ լրագրողների հարցերի, Հեյկի Տալվիտեն նշեց, որ Արկադի Ղուկասյանը տարածաշրջանում կենտրոնական դեմք է, ապա եւ ավելացրեց. «Ես որպես ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում պետք է հանդիպեմ նրան եւ որքան շուտ այնքան լավ»։

Պրն Տալվիտեն անդրադարձավ Ադրբեջանի նախագահական ընտրություններին, ընդգծեց մինչ ընտրությունները կատարված քննադատությունների փաստը, շարունակելով. «Բայց եւ այնպես, կարծում եմ, որ այս ընտրությունները, ինչպես նաեւ Ադրբեջանում նոր նախագահի ընտրությունը, տարածաշրջանի համար խիստ կարեւոր են։ Հայաստանի նախագահը պետք է ի վիճակի լինի բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, նույնը վերաբերում է Ադրբեջանի նախագահին»։

Մամուլի ասուլիսում շոշափվեց նաեւ Հայկական ատոմակայանի հարցը։ ԵՄ-ի ներկայացուցիչը դրա առնչությամբ ասաց. «Ատոմակայանի փակման հարցը մեր օրակարգում է այսօր եւ օրակարգում է լինելու հետագայում»։

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4