ԳԱԱ լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտների շենքը Հայ եկեղեցուն հանձնելու ՀՀ կառավարության վերջերս ընդունած որոշումը, ինչպես նաեւ շենքը քանդելու հեռանկարը տարաբնույթ մեկնաբանությունների ու իրարամերժ մտածումների տեղիք են տվել։
Անշուշտ, ամեն մի երեւանցու Աբովյան փողոցը հարազատ ու սիրելի է։ Ու շատերի համար հարազատ անկյուն է նաեւ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկըՙ եզրագծված տուֆակերտ շենքով։ Բայց եթե երեւանցի երիտասարդ ու միջին սերնդին մանկուց ի վեր այս անկյունը պատկերվում է ներկայիս տեսքով, ապա նույն անկյունը մեկ այլ տեսքով է դրոշմված հնաբնակների մտապատկերում. փոքրիկ պուրակՙ կենտրոնում Սբ. Կաթողիկե եկեղեցին։ Ու թերեւս ոչ բոլորին է հայտնի, որ այսօր էլ կանգուն է Երեւանի հնագույն մատուռըՙ 13-րդ դարի Սբ. Աստվածածինը, բոլորի աչքից հեռուՙ համեստորեն պարփակված երկթեւանի շենքով։ Այս մասին է զրույցը վաստակավոր ճարտարապետ եւ հնաբնակ երեւանցի, 94-ամյա Վարազդատ Հարությունյանի հետ։
- Պրն Հարությունյան, դուք այն սերնդից եք, որ ապրել եք հին Երեւանում ու ականատեսն եք եղել նաեւ նոր Երեւանի կառուցմանը։ Երկար տարիներ աշխատել եք նաեւ իբրեւ պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ։ Ի՞նչ կարող եք պատմել Սբ. Կաթողիկեի եւ այն ժամանակվա Երեւանի մասին։
¬ Երեւանի բոլոր հին եկեղեցիները, որ գործում են այսօր, կառուցվել են 1679թ. մեծ երկրաշարժից հետո, այսինքնՙ 17-րդ դարի 90-ականներին, որովհետեւ ավերիչ երկրաշարժին զոհ էին գնացել բոլոր եղածները։ Սակայն բացառություն է կազմում Կաթողիկե եկեղեցին։ Դա էլ հետո պարզվեց։ Եկեղեցին գտնվում էր Երեւանի կենտրոնական մասումՙ Գետառից աջ, Շահար կոչված թաղում։ Մեծ եկեղեցի էր եւ դուրս էր գալիս երեսով դեպի Աբովյան փողոցըՙ շրջափակված փոքրիկ պուրակով։ Դեռեւս այն ժամանակ մի քանի գիտնականներՙ Երվանդ Շահազիզը, Կարո Ղաֆադարյանը, կարծիք ունեին, որ եկեղեցին կարող է ավելի հին լինել։ Իսկ Թորամանյանը մի տեղ ասում է. «Ատոր գմբեթը հին կերեւա»։ Նրանք բոլորն այս եկեղեցին թվագրում էին 13-րդ դար։ Եվ զարմանալիորեն նրանց վարկածը ճիշտ դուրս եկավ, երբ 1936-ին սկսեցին քանդել Սբ. Կաթողիկեի գավիթը։
- 30-ական թվականներին Երեւանի կենտրոնում քանդվել են մի քանի եկեղեցիներ, իսկ պահպանվածները «թաքցվել» են այլ շինությունների բակերում։ Ինչպե՞ս հաջողվեց փրկել այս մատուռը։
¬ Գիտեք, որ ժամանակին Երեւանի քաղաքաշինության զոհասեղանին դրվեցին մի քանի եկեղեցիներ։ Խոսքը վերաբերում է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուն, որը գտնվում էր ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում, այնուհետեւ Գեթսեմանի մատուռը, որը օպերային թատրոնի շենքի տեղում էրՙ մի փոքր առաջ, Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, որ կարող էր չքանդվել, որովհետեւ եկեղեցու միայն զանգակատունը մնում էր կարմիր գծից դուրսՙ այսինքն միայն այս մասով էր խանգարում Ամիրյան փողոցի կառուցմանը, եւ ի վերջոՙ Սբ. Կաթողիկեն։ Կրոնահալած ժամանակներ էին, եւ երբ սկսվեց կառուցապատվել Աբովյան փողոցի մայրուղին, որոշվեց այդ եկեղեցին եւս քանդել ու տեղում դպրոցի շենք կառուցել, ուր եւ հետագայումՙ 1943-ին, տեղափոխվեցին ակադեմիայի լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտները։ Սբ. Կաթողիկեն քանդելու մասին քաղաքային խորհրդի որոշումից հետո այն ժամանակվա Հնությունների պահպանության կոմիտենՙ քանդելու աշխատանքներին հետեւելու նպատակով ստեղծում է հանձնաժողովՙ Կարո Ղաֆադարյանի գլխավորությամբ։ Քանդելու ընթացքում պարզվում է, որ եկեղեցու ավագ խորանն առանձին եկեղեցի է, որին ավելի ուշ, հավանաբար 1679-ի երկրաշարժից հետո, կցվել է Սբ. Կաթողիկեի գավիթը։ Անմիջապես կառավարության առաջ քանդման աշխատանքները դադարեցնելու հարց է բարձրացվում, եւ քաղխորհուրդն էլ հանրապետության ղեկավար մարմինների համաձայնությամբ որոշում է Կաթողիկեի նորահայտ եկեղեցին իբրեւ պատմական մեծարժեք կոթող պահպանել տեղում։ Այսպես պահպանվում է Սբ. Կաթողիկեի ավագ խորանի մասը, որ փաստորեն առանձին եկեղեցի էր։ Եվ ինչն է հետաքրքրական։ Հաստատվում է գիտնականների վարկածը։ Հյուսիսային պատի արձանագրությունները վկայում են, որ եկեղեցին կառուցել է անեցի մեկըՙ 1264թ.։ Պահպանվել են նաեւ այլ արձանագրություններ, ինչպես նաեւ պատերի մեջ տեղադրված բազմաթիվ խաչքարեր։ Ի դեպ, հնամենի այս եկեղեցին արձանագրության մեջ կոչվել է ոչ թե Կաթողիկե, այլՙ Սբ. Աստվածածին։ Իսկ Սբ.Կաթողիկեն մատուռի շուրջ կառուցված եկեղեցին էր։ Հետագայում, երբ զարկ տրվեց դպրոցաշինությանը, 1938 թվին կառուցվեց լեզվի ինստիտուտի ներկայիս շենքը, որի հետեւում եւ մնաց փոքրիկ մատուռը։
- Այսօր դրված է լեզվի ինստիտուտի շենքը քանդելու հարցըՙ միջնադարյան մատուռը կրկին ի տես բոլորի ներկայացնելու համար։ Որպես հին երեւանցի, վաստակավոր գիտնական, Ձեզ ինչպե՞ս է առավել հարազատ պատկերվում այդ անկյունըՙ բացված եկեղեցո՞ւ, թե՞ ներկայիս տեսքով։
¬ Բացված եկեղեցու տեսքով։ Այդպես է եղել։ Ի դեպ, լեզվի ինստիտուտի շենքը քանդելու հարցը նորություն չէ։ Այն բարձրացվել է դեռ խորհրդային տարիներին, անգամ Չորեքչյան կաթողիկոսի գահակալության ընթացքում, երբ վերաբերմունքը կրոնի ու եկեղեցու հանդեպ փոքր-ինչ մեղմացել էր։ Բացի այդ, շենքի մոտիկությունը հուշարձանին, ես չափել եմ, 6-7 մ է, միշտ էլ անհանգստացրել է մասնագետներին։ Այս ընթացքում միշտ եղել են առաջարկություններ տարբեր ճարտարապետների կողմիցՙ բաց անել եկեղեցին ու որպես զարդ թողնել խաչմերուկի անկյունում։ Երկար տարիներ լինելով պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնի վարիչ, մենք նույնիսկ դիպլոմային նախագծեր ենք արել այս թեմայով։ Սակայն տարբեր պատճառներով եղած առաջարկներին ընթացք չի տրվել։ Իսկ հիմա, երբ հնարավորություն է ստեղծվել իրագործելու վաղեմի ծրագիրը, ես ողջունում եմ, իհարկե։ Երեւանի միակ միջնադարյան մատուռն իր հորինվածքով, ծավալատարածական գեղեցիկ պատկերով կդառնա այդ անկյան զարդը ու դուրս կգա իր թաքնված տեղից։ Սակայն մինչեւ շենքին ձեռք տալը պետք է ամբողջությամբ լուծվի լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտների շենքային հարցը։
- Հայտնի է, որ Վեհափառ հայրապետը Արարատյան հայրապետական թեմումՙ մասնավորապես Երեւանում, վեհարան կառուցելու մտադրություն ունի։ Հայտարարվել է նաեւ, որ վեհարանը կառուցվելու է Սբ. Կաթողիկեի հարեւանությամբ։ Մինչդեռ որոշ լրատվական միջոցներ չափազանց խիստ գնահատականներ տվեցին այս նախաձեռնությանըՙ ընդհանրապես անհարիր նկատելով երկրորդ վեհարանի կառուցումը մայրաքաղաքում։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։
¬ Ժամանակին Երեւանում վեհարան կառուցելու մտադրություն ուներ նաեւ Գեւորգ Չորեքչյան կաթողիկոսը։ Անգամ այն ժամանակ, պատերազմից անմիջապես հետո, քաղաքի կենտրոնումՙ Մոսկովյան փողոցի դիմաց (ներկայիս «Առագաստ» սրճարանի ու նրան հարող լճակի տեղում) իշխանությունների թույլտվությամբ դրվեցին Վեհարանի շենքի հիմքերը։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանն էրՙ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին։ Կառուցվեց վեհարանի առաջին հարկը, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով ընդհատվեց շինարարությունը, իսկ Վեհափառը հրաժարվեց իր մտադրությունից։ Այսօր, եթե Վեհափառը կամենում է վեհարան կառուցել այդ մասում, դա նույնիսկ կզարդարի տարածքը։ Պետք է տեսնել միայն ինչ տարածություն է բացվում, որպեսզի ընտրվի համապատասխան նախագիծ։
Հարցազրույցըՙ ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ